Դավիթ Տոնոյանն ասել է, որ ազատւթյան մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլիներ - Mediamax.am

1110 դիտում

Դավիթ Տոնոյանն ասել է, որ ազատւթյան մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլիներ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ «ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի եւ համեստորեն կփորձեի կառուցողական աջակցություն ցուցաբերել նրանց»:

168.am-ին տված հարցազրույցում Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, ասել է.

 

«ՀՀ վարչապետի ելույթներից եւ վերջին հարցազրույցում հնչեցրած դիրքորոշումներից հետո, որոշակի պատկերացում ունենալով իր որոշումների կայացման ալգորիթմներից, ինչպես նաեւ Արցախի աններելի հայաթափումից հետո, ներքին համոզմունք ունեմ, որ գործադիրը քաղաքական լեգիտիմություն եւ բարոյական իրավունք չունի մայիսի 15-ից հետո ՀՀ Զինված ուժերին հրաման իջեցնելու ռազմավարական նշանակություն ունեցող «հայ-վրաց-ադրբեջանական կամ հարավկովկասյան աշխարհագրական հանգույցում» քառակուսի կիլոմետրեր հանձնելու համար: Այդ քառակուսի կիլոմետրերը գտնվում են մեր Զինված ուժերի թիկունքում, եւ դրանց հանձնումն Ադրբեջանին «ուսումնազատված փորձնական-նախնական-պիլոտային» սահմանի դիմաց ՀՀ անվտանգության ապահովման եւ պաշտպանության կազմակերպման համար ոչ թե ռիսկ է պարունակում, այլ անմիջական սպառնալիք է:

 

Համոզված եմ՝ ԶՈՒ ցանկացած տեղաշարժ կարելի է թույլատրելի համարել միայն ու միայն հայ-ադրբեջանական մոտ 1000 կմ երկարությամբ ամբողջական սահմանի «սահմանազատման եւ սահմանագծման» սկզբունքների համաձայնեցումից եւ երկու երկրների խորհրդարաններում վերոհիշյալ սկզբունքների վավերացումից հետո:

 

ՀՀ-ում այդ քայլին գնալու լեգիտիմություն կունենա միայն նորընտիր ԱԺ-ն, որն առնվազն վստահության քվե կունենա ժողովրդի կողմից: Վստահություն անվտանգության եւ պաշտպանության ոլորտում որոշումների կայացման համար, որն այս պահին, իմ համոզմամբ, չկա:

 

Ի դեպ, չեմ կասկածում, որ ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը մինչ ԱԺ-ում վերոհիշյալ գործընթացների ավարտը: Տարածաշրջանային դերակատարներից կան, որ իրենց հայտարարություններում չեն անդրադաձել զորքերի հետքաշման հարցին, թերեւս, հասկանում են, որ ՀՀ ԶՈՒ դիրքերում տեղակայված մնալը միակ երաշխիքն է` վերոհիշյալ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի շարունակականության ապահովման համար: Հակառակ դեպքում՝ խաբված կմնա ոչ միայն կառավարության ղեկավարը, այլեւ ամբողջ հայ ժողովուրդը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին