Թանգարանների միջազգային օրվա առցանց ծրագիրն ու անակնկալները - Mediamax.am

exclusive
2967 դիտում

Թանգարանների միջազգային օրվա առցանց ծրագիրն ու անակնկալները


Մարտիրոս Սարյան. Թագավորը դստեր հետ: Հեքիաթ, 1904
Մարտիրոս Սարյան. Թագավորը դստեր հետ: Հեքիաթ, 1904

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան


Թանգարանները միջազգային օրը՝ մայիսի 18-ը, այս տարի նշում են փակ դռներով: Բայց շատերն արվեստասերների հետ հանդիպման այլընտրանքային ճանապարհներ են գտել:

 

Հայաստանի եւ Արցախի 62 թանգարաններ ամբողջ օրվա ընթացքում առաջարկում են առցանց ծրագրեր՝ ցուցահանդեսներ, ինտերակտիվ խաղեր, ֆիլմերի դիտումներ: Դրանց միացել է նաեւ ԿԳՄՍ նախարարությունը՝ «Թանգարանային անկյուն» նախաձեռնությամբ:

 

«Թանգարանների առցանց հետեւորդներին առաջարկում ենք տանը ստեղծել իրենց թանգարանային անկյունը՝ ցանկացած խորագրով ու ձեւաչափով. կարող են էքսկուրսիաներ, կրթական ծրագրեր անել: Դրանք պետք է տեսագրեն ու ուղարկեն իրենց սիրելի թանգարանին: Մայիսի 18-ին՝ ամբողջ օրվա ընթացքում, թանգարաններն իրենց ֆեյսբուքի էջում կհրապարակեն այդ տեսագրությունները: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր նախաձեռնություն է, որը հնարավորություն կտա բացահայտելու նոր, յուրահատուկ թանգարաններ, նոր նախաձեռնությունների առիթ կդառնա»,- ասում է ԿԳՄՍ նախարարության թանգարանների ոլորտի գլխավոր մասնագետ Ժաննա Մանուկյանը:

 

«Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն եւ ներառականություն» խորագրով միջոցառումներին մասնակցում են Հայաստանի եւ Արցախի թանգարանների մի մասը միայն: Հատկապես մարզային թանգարաններն իրենց տոնն այս տարի չեն նշի անգամ առցանց հարթակում: 

 

«Մարզային թանգարանների պակաս ներգրավվածությունը պայմանավորված է առցանց հարթակում միջոցառումների իրականացման համար սակավ ռեսուրսներով: Երեւանյան մի շարք թանգարանների համեմատ՝ այստեղ աշխատողները քիչ են, աշխատանքն այլ կերպ է բաշխված: Մարզերերում կան թանգարաններ, որտեղ ընդամենը 1-2 հոգի ունի համակարգչով աշխատելու հնարավորություն, տիրապետում է այդ ծրագրերին»,- ասում է Ժաննա Մանուկյանը:

 

Եթե համաճարակային իրավիճակը մեղմվի, բոլոր թանգարանները, անկախ գտնվելու վայրից, այցելուների առջեւ դռները կբացեն նոյեմբերին: «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումների ծրագիրը, որն ավանդաբար անցկացվում է Թանգարանների միջազգային օրվան նախորդող շաբաթ օրը, այս տարի կնշվի նոյեմբերին:

 

Մարտիրոս Սարյանի  «կենդանացած»  նկարներն ու «Ալմաստ»  օպերայի էսքիզները

 

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն այս տարի կարեւոր իրադարձության էր պատրաստվում. նախատեսել էին ցուցադրել «Ալմաստ» օպերայի 1939 թվականի բեմադրության համար Մարտիրոս Սարյանի բեմանկարներն ու էսքիզները: Տուն-թանգարանի եւ ընտանեկան հավաքածուի նմուշներից բացի 28 աշխատանք էլ վերցրել էին Հայաստանի ազգային պատկերասրահից։

 

Քանի որ թանգարանների դռներն արդեն երկու ամիս է՝ փակ են եւ հայտնի էլ չէ, թե երբ կբացվեն, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը որոշեց վիրտուալ ցուցադրություն կազմակերպել: Բացումը մայիսի 18-ին է՝ թանգարանի ֆեյսբուքի էջում:

 

«Ցուցադրությունը նկարված է հատուկ ծրագրով, եւ պատրանք է ստեղծվում, որ քայլում ես, մոտենում այս կամ այն ցուցանմուշին: Եթե սեղմես ցուցանմուշներին, դրանց մասին եռալեզու տեղեկություններ են հայտնվում: Զուգահեռ կհնչեն դրվագներ «Ալմաստ» օպերայից»,- ասում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանը: 

 

Թանգարանը միացել է նաեւ ԿԳՄՍ նախարարության «Թանգարանային անկյուն» նախաձեռնությանը: Տեսագրել ու ֆեյսբուքի էջում ներկայացնելու են Ավետիք Իսահակյանի ընտանիքի բնակարանը, որտեղ արժեքավոր ու հետաքրքիր նմուշներ են պահվում: 

 

Վերջին շրջանում տարածված նախաձեռնություն է՝ մարդիկ կերպարանափոխվում են՝ դառնալով որեւէ հայտնի կտավի բնորդ։ Այս սկզբունքով՝ տուն-թանգարանի աշխատակիցներն այսօր «կենդանացնելու» են Սարյանի երկու հայտնի նկար:

 

Նոր կայք, վավերագրական ֆիլմ ու փոստային բացիկների ցուցադրություն

 

Չորս տարվա դադարից հետո Ռուսական արվեստի թանգարանն արվեստասերներին ներկայացնում է նոր եռալեզու կայքը՝ www.rusartmuseum.am։ Նախորդ տարի թանգարանը «Ռոստելեկոմ»-ի հավատարիմ բաժանորդներին թանգարանի տոմսեր էր նվիրել, ընկերությունն էլ օգնել է թանգարանին նոր կայք ստեղծել։ 

 

«Ժամը 18:00-ին մեր ֆեյսբուքի էջում ներկայացնելու ենք «Փոստային բացիկ. ժամանակի վկան» վիրտուալ ցուցահանդես-տեսահոլովակը։ Մեր թանգարանի փոստային բացիկների հավաքածուն ներկայացնող փոքրիկ ցուցահանդես է, որը հետագայում կյանքի կկոչենք թանգարանային տարածքում:

 

Իսկ ժամը 21:00-ին կցուցադրենք «Սրտի թելադրանքով» վավերագրական ֆիլմը՝ նվիրված մեր թանգարանի հիմնադրման 40-ամյակին։ Ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես պրոֆեսոր Արամ Աբրահամյանը մոսկովյան իր տան հավաքածուն փաթեթավորում, ուղարկում է Հայաստան, որտեղ բացվում է Ռուսական արվեստի թանգարանը»,- ասում թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը։

 

Մասնակցել մրցույթների ու ներկայացում դիտել

 

Նրանք, ովքեր երբեւէ այցելել են Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան ու լուսանկարվել այստեղ, կարող են մասնակցել «Ես՝ թանգարանում» մրցույթին։ Ամբողջ օրվա ընթացքում թանգարանի ֆեյսբուքի էջում կտեղադրվեն այցելուների՝ թանգարանում արված լուսանկարները։ Հետո հանձնաժողովը կընտրի լավագույն լուսանկարն ու կպարգեւատրի հեղինակին։ 

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

Մի խաղ-մրցույթ էլ նվիրված է Մարկոս Գրիգորյանի գորգանկարներին (Մարկոս Գրիգորյանի Միջին Արեւելքի թանգարանը գործում է Գրականության եւ արվեստի թանգարանի տարածքում -հեղ.)։ Մրցույթի մասնակիցները պետք է արագ հավաքեն փազլը՝ նրա գորգերի պատկերներով։ 

 

«Թատրոնների հետ համագործակցության  մեծ փորձ ունենք, հատկապես՝ «Հեքիաթներ» տիկնիկային թատրոնի: Այսօր երեկոյան ժամը 19-ին թատրոնի դերասանները, իրենց տիկնիկներով, շրջելու են թանգարանով, պատմելու են ցուցանմուշների մասին, եւ վերջում ներկայացնելու են Թումանյանի «Ծիտը» հեքիաթը»,- ասում է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը։

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

Տոնին միացել են նաեւ թանգարանի հինգ մասնաճյուղերը։ Հովհաննես Թումանյանի Դսեղի եւ Ակսել Բակունցի Գորիսի տուն-թանգարաններն իրենց ծրագրերը ներկայացնելու են Հանրային հեռուստաընկերության եթերում՝ ժամը 19:00-ին։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին