Ռուսաստան-Իրան ռազմավարական գործընկերության հետևանքները Հայաստանի համար - Mediamax.am

Ռուսաստան-Իրան ռազմավարական գործընկերության հետևանքները Հայաստանի համար
7229 դիտում

Ռուսաստան-Իրան ռազմավարական գործընկերության հետևանքները Հայաստանի համար


Ռուսաստանն ու Իրանը 2025 թվականի հունվարին պաշտոնապես ամրապնդեցին երկարաժամկետ ռազմավարական գործընկերությունը՝ ստորագրելով Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր 20 տարի ժամկետով: Այս համաձայնագիրն ամրապնդում է Մոսկվայի և Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունները։ Երկկողմ համաձայնագրում Հարավային Կովկասին վերաբերող մի քանի դրույթներ ընդգծում են տարածաշրջանային դինամիկայի խորքային հետևանքները, մասնավորապես` Հայաստանի համար, որը պետք է նավարկի դաշինքների և մրցակցությունների բարդ ցանցում՝ պատմականորեն վիճահարույց տարածաշրջանում։

Ռուս-իրանական համաձայնագիրն ընդգծում է տնտեսության և անվտանգության ոլորտում համագործակցության կարևորությունը, հատկապես այն պատճառով, որ երկու երկրներն էլ ձգտում են շրջանցել արևմտյան պատժամիջոցները: Հաշվի առնելով, որ Հարավային Կովկասը դառնում է այլընտրանքային առևտրային ուղիների և ռազմական համագործակցության կենտրոն, Հայաստանը պետք է դիրքավորվի այս փոփոխվող դինամիկայում, որպեսզի հաստատի իր ռազմավարական կարևորությունը և հավասարակշռի փոխգործակցությունն ինչպես արևմտյան, այնպես էլ տարածաշրջանային գործընկերների հետ: Նման հավասարակշռող գործողության շնորհիվ Հայաստանը կկարողանա ավելի լավ ամրապնդել իր դիրքը Հարավային Կովկասի փոփոխվող աշխարհաքաղաքական լանդշաֆտում։

Տարածաշրջանային հարթություն. Հարավային Կովկասը որպես ռազմավարական զարկերակ և շահերի գոտի

Ռուսաստանի և Իրանի ռազմավարական գործընկերությունը զգալի հետևանքներ ունի Հարավային Կովկասի համար, հատկապես տնտեսական, էներգետիկ և քաղաքական ոլորտներում:

Մոսկվայի և Թեհրանի համար Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի շուկա մուտք գործելու և մեկուսացումը նվազեցնելու համար՝ տարածաշրջանային անկայունությունը դարձնելով էական սպառնալիք: Նրանց ներդրումները, որոնք ներկայացված են ստորև, արտացոլում են այս առևտրային ուղիների ապահովման ամուր հանձնառությունը: Այս խորացող համագործակցությունը և՛ հնարավորություններ, և՛ մարտահրավերներ է ներկայացնում Հայաստանի, Ադրբեջանի և հարևան պետությունների համար։

Համաձայնագրի 4-րդ հոդվածում ընդգծվում է, որ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը (ՀՀՄՏՄ) առանցքային տեղ է զբաղեցնում իրենց ծրագրերում՝ Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով կապելով Պարսից ծոցին: Սակայն, Իրանի հյուսիսում գտնվող Ռեշտ-Աստարա 162 կիլոմետրանոց երկաթուղու շինարարության ավարտը, որն այն կապում է Ռուսաստանին Ադրբեջանով, նախկինի պես վճռորոշ նշանակություն ունի նրանց համար: Ռուսաստանը զգալի ռեսուրսներ է հատկացրել այս նախագծի համար, այդ թվում՝ 2023 թվականին 1,3 միլիարդ եվրոյի վարկ և 2024 թվականին բարձր մակարդակի դիվանագիտական ջանքեր՝ դրա ավարտն ապահովելու նպատակով։  

Ռուսաստան-Իրան համաձայնագրում շեշտադրվում են «անարգել» փոխադրումները, սակայն տեխնիկական և լոգիստիկ մարտահրավերները դեռևս մնում են առկա: Խոչընդոտներից մեկը վերաբերում է Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության ավարտին մինչև 2028 թվականը, իսկ երկրորդը՝ Ռուսաստանի 1,520 մմ տրամաչափի երկաթուղու համատեղելիության ապահովումը Իրանի 1,435 մմ եվրոպական ստանդարտին, այդ թվում՝ երթուղու որոշ հատվածների էլեկտրաֆիկացումը։ Էներգետիկայի ոլորտում Ռուսաստանն ու Իրանը վերջնականապես համաձայնեցրել են Ադրբեջանով անցնող գազատարի երթուղին, որի նախնական թողունակությունը կազմելու է տարեկան 2 միլիարդ խորանարդ մետր՝ հետագայում ընդլայնվելով մինչև 55 միլիարդի, առանց հստակ ժամանակացույց նշելու։ Այս գազատարը կօգնի հյուսիսային Իրանին գազ մատակարարել իր հարավային պաշարներից և կարող է հնարավորություն ստեղծել, որպեսզի ռուսական գազը հասնի հնդկական շուկա վերականգնված «Խաղաղության գազատարով»։ Վերջինս վերագործարկվեց 2024 թվականին՝ տարիների ձգձգումներից հետո։ Նախատեսվող 55 միլիարդ խորանարդ մետր թողունակությամբ այս գազատարը կարող է կապել ռուսական էներգետիկ ռեսուրսները Հարավային Ասիայի հետ՝ միաժամանակ ուժեղացնելով Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը։

Համաձայնագրի 12-րդ հոդվածը երկու հիմնական պարտավորություն է սահմանում։ Նախ, Ռուսաստանն ու Իրանը խոստանում են ամրապնդել անվտանգությունը Հարավային Կովկասում, սակայն սա հիմնականում մնում է տեսական հարթությունում, առանց որևէ հստակ գործողությունների հայտարարման։ Տարբերություններ դեռևս առկա են, հատկապես տրանսպորտային հաղորդակցությունների հարցում, սակայն անվտանգության շուրջ պաշտոնական երկխոսությունը կարող է համագործակցության հիմք ստեղծել: Երկրորդը՝ հոդվածը նպատակ ունի կանխելու արտաքին միջամտությունը Հարավային Կովկասում՝ հակազդելով ապակայունացնող երրորդ ուժերի ներկայությանը։ Սա համահունչ է Ռուսաստանի նպատակին՝ սահմանափակելու Արևմտյան ազդեցությունը, և Իրանի ձգտմանը՝ նվազեցնելու Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում։ Երկու երկրներն էլ առանձին-առանձին աջակցում են «3+3» տարածաշրջանային ձևաչափին՝ Արևմուտքին Հարավային Կովկասի դիվանագիտությունից բացառելու նպատակով։ Այնուամենայնիվ, մինչ Ռուսաստանը քննադատում էր ԵՄ առաքելությունը Հայաստանում, Իրանը նման հայտարարություններ չի արել։  Հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգության նկատմամբ նրանց մոտեցումների տարբերությունները՝ տվյալ հոդվածը կարող է աշխարհաքաղաքական ապագա հարցերի լարվածության աղբյուր հանդիսանալ։

Հետևանքները Հայաստանի համար

Ռուսաստանի և Իրանի միջև նոր համաձայնագիրը երկու կարևոր հետևանքներ ունի Հայաստանի համար։  

Առաջին հերթին, Մոսկվայի և Թեհրանի մոտեցումը Հարավային Կովկասում Արևմտյան ազդեցության նկատմամբ մնում է կարևոր գործոն Երևանի զարգացող արտաքին քաղաքականության համար։ 2025 թվականի հունվարին Հայաստանը ստորագրեց Ռազմավարական գործընկերության կանոնադրություն Միացյալ Նահանգների հետ։ Ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ նախատեսվում է ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության խմբի տեղակայում Հայաստանում։ Սակայն, հաշվի առնելով Թրամփի վարչակազմի կողմից դաշնային ֆինանսավորման կրճատումը պետական կառույցների համար, այս տեղակայումը մնում է անորոշ։ Նման պայմաններում Ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման հստակ ժամկետները դեռևս անհայտ են, ինչը հարցեր է առաջացնում երկկողմ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։

Չնայած Ռուսաստանը պատմականորեն դեմ է եղել Արևմուտքի ներգրավվածությանը տարածաշրջանում, վերջին դիվանագիտական փոփոխությունները, այդ թվում՝ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հնարավոր ջերմացումը, ավելի են բարդացնում իրավիճակը։ Միևնույն ժամանակ, Իրանի դիրքորոշումն Արևմտյան ներկայության վերաբերյալ դարձել է ավելի պրագմատիկ, հատկապես, երբ դա համահունչ է նրա շահերին Իրան-Հայաստան համագործակցության և տարածաշրջանային կայունության հարցերում։ Այս պայմաններում Հայաստանի սպասվող նոր գործընկերության օրակարգի ստորագրումը Եվրամիության հետ կարող է մեծ ուշադրություն գրավել, սակայն միևնույն ժամանակ արտացոլում է Երևանի ռազմավարությունը՝ դիվերսիֆիկացնելու իր արտաքին կապերը։

Հայաստանը պետք է հստակ ձևակերպի իր արտաքին քաղաքականության նպատակները և հիմնավորի իր ներգրավվածությունը տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարների հետ՝ հաղթահարելու անորոշությունները և մեղմելու լարվածությունը։ Մոտեցումներից մեկը կարող է լինել Հայաստանի մասնակցությունը «3+3» տարածաշրջանային ձևաչափին, ինչը ցույց կտա նրա պատրաստակամությունը՝ Ռուսաստանի և Իրանի հետ երկխոսելու անվտանգային և տնտեսական հարցերի շուրջ,՝միաժամանակ պահպանելով իր ավելի լայն գործընկերային հարաբերությունները։ «3+3» ձևաչափով տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման քննարկումը կարող է օգուտ բերել Երևանին, քանի որ Իրանը կիսում է Հայաստանի մոտեցումն այս հարցում։  Դա կարող է ամրապնդել Հայաստանի բանակցային դիրքը։  Միևնույն ժամանակ, Մոսկվան և Թեհրանը պետք է հստակեցնեն, թե ինչ են հասկանում «միջամտություն և ապակայունացնող ներկայություն» ասելով: Հարավային Կովկասում միակ պաշտոնական ոչ տարածաշրջանային «ներկայությունը» ԵՄ դիտորդական առաքելությունն է, որը Վրաստանում տեղակայված է 2008 թվականից, իսկ մյուսը՝ Հայաստանում՝ 2023 թվականից։ Ռուսաստանը հանդուրժել է Վրաստանում տեղակայված առաքելությունը, մինչդեռ  սուր քննադատության է ենթարկել առաքելությունը Հայաստանում։ Բացի այդ, համաձայնագիրը կարող է նաև անդրադառնալ Ադրբեջանում Իսրայելի դերին՝  հաշվի առնելով Իրանի երկարատև մտահոգությունները Իսրայել-Ադրբեջան անվտանգության համագործակցության ուղղությամբ։  

Համաձայնագրի՝ հաղորդակցությունների նախագծերի վրա շեշտադրումն իր ազդեցությունն ունի նաև Հայաստանի՝ որպես Ռուսաստանի և Իրանի միջև տարանցիկ պետության դերի վրա: Ադրբեջանը ներկայումս գրեթե մենաշնորհ ունի տարածաշրջանային տարանցման հարցում, քանի որ հիմնական ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, երկաթուղիներ, գազատարներ և էլեկտրաէներգիայի միջանցքներ, կա՛մ անցնում են, կա՛մ նախատեսվում են անցնել նրա տարածքով: Բաքուն, ոչ թե Երևանը, հանդիսանում է այն հիմնական հանգույցը, որը կապում է Ռուսաստանը Իրանի և Հնդկաստանի հետ՝ Ռեշտ-Աստարա երկաթուղու և «Խաղաղության գազատարի» միջոցով։ Հայաստանը պետք է ակտիվորեն ձգտի ներգրավվել տարածաշրջանային հաղորդակցությունների նախագծերում՝ հետագա մարգինալացումից խուսափելու նպատակով։

Տարբերակներից մեկն այն է, որ դիրքավորվենք որպես կենսունակ այլընտրանք Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Հաշվի առնելով Ադրբեջանի տարածքով տարանցիկ երթուղիների չափազանց մեծ կենտրոնացման ռիսկերը՝ Հայաստանը կարող է լրացուցիչ երթուղի առաջարկել Վրաստանով։  Օրինակ, այն դեպքում, երբ միջանցքի երկաթուղային բաղադրիչը կարող է անցնել Ադրբեջանի տարածքով, նրա ավտոմոբիլային կամ օդային միջանցքը կարող է անցկացվել Հայաստանի և Վրաստանի տարածքով, ինչպես նախատեսված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Մեկ այլ չլուծված հարց է, թե ինչպես են Ռուսաստանն ու Իրանն իրենց էներգացանցերը միացնելու Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջոցով։ Այս հարցում Հայաստանը կարող է օգտագործել իր Եվրասիական տնտեսական միության անդամության կարգավիճակը՝ նպաստելու ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորմանը և հետագայում դիտորդ երկրների, այդ թվում՝ Իրանի, ինտեգրմանը։

Սերգեյ Մելքոնյանը պատմական գիտությունների թեկնածու է, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին