«Ավրորա»-ի նախագահ է դարձել Թոմ Քաթինան - Mediamax.am

3485 դիտում

«Ավրորա»-ի նախագահ է դարձել Թոմ Քաթինան


Թոմ Քաթինան
Թոմ Քաթինան

Լուսանկարը` Ավրորա


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ է դարձել ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինան:

Նշանակման մասին ազդարարվել է Բեռլինում անցկացվող Aurora Dialogues քննարկումների ընթացքում։ 

 

 

Թոմ Քաթինայի գործունեության շրջանակը ներառում է ոլորտի կարեւորագույն ներկայացուցիչների ներգրավումը, աշխատանքն աշխարհասփյուռ գործընկերների հետ, «Ավրորայի» կրթական եւ հանրային իրազեկման նախագծերի ղեկավարումը՝ ներառյալ միջազգային ճանաչում ունեցող «Ավրորա» մրցանակը։ 

 

2017թ․ մայիսին բժիշկ Քաթինան «Ավրորա» մրցանակի դափնեկիր հռչակվեց՝ Նուբա լեռներում իր անձնուրաց աշխատանքի համար։ 

 

«Մենք շատ ուրախ ենք ողջունել նախաձեռնության առաջին նախագահին։ Թոմ Քաթինան իրապես մարմնավորում է «Ավրորայի» ոգին, որն առաջ մղելու շարժիչ ուժը կլինի՝ օգնելով հասցնել մեր մարդասիրական առաքելությունը դրա կարիքն ունեցողներին եւ երախտագիտություն հայտնել նրանց, ովքեր դրական փոփոխություն են բերում։ Հաճելի է, որ 2017թ․ «Ավրորա» մրցանակի  դափնեկիրն այս կազմակերպության առաջին նախագահն է»,- ասված է «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրների համատեղ հայտարարությունում։   

 

«Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։ Ես երախտապարտ եմ այն ազդեցության համար, որ «Ավրորա» մրցանակն ունեցավ իմ կյանքում, ինչպես նաեւ «Գթության մայր» հիվանդանոցին տրամադրված ֆինանսական աջակցության համար. այն Սուդանում օգնեց փոխակերպել Նուբայի ժողովրդի կյանքը։ Ես հավատում եմ այսօրվա կարեւորագույն մարտահրավերներին ուղղված մարդասիրության պարզ, բայց հզոր ուժին եւ իմ նոր դերում հավատարիմ կմնամ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարին՝ սատարելով «Ավրորային» օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր կարիք ունեն սեփական ապագան ստեղծելու»,- ասել է Թոմ Քաթինան:

 

«Ավրորայի» ղեկավար թիմում եւս մեկ փոփոխություն է կատարվել. նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն է նշանակվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին