Փաշինյան. «Հայաստանը բոլորիս ընդհանուր ինքնությունն ու երազանքն է» - Mediamax.am

5644 դիտում

Փաշինյան. «Հայաստանը բոլորիս ընդհանուր ինքնությունն ու երազանքն է»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին Փարիզում ելույթներ է ունեցել Փարիզի քաղաքապետարանում եւ ֆրանսահայերի հետ հանդիպման ժամանակ:

Հատվածներ ենք ներկայացնում այդ ելույթներից:

 

Ֆրանսիայի հրապարակի, Ֆրանսիական հեղափոխության եւ պատմական զուգահեռների մասին

 

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն, ըստ էության, սկսվեց Ֆրանսիայի հրապարակից, որի կենտրոնում տեղադրված է Ռոդենի գլուխգործոցներից մեկը, որը Ֆրանսիան նվիրել է Հայաստանին:

 

Ամեն անգամ ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում՝ հիշում էի այն բոլոր պատմությունները, որ կապված են աշխարհում տեղի ունեցած տարբեր հեղափոխությունների հետ: Ինձ հաշիվ էի տալիս, թե ինչքան մեծ առաջընթաց են բերել մարդկությանը տարբեր հեղափոխությունները, բայց միեւնույն ժամանակ՝ ինչքան մեծ տառապանքներ են բերել դրանք:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Ֆրանսիական հեղափոխության եւ բոլոր հեղափոխությունների պատմությունը վերհիշելով` շատ հստակ խնդիր ձեւակերպվեց մեր առաջ` անել այնպիսի հեղափոխություն, որը կբերի առաջընթացի, փոփոխությունների, նոր հնարավորությունների եւ կբացառի մարդկանց տառապանք բերելու նոր ալիք:

 

Եվ մեզ հաջողվեց իրականացնել սիրո եւ համերաշխության հեղափոխություն, անել հեղափոխություն հանուն քաղաքացիների երջանկության, ազատության ու առանց որեւէ մեկին տառապանք պատճառելու:

 

Հայաստանի եւ Սփյուռքի, քաղաքացիության եւ անձնագրի մասին

 

Անկախության տարիներից ի վեր բանավեճը միշտ եղել է, թե ինչպիսին են Հայաստանի եւ սփյուռքի հարաբերությունները, ովքեր են Հայաստանում ապրողները եւ ովքեր Հայաստանից դուրս ապրողները:

 

Ի վերջո, երկար դեգերումներից հետո մենք հասել ենք մի կետի, որտեղ Հայաստանի վարչապետն աշխարհի ցանկացած տեղում, դիմելով իր հայրենակիցներին, կարող է վստահորեն ասել. «սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ», որովհետեւ քաղաքացիությունն անձնագիր չէ, կեցություն չէ, հաշվառման հասցե չէ:

 

Քաղաքացիությունը գիտակցություն է ու զգացողություն, եւ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ողջ հայությանը միավորեց միության եւ քաղաքացիական գիտակցության շուրջ: Հասկացանք, որ բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, անկախ նրանից` ապրում ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից` ծնվել ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից, երբեւէ կվերադառնանք Հայաստան, թե` ոչ:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Հայաստանը բոլորիս ընդհանուր ինքնությունն է, Հայաստանը բոլորիս ծննդավայրն է եւ բոլորիս բնակավայրն է, բոլորիս հայրենիքը, բոլորիս երազանքը, բոլորիս նպատակն է եւ բոլորիս հաղթանակը: Սա մի հաղթանակ է, որ կերտել ենք միասին, որը պետք է փայփայենք եւ վայելենք միասին»:

 

Երազելու եւ երազանքներն իրականացնելու մասին

 

Կար ժողովուրդ, որը չէր հավատում իր ուժերին, ապագային, եւ այլեւս կա ժողովուրդ, որ հավատում է իր ուժերին, ապագային եւ այդ ժողովուրդն այլեւս անշրջելիորեն հաղթանակած է:

 

Կա երազելու եւ երազանքներն իրականացնելու ժամանակը: Մի քանի ամիս առաջ մենք ապրեցինք երազելու ժամանակը եւ հիմա ապրում ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակ: Ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան:

 

Եկել է ժամանակը, որ մենք ուս ուսի տված, կողք կողքի կանգնած ազգովի միասին իրականացնենք այն երազանքները, որ երազել ենք հազարամյակներով: Մենք այլեւս մի ժողովուրդ ենք, որը կանգնում է ոտքի, ուղղում մեջքը եւ քայլում դեպի երազանքների իրականացում:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Հայրենադարձության մասին

 

Հայաստանից դուրս գտնվող յուրաքանչյուր ընտանիքում անընդհատ այդ թեման պետք է հնչի: Կապ չունի՝ ներկաներից քանիսը երբ կվերադառնան, եթե վերադառնան՝ շատ լավ, եթե նրանց երեխաները վերադառնան՝ շատ լավ, եթե երեխաները չէ, թոռները վերադառնան՝ լավ, կարեւորը՝ ձեւակերպվի, որ ամեն հայի նպատակն ի վերջո Հայաստան վերադարձն է: Եվ այդ վերադարձի գաղափարը պետք  է լինի մեր ինքնության, երեխաների դաստիարակության մի մասը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին