IDeA-ի աջակցությամբ սեպտեմբերի 15-ին Մաքրության օր կանցկացվի - Mediamax.am

4415 դիտում

IDeA-ի աջակցությամբ սեպտեմբերի 15-ին Մաքրության օր կանցկացվի


Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 15-ին ամբողջ Հայաստանում մարդիկ կհավաքվեն՝ իրենց երկիրն աշխարհում ամենականաչը դարձնելու համար:

Նախաձեռնությունն իրականացվում է Համաշխարհային մաքրության օր (World Cleanup Day) միջազգային շարժման շրջանակում, որին մասնակցում է 150 երկիր։

 

Հայաստանում Համաշխարհային մաքրության օրը նախաձեռնել է IDeA հիմնադրամի կամավորների մի խումբ։ Շարժմանը պաշտոնապես միացել է 10 000 մարդ, որը հաստատված մասնակիցների ամենամեծ թիվն է բոլոր երկրների շրջանում, թեեւ Հայաստանը վերջերս է միացել շարժմանը։

 

Հայաստանյան կազմակերպիչները ցանկանում են կազմակերպել աշխարհում ամենամեծ ակցիան։ 

 

IDeA-ն պատասխանել է նախաձեռնության հետ կապված հաճախ հնչող հարցերին: 

 

Ինչպե՞ս է դա լինելու

 

Ակցիան տեղի է ունենալու սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը։ Տվյալ պահին բոլոր տարածաշրջաններում կան կամավորական խմբեր, որոնք մաքրելու են որոշակի կետեր։ Նշված թիմերով քարտեզը հրապարակվելու է cleanuparmenia.org

կայքում հաջորդ շաբաթվա ընթացքում։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ առկա խմբերին, սեփական թիմի համար տարածք ընտրել, կամ էլ պարզապես դուրս գալ եւ մաքրել իրեն տան բակը եւ փողոցը։ 

 

Ամբողջ երկիրը կարող է առցանց հետեւել գործընթացին. կազմակերպիչներն իրենց էջերում տեղադրելու են մասնակիցների լուսանկարները. պետք է միայն հրապարակում անել, նշել մաքրած տարածքը եւ դնել #cleanuparmenia հեշթեգը։ 

 

Ընդամենը մեկ օ՞ր. մի՞թե աղբը նորից չի հայտնվի

 

Ամեն ինչ կախված է մեզանից։ Կազմակերպիչները հույս ունեն, որ արդեն հինգ տարի անց նման ակցիաների կարիք չի լինի, քանի որ շարժման հիմնական նպատակն է ձեւավորել նոր մշակութային էկոսովորություններ, նոր մտածելակերպ եւ ցույց տալ, թե ինչպես է կարելի ապրել էկոլոգիապես ճիշտ։ Նախաձեռնությունը չի ավարտվում մեկ ակցիայով՝ մշակվելու են հետագա համակարգային քայլեր։ 

 

Արդեն այսօր մեր համաքաղաքացիները սովորում են ապրել նոր ձեւով. սոցիալական ցանցերում մեկնարկել է #գրազ #ibetican (i bet i can – գրազ գանք՝ ես կարող եմ) գրազ չելենջ, որի շրջանակում մարդիկ գրազ են գալիս միմյանց հետ, որ կարող են հրաժարվել շրջակա միջավայրին վնասող սովորություններից։ Պարտվողը մեկ դոլար է նվիրաբերում Հայաստանում էկոմիջավայրի զարգացմանը։ 

 

Մի՞թե առանց ինձ չեն կարող մաքրել

 

Կմաքրեն, բայց ոչ ամեն ինչ եւ ոչ ամենուր։ Ցավոք, աղբը չափազանց շատ է. մեկ օրում մեկ անձն արտադրում է միջինը 1-ից 1,5 կիլոգրամ աղբ։ Ամենամեծ վտանգը ներկայացնում է պլաստիկը, որը շատ է տարածված Հայաստանի փողոցներում։ Այն քայքայվում է 500-ից 750 տարի՝ այդ ամբողջ ընթացքում թունավորելով հողը, օդը, ջուրը, սպանելով կենդանիներին եւ վարակելով մեր սնունդը։ Հայտնի է, որ գրեթե յուրաքանչյուր աղի տուփի մեջ կարելի է գտնել միկրոպլաստիկի մասնիկներ, որոնք նստվածք են տալիս մեր օրգանիզմում։ 

 

Իսկ այլ վայրում պլաստիկը չի՞ քայքայվելու

 

Ո՛չ։ Պլաստիկ շշերը, որոնք հավաքվելու են World Cleanup Day Armenia-ի շրջանակում, փոխանցվելու են Cleanland գործարանին՝ վերամշակման համար։ Վերամշակումից հետո պլաստիկից կարելի է ստանալ շինանյութ, հագուստ (20 փոքր շշից կարելի է մեկ շապիկ արտադրել) եւ նոր տարա։ 

 

Էլ ո՞վ է մասնակցում

 

Իրենց մասնակցությունը հաստատել են Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչները։ Շարժման նախաձեռնողն է IDeA  հիմնադրամը, գործընկերներ են ՀՀ բնապահպանության նախարարությունը, WWF-ը, ATP-ն, ISSD-ն, Apaga-ն, Ucar-ը, Proper Company-ն, Cleanland-ը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, Vega-ն, Coca-Cola-ն, Ամերիաբանկը, Beeline-ը եւ 100 այլ հիմնադրամներ, ընկերություններ ու կազմակերպություններ։ 

 

Ինչպե՞ս կարող եմ միանալ Մաքրության միջազգային օրվան 

 

Հաջորդ շաբաթ նախագծի կայքում՝ cleanuparmenia.org կտեղադրվի քարտեզ, որի վրա նշված կլինեն այն տարածքները, որոնց կցված են թիմեր եւ որտեղից հեռացվելու է աղբը։ Եթե դուք ունեք 30-հոգանոց կամ ավելի մեծ թիմ, այդ մասին կարող եք հայտնել կազմակերպիչներին lets@cleanuparmenia.org էլեկտրոնային հասցեով, եւ ձեր տարածքը կետի տեսքով կավելանա քարտեզի վրա։ 

 

Եթե դուք չունեք մեծ թիմ, ապա կարող եք ձեր ընտանիքի եւ ընկերների հետ դուրս գալ փողոց եւ մաքրել ձեր բակը, փողոցը, իսկ աղբով ու պլաստիկե շշերով տոպրակները տանել այնտեղ, որտեղ թիմեր են աշխատում, քանի որ այնտեղից աղբը հեռացվելու է։

 

Ակցիայի ավարտին բոլոր մասնակիցները սելֆի են անելու իրենց թիմի հետ մաքրած փողոցների ֆոնին եւ լուսանկարները տեղադրելու են #cleanuparmenia հեշթեգի ներքո, իսկ կազմակերպիչները հավաքելու են բոլոր լուսանկարները եւ ցույց են տալու ամբողջ Հայաստանին։ 

 

Ինչո՞ւ է սա ինձ պետք

 

World Cleanup Day շարժման մեջ ամենակարեւորը սեփական դիրքորոշումը շրջակա միջավայրի պաշտպանության նկատմամբ ցուցադրելն է։ Նույնիսկ եթե մենք անձամբ աղբ չենք թափում որտեղ պատահի, բայց հանգիստ անցնում ենք տարերային  աղբանոցների եւ օդում թռչող տոպրակների կողքով, դա նշանակում է, որ մենք ընդունում ենք իրավիճակը եւ գոհ ենք ամեն ինչից։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին