Սեւանում բացվել է ներառական առագաստանավային կենտրոն - Mediamax.am

4041 դիտում

Սեւանում բացվել է ներառական առագաստանավային կենտրոն


Լուսանկարը` Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիա

Լուսանկարը` Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիա

Լուսանկարը` Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիա

Լուսանկարը` Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիա


Երեւան: Մեդիամաքս: Սեւանա լճի ափին բացվել է ներառական առագաստանավային կենտրոն։

Այն կգործի Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում, Armenian Camp ճամբարի տարածքում։

 

Կենտրոնում հասանելի են ջրային ներառական վարժանքների մի քանի տեսակներ՛ առագաստային սպորտ, թիավարում, ֆրիդայվինգ, ներառական զբոսանավային շրջագայություն։ Կենտրոնն ապահովված է դեպի ջուրը տանող հատուկ ուղիներով՝ թեքահարթակներով, հարմարեցված նավամատույցով, սայլակով տեղաշարժվող անձանց լողալու համար հարմարեցված լողասայլակներով, ինչպես նաեւ հատուկ շեզլոնգներով ու հանդերձարանով։ Այդ ամենը՝ առողջության սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց հարմարավետության համար։

 

Նախագիծն իրականացվել է Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիայի կողմից՝ «Սպիտակ ձեռնափայտ» անկախ ոչ առեւտրային կազմակերպության (Ռուսաստան) հետ համատեղ, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի եւ Երեւանի գիտության ու կրթության ռուսաստանյան կենտրոնի աջակցությամբ:

 

Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը երկար տարիներ պարապմունքներ է անցկացնում հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ:

 

«Մենք աշխատում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ, որոնցից շատերը զբաղվում են ջրային տարբեր մարզաձեւերով եւ, ընդհանուր առմամբ, ապրում են ակտիվ կյանքով: Նրանց համար շատ կարեւոր է ինքնուրույն հասնել ջրին, զգեստափոխվել, լողալ եւ արեւայրուք ընդունել: Կենտրոնը հատուկ սարքերի ու ենթակառուցվածքների   շնորհիվ տրամադրում է նման հնարավորություն», - ասել է նա:

 

«Ռուսատոմ Սերվիս» ընկերության նախագծերի կառավարման տնօրենի տեղակալ, Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ռուսաստանյան կողմի ղեկավար Վլադիմիր Բրեդովն ասել է.

 

«Ռոսատոմի առանցքային արժեքը եւ գլխավոր կապիտալը՝ Մարդն է։ Ընկերությունը ոչ միայն զարգացնում եւ ներդնում է նոր տեխնոլոգիաներ, Ընկերությունը նպաստում է էներգիայի ստեղծմանը։ Մեզ համար չափազանց կարեւոր եւ հոգեհարազատ են այն նախագծերը, որոնք ի զորու են ստեղծել ամենաարժեքավոր էներգիան՝ կյանքի էներգիան։ Այդ իսկ պատճառով Ռոսատոմն աջակցում է մարդկանց կյանքի որակը բարձրացնող նախագծերին։ Դրանցից մեկն է «Ոգու առագաստներ» միջազգային զբոսանավային շրջագայությունը,  որին մասնակցում են հաշմանդամություն ունեցող եւ առողջ մարդիկ։ Անցյալ տարի Հայկական Ճամբարը դարձել է բազային հարթակ շրջագայության Հայաստանյան փուլի համար։ Ուրախ եմ, որ այստեղ նախագիծն իր շարունակությունն է ստացել, ճամբարը դարձել է եզակի կենտրոն, որը միավորելու է մարդկանց, ստեղծելու է նոր արժեքներ, հաղորդելու է նոր իմաստ եւ մեկնարկ է հաղորդելու նոր նախագծերին։ Մեծ պատիվ է աջակցել Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիային եւ բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով նպաստել են ներառական առագաստանավային կենտրոնի ստեղծմանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին