exclusive
4914 դիտում

«Շիրակ» օդանավակայան՝ վիրավոր «թռչունը»


Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից


Հասարակությունը ոգեւորությամբ ընդունեց մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի որոշումը, որը կառավարությանը կառաջարկի երեւանյան 7 կառույցներին շնորհել հուշարձանի կարգավիճակ, ինչն անհնար կդարձնի դրանց քանդումը, իսկ հնարավոր ձեւափոխությունները պետք է պարտադիր համաձայնեցվեն մշակույթի նախարարության հետ: 


Անշուշտ, լավ է, որ սայլը տեղից շարժվում է, եւ հույս կա փրկել խորհրդային տարիների հայկական ճարտարապետության այն նմուշները, որոնք դեռ կանգուն են մնացել:

Բայց խնդիրը համակարգային է ու վերաբերում է ոչ միայն մայրաքաղաքին:

Վերջերս եզակի ճարտարապետական կառույցի ձեւափոխման փորձ է կատարվել Գյումրիում: Խոսքը «Շիրակ» օդանավակայանի մասին է, որը նախագծվել է 1978-1979 թվականներին ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանի, Ռուբեն Հասրաթյանի, Լեւոն Խրիստաֆորյանի եւ ինժեներ-կոնստրուկտորներ Էդուարդ Թոսունյանի եւ Վլադիմիր Թադեւոսյանի կողմից (բոլորը՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտ):

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից


Գուրգեն Մուշեղյանը մեզ հետ զրույցում ասել է, որ «Շիրակ» օդանավակայանի նախագիծն արժանացել է ԽՍՀՄ երիտասարդ ճարտարապետների միութենական մրցանակին, ներկայացված է ճարտարապետությանը նվիրված միջազգային հանդեսներում։

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից


1982 թվականին կառուցված օդանավակայանը ներկայացված է տրանսպորտային ենթակառույցներին նվիրված հեղինակավոր ֆրանսիական հանդեսում՝ 10 օդանավակայանների շարքում՝ Բեռլինի, Դալասի, Սան-Ֆրանցիսկոյի, Աբու-Դաբիի օդանավակայանների հետ:

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից


«Շիրակ»-ը ներկայացված է 2012 թվականին նոյեմբերին Վիեննայում հրատարակված «Խորհրդային մոդեռնիզմ 1955-1991 թթ. Անհայտ պատմություններ» գրքում:


Նախագծին բարձր գնահատական է տվել ԽՍՀՄ վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակակիր Ֆելիքս Նովիկովը:  


2002 թ. հուլիսին ՀՀ կառավարության եւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջեւ կոնցեսիոն կառավարման մասին պայմանագրով «Արմենիա միջազգային օդանավակայաններ» (ԱՄՕ) ընկերությունը կառավարում է ոչ միայն Երեւանի «Զվարթնոց», այլեւ «Շիրակ» օդանավակայանը:

Որոշ ժամանակ առաջ Գուրգեն Մուշեղյանը տեղեկացել է, որ «Շիրակ» օդանավակայանի տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել: Գյումրի այցելելուց եւ տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո նա պարզել է, որ շինարարական աշխատանքներն անօրինական են:

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից


Նախ, դրանք սկսվել են ոչ թե լիարժեք նախագծի, այլ նույնիսկ էսքիզային նախագիծ կոչվելու իրավունք չունեցող մի փաստաթղթի հիման վրա, որը ճարտարապետ Միքայել Հասրաթյանի (Ռուբեն Հասրաթյանի որդին) խոսքով` որեւէ իրավական ուժ չունեցող թղթերի հավաքածու է: Սակայն, չնայած դրան, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը գրավոր հավանություն է տվել նախագծին, որից հետո ԱՄՕ-ն սկսել է աշխատանքներ իրականացնել՝ չունենալով շինթույլտվություն:

Միքայել Հասրաթյանն ասում է, որ «Շիրակ»-ը հատուկ կարգավիճակ ունեցող կառույց է, ու տեղական իշխանությունները նախագիծ հաստատելու որեւէ լիազորություն եւ իրավունք չունեն, դա կարող է անել միայն կառավարական հանձնաժողովը:

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից


Գուրգեն Մուշեղյանը հավելում է, որ «այսպես կոչված նախագիծը որեւէ փորձագիտության չի ենթարկվել» եւ արձանագրում է, որ գործ ենք ունեցել «անօրինականությունների մի ամբողջ շարանի հետ»:

Միքայել Հասրաթյանի խոսքով, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի միջամտությունից հետո Գյումրիի քաղաքապետարանը կանգնեցրել է շինարարական աշխատանքները: Սակայն ճարտարապետները պնդում են, որ կառույցին արդեն իսկ բավական մեծ վնաս է հասցվել:


Իրականացվել են կոնստրուկտիվ փոփոխություններ, որոնք վտանգում են շինության կայունությունը, որն, ի դեպ, չի վնասվել 1988 թվականի երկրաշարժից: Վնաս է հասցվել նաեւ ինտերիերին՝ ուղեւորների սպասարկման սրահում սկսել են պատ կառուցել, որն աղավաղում է հեղինակների մտահղացումը: Սկսվել է նաեւ կցակառույցի շինարարությունը, ինչը խախտում է շինության նախնական տեսքը: ԱՄՕ-ն նաեւ փոխել է շենքի տանիքի ծածկը՝ աղավաղելով շենքի կերպարը, եւ սա եւս կատարվել է առանց հեղինակների համաձայնության:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը վերակառուցման խնդիրը պատճառաբանում է ուղեւորների հոսքերի ավելացմամբ, մաքսային եւ անցագրային վերահսկողության կետեր ունենալու անհրաժեշտությամբ:


Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը մեզ տեղեկացրեց, որ հանդիպել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի ղեկավարության հետ եւ պայմանավորվածություն է ձեռք բերել այն մասին, որ ընկերությունը կներկայացնի օդանավակայանի զարգացման ծրագիր, իսկ շենքի հեղինակները կփորձեն մշակել ընդլայնման հայեցակարգ, որը չի հակասի կառույցի ճարտարապետական եւ ինժեներական տրամաբանությանը, կպահպանի վերջինիս ծավալատարածական հորինվածքը:

Գուրգեն Մուշեղյանն ասում է, որ մի քանի ամիս առաջ մշակույթի նախարարությանն առաջարկել էր «Շիրակ» օդանավակայանն ընդգրկել հուշարձան շենքերի ցուցակում, սակայն հարցն այդպես էլ իր լուծումը չէր ստացել:

Լուսանկարը` Գուրգեն Մուշեղյանի արխիվից


Միքայել Հասրաթյանն էլ շեշտում է, որ խոսքը միայն «Շիրակ» օդանավակայանի մասին չէ: «Մենք պետք է վերջապես հասկանանք, որ եթե այսօր կանգ չառնենք ու սկզբունքորեն չփոխենք մեր վերաբերմունքը պատմաճարտարապետական ժառանգության հանդեպ, ապա 10-20 տարի հետո մեր երկրում ճարտարապետական արժեք ունեցող որեւէ կառույց չի մնա»,- ասում է նա:

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am