Վիենայում Հայաստանը ներկայացել է որպես «Սովետական մոդեռնիզմի» եզակի խորհրդանիշ - Mediamax.am

10157 դիտում

Վիենայում Հայաստանը ներկայացել է որպես «Սովետական մոդեռնիզմի» եզակի խորհրդանիշ


Ցուցահանդեսի  «Սովետական մոդեռնիզմ» պարբերականի շապիկին Հայաստանի գրողների միության Սեւանի հանգստյան տունն է
Ցուցահանդեսի «Սովետական մոդեռնիզմ» պարբերականի շապիկին Հայաստանի գրողների միության Սեւանի հանգստյան տունն է

Լուսանկարը` http://www.scheidegger-spiess.ch

Լուսանկարը` http://archidialog.com

Լուսանկարը` http://www.metalocus.es

Լուսանկարը` http://www.metalocus.es

Լուսանկարը` http://polychroniadis.tumblr.com

Լուսանկարը` http://www.azw.at

Լուսանկարը` http://www.azw.at


Երեւան: Մեդիամաքս: Ս.թ. նոյեմբերին Վիեննայի Ճարտարապետական կենտրոնում բացվել է «Խորհրդային մոդեռնիզմ 1955-1991 թթ. Անհայտ պատմություններ» ցուցահանդեսը` նվիրված խորհրդային ճարտարապետության մեջ մոդեռնիստական միտումների արտահայտմանը:

Ցուցահանդեսին հաջորդել է Վիեննայի 19-րդ Ճարտարապետական Կոնգրեսը` նախկին խորհրդային հանրապետությունների ճարտարապետների պատվիրակությունների մասնակցությամբ:

 

Կոնգրեսին Հայաստանի վերաբերյալ ուսումնասիրությունները ներկայացրել է արվեստի քննադատ-համադրող Ռուբեն Արեւշատյանը, որը հետազոտական աշխատանքները սկսել է դեռ 2004 թվականից: 

 

Ճարտարապետների միությունում այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռուբեն Արեւշատյանն ասել է, որ Ճարտարապետական կոնգրեսում Հայաստանը ներկայացել է որպես «Սովետական մոդեռնիզմի» եզակի խորհրդանիշ:

 

Նրա խոսքերով, Հայաստանի պատվիրակությունն ունեցել է ամենամեծ տաղավարներից մեկը եւ ներկայացված է եղել 30 ճարտարապետական օբյեկտներով` Կասկադի եւ Ծիծեռնակաբերդի համալիրներ, Մարզահամերգային համալիր, Առագաստ սրճարան, Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճ, Սուդուկյան թատրոն, Ռոսիա կինոթատրոն, Հրազդան մարզադաշտ, Լենինականի դրամատիկական թատրոն, Սարդարապատի ազգագրության թանգարան եւ այլն:

 

«Ցուցահանդեսի արդյունքում հրատարակվեց «Սովետական մոդեռնիզմ» կատալոգը, որի շապիկին ճարտարապետ Գեւորգ Քոչարի նախագծով խորհրդային տարիներին կառուցված Հայաստանի գրողների միության Սեւանի հանգստյան տունն է, որը մեր երկրում դեռեւս ընդգրկված չէ պատմական հուշարձանների ցուցակում»,-ասել է Ռուբեն Արեւշատյանը:

 

Կոնգրեսի արդյունքում ընդունվել է բանաձեւ, որն ուղղված  է առաջին հերթին նախկին խորհրդային պետությունների իշխանություններին, ինչպես նաեւ ԵՄ համապատասխան կառույցներին, ՅՈՒՆԵՍԿՈ-ին եւ ICOMOS-ին` խորհրդային  մոդեռնիզմի նմուշները պահպանելու, առանց ձեւափոխությունների վերականգնելու եւ պատմական հուշարձանների շարքում ընդգրկելու նպատակով:

 

«Խորհրդային միության փլուզմանը հաջորդեց սովետական ժառանգության թերարժեւորումը, ինչը հանգեցրեց  մշակութային մեծ աղետի: Առաջին հերթին դա բացասաբար անդրադարձավ ճարտարապետական կոթողների վրա: Այդ տարիներին կառուցված շենքերը ինտենսիվ կերպով սկսեցին կորցնել իրենց կերպարանքը: Բազմաթիվ շինություններ պարզապես ոչնչացվեցին: Դրա լավագույն օրինակը Երիտասարդության պալատն էր, որն անգութ կերպով քանդվեց: Այն ոչ միայն Խորհրդային Հայաստանի եզակի ճարտարապետական խորհրդանիշ էր, այլ նաեւ խորհրդային միության մոդեռնիստական ճարտարապետության բացառիկ արտացոլում», - ասել է Ռուբեն Արեւշատյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին