34 տարի առաջ եւ այսօր. Ֆելիքս Նովիկովը՝ «Զվարթնոցի» մասին - Mediamax.am

exclusive
3539 դիտում

34 տարի առաջ եւ այսօր. Ֆելիքս Նովիկովը՝ «Զվարթնոցի» մասին


Ֆելիքս Նովիկովը
Ֆելիքս Նովիկովը

Լուսանկարը` archi.ru

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


ԽՍՀՄ վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակակիր Ֆելիքս Նովիկովը «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի պահպանման կողմնակիցն է: 

 

1982թ.-ին, երբ «Զվարթնոցի» օդանավակայանն առաջադրվեց ԽՍՀՄ պետական պարգեւի, Ֆելիքս Նովիկովն այցելեց Հայաստան եւ «Լիտերատուրնայա գազետայում» տպագրեց կառույցի վերաբերյալ իր գրախոսականը:

 

Այժմ ԱՄՆ-ում բնակվող ճարտարապետին Մեդիամաքսը խնդրեց մեկնաբանել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի էստակադան ապամոնտաժելու՝ Երեւանի քաղաքային իշխանության որոշումը: Ֆելիքս Նովիկովը նշել է, որ շենքի պահպանման հետեւում մի շարք հարցեր կան, որոնցից ամենակարեւորը հետագա օգտագործումն է, քանի որ ամրացնելուց հետո դատարկ մնալու դեպքում այն նորից կհայտնվի նույն վիճակում:

Լուսանկարը` Photolure

«Ես այդ կառույցը տեսել եմ 1982թ.-ին, երբ վերջին անգամ Երեւանում էի: Իհարկե, կարելի է նայել լուսանկարներին՝ խնդիրը պատկերացնելու համար, բայց ինձ դժվար է իրավիճակին գնահատական տալ: Խելամիտ խոսք ասելու համար հարկավոր է պարզապես տեսնել շինությունը, շրջել տարածքում, հասկանալ՝ ինչն ինչպես կարելի է անել: Այսպես ինձ դժվար է պատասխանել, դրանք նաեւ ինժեներական խնդիրներ են, որոնք շատ դժվար է հեռակա գնահատել»,- ասել է ճարտարապետը:

 

Ինչ վերաբերում է միջազգային փորձին, Ֆելիքս Նովիկովն օրինակ է բերել Նյու Յորքի գլխավոր օդանավակայանը, որտեղ 1950-ական թվականների վերջի 60-ականների սկզբի կառույցի պահպանման խնդիր էր առաջացել:

 

«Այդ կառույցը շատ ավելի փոքր է, քան Երեւանի օդանավակայանը: Դա կոնկրետ ավիաընկերության պատկանող շինություն էր: Արդյունքում հաջողվեց պահպանվել, բայց սա մասնավոր դեպք է»,- ասել է նա:

 

Խոսելով կառույցի ճարտարապետական նշանակության մասին, Ֆելիքս Նովիկովն ասել է, որ «Լիտերատուրնայա գազետայում»  տպագրված «Հնչեղ անուն՝ Զվարթնոց» հոդվածում արտահայտել է իր կարծիքը, որն այժմ անփոփոխ է: Հոդվածում նա շեշտել է շենքի եզակի ճարտարապետական կերպարը:

 

 

Մեդիամաքսը թարգմանաբար ներկայացնում է մի հատված՝ 1982թ.-ին Ֆելիքս Նովիկովի գրած հոդվածից.

 

«Շենքը 200 մետր շառավիղով հրաբխային խառնարան է հիշեցնում. օղակաձեւ բակ՝ տրանսպորտային հանգույցներով եւ կառույցն ամբողջացնող սնկաձեւ ռեստորանով, որից երեւում է Արարատյան դաշտավայրը:

 

Ես հաճախ համոզվում եմ՝ կլորավուն կառույցը մեխանիկական տեսք է ունենում, սակայն այս դեպքում դա հաղթահարված է կառույցի բազմաշերտության շնորհիվ: Այստեղ միավորվում են ժամանակակից ֆունկցիոնալությունը, կառույցն ու ճարտարապետական կերպարը:

 

Մենք գիտենք, որ յուրաքանչյուր կառույց, նախ եւ առաջ, պիտի կատարի իր առջեւ դրված խնդիրը, սակայն եթե կառույցը ունի նաեւ էսթետիկ արժեք, այն արդեն վերածվում է ճարտարապետության:

 

Ժամանակի ընթացքում այս երկրորդ հատկությունը դարձնում է այն մշակութային կոթող, արժեք: Եվ ահա այդ ժամանակ ի սկզբանե երկրորդական այս գործառույթը դառնում է առաջնային:

 

Մենք գիտենք, որ շենքերի շահագործման տարբերակները կարող են փոփոխվել՝ դղյակները կարող են թանգարաններ դառնալ, տաճարները՝ համերգասրահներ եւ այլն, իսկ հուշարձանի կառույցը՝ միշտ մնում է նույնը:

Լուսանկարը` Photolure

Եթե կառույցն ունի վառ, արտահայտիչ ճարտարապետական կերպար, ապա, ամենայն հավանականությամբ, այն կվերապրի իր կառուցման առաջնային գործառույթը ու ապագա սերունդների համար կդառնա ավելին, քան պարզապես 20-րդ դարի օդանավակայաններից մեկը:

 

Երեւանյան օդանավակայանի դեպքում առանձնահատուկ է նաեւ այն, որ առաջին հայացքից այս կառույցի վրա չկան ազգային, հին հայկական նշաններ: Երեւանի օդանավակայանը ժամանակակից է, թե կառույցի, թե ֆունկցիոնալության տեսանկյունից եւ, այնուամենայնիվ, այն լիովին հայկական է: Սա այն պարզ պատճառով, որ տվյալ կառույցը եզակի է իր տեսքով, հետեւաբար՝ առաջին հայացքից ասոցացվում է հայկական հողի հետ, ընկալվում է որպես դրա տեսարժան վայր:

 

Բացի այդ՝ դրանից ոչ հեռու, պահպանվել են հին հայկական՝ Զվարթնոց տաճարի մասունքները, հավանաբար, հենց այս պատճառով էլ օդանավակայանը ստացել է «Զվարթնոց» անունը:

 

«Զվարթնոցի» հեղինակների հաջողությունը պատահական չէ: Մենք վաղուց գիտենք այդ անուններն ու դրանք հայտնի են Հայաստանում: «Ռոսիա» կինոթատրոն, մարզահամերգային համալիր, Երիտասարդական պալատ՝ բոլոր այս հայտնի կառույցները ստեղծվել են «Զվարթոցի» հեղինակների մասնակցությամբ»:

 

Մեդիամաքսը «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի էստակադան ապամոնտաժելու՝ Երեւանի քաղաքային իշխանության որոշման շուրջ զրուցել էր նաեւ շենքի համահեղինակ Ժորժ Շեխլյանի հետ:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին