Երեւան: Մեդիամաքս: Հայ պրոֆեսոր Ֆելիքս Ահարոնյանը, ռուսաստանցի Իգոր Կարաչենցեւը եւ ամերիկացի Բրենթ Թալին դարձել են Վիկտոր Համբարձումյանի անվան 2014 թ-ի միջազգային մրցանակի հաղթողներ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ, Համբարձումյանի անվան մրցանակի միջազգային հանձնաժողովի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
«Հանձնաժողովի որոշմամբ, այս տարի մրցանակը կկիսվի երեք գիտնականների միջեւ»,- ասել է նա:
Այսպիսով, Իռլանդիայում եւ Գերմանիայում աշխատող Ֆելիքս Ահարոնյանը կստանա $250 հազար, իսկ Իգոր Կարաչենցեւը եւ Բրենթ Թալին՝ $125 հազարական:
Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը կազմում է $500 000 եւ 2010 թվականից շնորհվում է երկու տարին մեկ անգամ:
Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Երեւանում:
«Ֆելիքս Ահարոնյանը հանրահայտ գիտնական է ողջ աշխարհում: Երկրորդ մրցանակակիր Իգոր Կարաչենցեւը իր «գիտական մկրտությունը» ստացել է Բյուրականի աստղագիտարանում, Բրենթ Թալին նույնպես շատ հայտնի գիտնական է», - նշել է Ռադիկ Մարտիրոսյանը:
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009 թվականին եւ համարվում է աստղագիտության, աստղաֆիզիկայի եւ հարակից գիտությունների բնագավառում կարեւորագույն միջազգային մրցանակներից մեկը: 2010թ. մրցանակի հաղթողներն էին Միշել Մայորը (Շվեյցարիա), Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա) եւ Նունու Սանտոշը (Պորտուգալիա), իսկ 2012 թ-ին` Յան Էյնաստոնը (Էստոնիա) եւ Իգոր Նովիկովը (Ռուսաստան):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: