Ալիեւ. «Մեզ չեն ներելու եւ հանգիստ չեն թողնելու» - Mediamax.am

3856 դիտում

Ալիեւ. «Մեզ չեն ներելու եւ հանգիստ չեն թողնելու»


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը «պետք է դուրս գա միջազգային օրակարգից».

«Այս հարցի նշանակությունը արհեստականորեն ուռճացվում է։ Հայաստանի հովանավորներն ուզում են քննարկել այս հարցը, ուզում են իրենց ջանքերը գործադրել։ Նախ՝ միջնորդ լինելու համար պետք է գոնե արտաքուստ չեզոքություն ցուցաբերել։ Մենք գիտենք, թե ինչ կա ձեր հոգում: Բայց դուք պետք է գոնե արտաքուստ պահպանեք դիվանագիտական կանոնները։ Մեզ այս հարցում միջնորդ պետք չէ, մենք մեր հարցը լուծել ենք: Մենք նախաձեռնեցինք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։ Մենք ենք հինգ հայտնի սկզբունքների հեղինակները։ Մենք ենք գրել խաղաղության պայմանագրի տեքստը եւ ուղարկել այն հայկական կողմին։ Եթե Հայաստանը ցանկանում է պահպանել միջազգային իրավունքը, ապա այս պայմանագիրը կստորագրվի։ Եթե չի ցանկանում, եթե նորից անհիմն պահանջներ է ներկայացնելու, այդ պայմանագիրը չի ստորագրվի, բայց Ադրբեջանի համար ոչինչ չի փոխվի։ Մենք պետք է պատրաստ լինենք մեր առջեւ ծառացած մարտահրավերներին, մեր դեմ տարվող կեղտոտ քաղաքականությանը»,- ասել է Ալիեւը փետրվարի 14-ին իր երդմնակալության ելույթում։

 

«Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ ուժերը համախմբվել են մեր դեմ եւ մեզ վնասելու հնարավորություն են փնտրում։ Այդ մասին ես արդեն խոսել եմ՝ մենք այնպիսի անսասան համարվող ժայռեր ենք տեղաշարժել, որ մեզ չեն ներելու, եւ մենք պետք է իմանանք այդ մասին։ Եթե որեւէ մեկը կարծում է, որ մեզ հանգիստ են թողնելու, նա սխալվում է։ Մենք պետք է պատրաստ լինենք, պետք է մոբիլիզացված լինենք»,- նշել է Ալիեւը։

 

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ մենք պետք է ընտանիք փնտրենք այլ տեղում, ապա կարող եմ ասել, որ մեզ ոչ մի տեղ չեն սպասում եւ չեն էլ թաքցնում դա։ Եթե նախորդ տարիներին, մասնավորապես՝ օկուպացիայի ժամանակ, մեզ փորձում էին որոշակի խոստումներով գայթակղել՝ մոլորեցնելու համար, ապա այսօր նաեւ այդ դիմակները պոկվել են եւ հստակ երեւում են բաժանարար գծերը։ Այսօր մենք հստակ տեսնում ենք այդ բաժանարար գծերը անգամ Հարավային Կովկասում, որտեղ ընդամենը երեք պետություն կա։ Այս պայմաններում արդյո՞ք մենք պետք է խոնարհվենք նրանց առջեւ, ովքեր չեն ուզում ընդունել մեզ։ Դա չի՛ լինելու: Մեր ընտանիքը թյուրքական աշխարհն է։ Մենք մեզ հիանալի ենք զգում: Մենք եղբայրական հարաբերություններ ունենք Թյուրքական պետությունների կազմակերպության բոլոր անդամ երկրների հետ, եւ մեր քաղաքականությունն ուղղված է կազմակերպության հզորացմանը։ Սա մեծ աշխարհագրություն է, մեծ տարածք, մեծ ռազմական ուժ, մեծ տնտեսություն, բնական ռեսուրսներ, տրանսպորտային ուղիներ, երիտասարդ աճող բնակչություն, եւ մենք նույն տեսակի, նույն արմատների ժողովուրդներ ենք։ Պետք է միասին աշխատենք, որպեսզի Թյուրքական պետությունների կազմակերպությունը համաշխարհային բեմում կարեւոր դերակատար եւ ուժի կենտրոն դառնա։ Մենք դրան կարող ենք հասնել միայն միասին»,- ասել է Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին