Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Բաքվի հայտարարությանը - Mediamax.am

2813 դիտում

Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Բաքվի հայտարարությանը


Լուսանկարը` inosmi.ru


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն այսօր արձագանքել է Բաքվի իրավապահների հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարության մեջ ասված է.

 

«Սերժ Սարգսյանին ալիեւյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելն ինքնին զավեշտ է, իսկ ներկայացված մեղադրանքները՝ ցինիկ:

 

Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիեւը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որեւէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավելեւս՝ մեղադրանքներ ներկայացնելու:

 

Ալիեւը տարիներ շարունակ բախվել է Հայաստանն արժանապատվորեն ներկայացնող Սերժ Սարգսյանի հմուտ դիվանագիտությանը եւ ականատես է եղել նախագահ Սարգսյանի բարձր վարկանիշին, որը պաշտոնաթողությունից հետո էլ միջազգային հանրության շրջանում բացարձակապես չի նվազել:

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնը թողնելուց հետո էլ, շարունակել եւ շարունակելու է ներկայացնել Հայաստանի ազգային, պետական շահերն արտերկրում՝ իր լայն կապերի եւ փորձի շնորհիվ:

 

Ինչպես 1988 թվականից ի վեր, այսուհետ եւս նախագահ Սարգսյանը հետամուտ է լինելու հայկական սրբազան հողում՝ Արցախում հազարամյակներով ապրող հայ ժողովրդի ազատ, անկախ եւ անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը:

 

Հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի  նկատմամբ երկրի ներսում հետապնդում են իրականացնում կապիտուլյանտ իշխանությունները, իսկ երկրից դուրս նրանց փորձում է հետապնդել կապիտուլյանտ իշխանությունների փաստացի դաշնակիցը դարձած ադրբեջանական իշխող կլանը:

 

Ոչ Հայաստանի ներսում գործող վարչակազմի կողմից եւ ոչ էլ Հայաստանից դուրս նրան հետապնդողներին չի՛ հաջողվելու կանգնեցնել Սերժ Սարգսյանին իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին:

 

Վստահ ենք, որ պատմության դատից զատ, գալու է նաեւ հայ ժողովրդի հանդեպ ոճրագործություններ գործածներին պատժելու ժամանակը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին