Զոհրաբ Մնացականյանը խոսել է Թուրքիայի ապակայունացնող դերի մասին - Mediamax.am

2229 դիտում

Զոհրաբ Մնացականյանը խոսել է Թուրքիայի ապակայունացնող դերի մասին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Մեդիամաքս: Երեւան: «Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին Արեւելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում, եւ այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ ապակայունացումն արտահանվում Հարավային Կովկաս, որի արատահայտումը Թուրքիայի բացահայտ ռազմական-քաղաքական աջակցությունն է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիվ գործողություններին»,- ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը «Ատլանտյան խորհրդի» կազմակերպած վեբինարին:

Նա վեբինարի մասնակիներին ներկայացրել է սեպտեմբերի 27-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը:

 

«Հիմնախնդրի առանցքում մեր հայրենակիցների ֆիզիկական, գոյութենական անվտանգությունն է, եւ մենք շատ հստակ կերպով շեշտել ենք, որ գործ ունենք գոյութենական իրական սպառնալիքի հետ, որի ականատեսն ենք եղել նախկինում, եւ ոչ մի կերպ չպետք է թույլ տանք, որ այդ ամենը կրկին տեղի ունենա»,- ասել է նախարարը:

 

Անդրադառնալով Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների անմիջական ներգրավվածությամբ կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի եւ հոկտեմբերի 17-ի հայտարարություններին՝ նախարարն ընդգծել է Հայաստանի հանձնառությունն այդ համաձայնություններով ստանձնած պարտավորություններին:

 

Հայաստանի արտգործնախարարը խոսել է նաեւ Միացյալ Նահանգներում կայացած հանդիպումների մասին՝ նշելով, որ ԱՄՆ-ից ստացված ուղերձները հուսադրող են եւ նպատակաուղղված են հրադադարի հաստատման ջանքերի անհապաղ գործադրմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին