Փաշինյանը համոզված է, որ ժողովրդավարությունը ի վիճակի է անվտանգություն ապահովել - Mediamax.am

3833 դիտում

Փաշինյանը համոզված է, որ ժողովրդավարությունը ի վիճակի է անվտանգություն ապահովել


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, եւ սա մեր համոզմունքն է եւ մեր ռազմավարությունը»:

«Սա գիտակցված քաղաքական կուրս է, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ժողովուրդը վարում են», -ասել է՝ ելույթ ունենալով Ժողովրդավարության հայկական ֆորումին:

 

«Սրանից բխող շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ դեռ ընթացքի մեջ են, որոնք իրենց հետ պիտի բերեն մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ, օրենքի գերակայության ավելի բարձր մակարդակ, հակակոռուպցիոն քաղաքականության ավելի բարձր մակարդակ: Բայց նաեւ ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը նաեւ այս ազատությունների արդյունքները վայելում է: Եվ ես համարում եմ, որ այն տնտեսական բարձր աճը, որ մենք այսօր ունենք, նաեւ տնտեսական ազատությունների արդյունք է, որովհետեւ եթե տնտեսությունը կառավարելի լիներ եւ կառավարվող լիներ պետության կողմից, ես կարծում եմ, որ հատկապես հետպատերազմական շրջանում մենք շատ լուրջ եւ խորը պրոբլեմներ կունենայինք: Բայց քանի որ այդ ազատությունները հասել են նաեւ տնտեսության մակարդակ, այդ ազատությունն ամենադժվար եւ վճռական պահին եկավ մեզ օգնության:

 

Ուզում եմ արձանագրել նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությանը սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա: Ես սրանում համոզված եմ: Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանն սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են, եւ այդ վտանգները, իհարկե, հանրահայտ են եւ բոլորին տեսանելի: Բայց կարեւոր է նաեւ, որ մենք ի վիճակի լինենք միասին ապացուցել եւ պատասխանել թերեւս այսօր Հայաստանում ամենախիտ եւ ամենաթանձր հարցին, որն առկա է հանրության

շրջանում. արդյոք ժողովրդավարությունը ի վիճակի՞ է նաեւ ապահովել անվտանգություն: Սա իսկապես հարց է, որի դրական պատասխանին մենք հավատում ենք, բայց դա դեռ պետք է ապացուցել: Ես հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք եւ ինչ-որ տեղ համոզված եմ, որ ի վիճակի կլինենք այս հարցին դրական պատասխան տալ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին