Դավիթ Տոնոյանը շարունակում է պահանջել հրապարակային դատավարություն - Mediamax.am

2591 դիտում

Դավիթ Տոնոյանը շարունակում է պահանջել հրապարակային դատավարություն


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը շարունակում է պնդել եւ պահանջել բաց եւ հրապարակային դատավարություն:

Այդ մասին ասված է այսօր նրա փաստաբանական խմբի տարածաած հայտարարության մեջ:

 

«Հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանի եւ մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով 04.02.2022թ.  նշանակված առաջին իսկ դատական նիստը չի կայացել եւ անորոշ ժամկետով հետաձգվել է ազատության մեջ գտնվող դատավարության մասնակիցների, ինչպես նաեւ նախագահող դատավորի վատառողջության պատճառով:

 

Միաժամանակ հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանը շարունակում է պնդել եւ պահանջել բաց եւ հրապարակային դատավարություն, որը դռնփակ ռեժիմով է անցկացվում  դատավոր Մանվել Շահվերդյանի անհիմն որոշմամբ՝ մասնագիտական առումով պետական եւ ռազմական գաղտնիք հասկացություններին առհասարակ չտիրապետելու պատճառով: Հաստատապես շարունակում ենք պնդել, որ քրեական գործի նյութերում չկան պետական եւ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք կրում են «հույժ գաղտնի» դրոշմը, իսկ հետազոտվելիք նյութերը առավելապես ծառայողական գաղտնիք պարունակող նյութեր են: Դատավորն իր որոշումը կայացնելուց առաջ որեւէ միջոց  անգամ չի գործադրել համապատասխան գերատեսչությունից պարզելու՝ քրեական գործում առկա է արդյո՞ք օրենքով պահպանվող գաղտնիք, թե ոչ, իսկ այդ նյութերի մեծ մասը որպես ծառայողական գաղտնիք դասելու նախաձեռնող-հեղինակը եղել է հենց Դավիթ Տոնոյանը:

 

Հայտնում ենք նաեւ, որ մինչ օրս վերաքննիչ քրեական դատարանում մեր կողմից Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը որեւէ դատավորի չի մակագրվել, բողոքի քննության օր նշանակված չէ, որը հայտնի լինելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին