Պոմպեո. «Էրդողանին պետք է հարցնեք այդ որոշման մասին» - Mediamax.am

2287 դիտում

Պոմպեո. «Էրդողանին պետք է հարցնեք այդ որոշման մասին»


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ սիրիացի զինյալներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու մասին հաղորդագրությունները չեն հաստատվի: Բայց, միեւնույն ժամանակ, նշել է, որ Էրդողանին պետք է հարցնել այդ որոշման դրդապատճառների մասին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 1-ին ասել էր. «Կարող եմ ասել, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ զինյալներ, որոնք նախկինում հեռացվել էին Հալեպի շրջանից, տեղափոխվել են թուրքական Գազիանթեփով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Սա հաստատված փաստ է, այդ մարդիկ նույնականացվում եւ հետեւվում են, նրանք բոլորն էլ կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ: Ես դա քննարկել եմ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով հաստատեց, որ Ռուսաստանը նույնպես այս տվյալներն ունի »:

 

Խորվաթիայում կայացած ճեպազրույցում հարցին Պոմպեոն ասել է.

 

«Դուք հարցնում եք սիրիացի զինյալներին Ադրբեջան տեղափոխման մասին հաղորդագրությունների մասին: Տեսել եմ այս հաղորդագրությունները, բայց այս պահին միայն դա կարող եմ ասել:

 

Հուսով եմ ՝ այդպես չէ: Մենք տեսանք, թե ինչպես սիրիացի զինյալները Սիրիայից տեղափոխվեցին Լիբիա: Դա ավելացրեց անկայունությունը, ստեղծեց ավելի շատ անկարգություններ, ավելի շատ բախումներ, ավելի շատ մարտեր: Կարծում եմ ՝ նույնը կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ դրա շուրջ:

 

Նախագահ Էրդողանին պետք է հարցնեք, թե ինչու է նա այդ որոշումը կայացրել, բայց մենք մեր տեսակետները շատ հետեւողականորեն ենք հայտնել: Երբ կա քաղաքական եւ էթնիկական լարվածություն եւ երկարատեւ հակամարտություն այս սահմանային գոտում, իսկ երրորդ կողմերը սկսում են զինամթերք, ռազմական խորհրդականներ մատակարարել, դրանով բարդացնում են իրավիճակը եւ նվազեցնում խաղաղության հասնելու հնարավորությունները»:

 

ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Վաշինգտոնը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, ինչպես նաեւ թուրքերին տեղեկացրել է հրադադարի եւ երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին:

 

«Ես տեսա, որ նույն մեսիջը Թուրքիային փոխանցել է Եվրամիությունը», - ասել է Պոմպեոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին