Վարչապետը ներկայացրել է Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը - Mediamax.am

9043 դիտում

Վարչապետը ներկայացրել է Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի հերթական նիստի ժամանակ հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով:

 

Ներկայացնում ենք վարչապետի ուղերձի առանցաքային կետերը (ենթավերնագրերը մերն են՝ Մեդիամաքս):

 

Ազգային ինքնության հարցը

 

Մեր ազգային անվտանգության հարցը քննելիս, նախ պետք է քննենք մեր ազգային ինքնության հարցը:

 

Ազգային ինքնության ամենաառանցքային բաղադրիչը կապն է արմատների հետ եւ ազգի պատմության ընթացքում ձեւավորված ժառանգության, արժեքների նկատմամբ սեփականատիրական զգացումը, ինչը պիտի ուժեղացնի յուրաքանչյուր անհատի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, այսպիսով նաեւ՝ ազգի, ժողովրդի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Ազգային արժեքներ

 

- Հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

 

- Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:

 

- Հայոց լեզուն եւ գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:

 

- Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:

 

- Հայրենիքը, ընտանիքը, անհատը:

 

- Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը:

 

- Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային եւ էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:

 

- Հեղինակային եւ հայկական կերպարվեստը:

 

- Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:

 

- Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը եւ հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ: Եղբայրական զգացմունքները եւ հարաբերությունները Հայաստանում եւ Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ եւ անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության եւ Արցախի քաղաքացիությամբ:

 

- Հայկական խոհանոցը, նյութական եւ ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի վերը նկարագրված ազգային արժեքները:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Ազգային նպատակներ   

 

- Հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական,

անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական,

ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը:

 

- Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որեւէ սահմանափակման:

 

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետեւանքների հաղթահարումը եւ վերացումը:

 

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության եւ երջանկության, ինչպես նաեւ հանրահռչակ մյուս իրավունքների ապահովումը եւ պաշտպանությունը:

 

- Օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց եւ տղամարդկանց

իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության եւ պարտականությունների կատարման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը:

 

- Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության եւ ինքնիշխանության պահպանումը եւ զարգացումը, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը եւ զարգացումը՝ ազգային ինքնագիտակցությունից հեռացած եւ հեռացող հայության շրջանում, ներառյալ հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցողների թիվը էականորեն մեծացնելու միջոցով:

 

- Համահայկական ներուժի համախմբումը՝ ազգային նպատակների իրագործման շուրջ հանուն ազգային արժեքների պահպանման եւ զարգացման:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Համակեցության համահայկական կանոններ

 

- Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որեւէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որեւէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն: Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա: Ասվածը չի կարող վերաբերվել օրինական ուժի կիրառմանը՝ հանցագործությունների կանխման եւ բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման, ինչպես նաեւ արտաքին ագրեսիայից հայրենիքի պաշտպանության նպատակով:

 

- Ժողովուրդը եւ նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձեւավորման

միակ աղբյուրն է: Ժողովրդի ազատ կամքի աղճատման, աղավաղման ցանկացած

փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն:

 

- Հայաստանի եւ Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու, մեր երկրում որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես գալու պատրաստակամություն ունեցող ուժերը պիտի արժանանան հայ ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության կոշտ հակազդեցությանը:

 

- Հայաստանը եւ Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից. կոռուպցիայի բոլոր

դրսեւորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները,

մրցակիցների նկատմամբ արհեստական խոչընդոտներ հարուցելը պետք է արմատախիլ արվեն, կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը եւ ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն:

 

- Իրավունքի եւ օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, իրավունքների պաշտպանությունը եւ պարտականությունների կատարումը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Դատարանները պետք է լինեն անկախ: Տնտեսության, քաղաքականության մեջ եւ հանրային կյանքի որեւէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել:

 

- Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որեւէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում։

 

Մենք եւ աշխարհը  

 

Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում գտնվել է «արեւելքի արեւմուտքում» եւ «արեւմուտքի արեւելքում»՝ հաճախ դառնալով քաղաքակրթությունների բախման թատերաբեմ: Մենք մերժում ենք քաղաքակրթությունների բախման կանխավարկածը եւ միջազգային հարաբերություններում մեզ դիրքավորում որպես քաղաքակրթությունների երկխոսության ջատագով:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Միջազգային եւ ազգամիջյան երկխոսությունը արտաքին հարաբերությունների մեր առանցքային տեսլականն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հասկանալու եւ հասկանալի դառնալու ձգտման վրա: Քաղաքակրթությունների, ժողովուրդների, պետությունների երկխոսությանը եւ բազմակողմ հարաբերություններին նպաստելը պիտի դառնա միջազգային խաղաղությանն ու կայունությանը աջակցելու մեր հանձնառության արտահայտությունը: Հայաստանը պատրաստ է դառնալ նման երկխոսության հարթակ:

 

Ազգային անվտանգության ռազմավարության մասին

 

Ազգային անվտանգության այս ռազմավարությամբ մենք նոր նշաձող ենք դնում մեր առաջ: Ավելի ճիշտ է դա անվանել՝ ծանրաձող, որովհետեւ դա մեզնից յուրաքանչյուրի՝ սկսած բարձրաստիճան պաշտոնյաներով, շարունակած քաղաքացիներով, մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է որոշակի՝ իհարկե, համաչափ եւ համարժեք պատասխանատվություն, եւ այդ պատասխանատվությունը կրելու եւ իրավունքներն իրացնելու մեր կամքից է կախված մեր պետականության հետագա գոյությունը, եւ ես համոզված եմ, որ մենք՝ որպես ժողովուրդ, որպես ազգ, իսկապես պատրաստ ենք այսօր վերցնել այդ պատասխանատվությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին