Նախագահը «մշտապես արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը» - Mediamax.am

5326 դիտում

Նախագահը «մշտապես արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը»


Լուսանկարը` Դավիթ Հակոբյան


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին:

«Հանրապետության նախագահը ստորագրել է ապրիլի 5-ը հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիրը՝ ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:

 

Միաժամանակ, կարեւորելով սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաեւ օրենքի գերակայությունը պահպանելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձր պահելու անհրաժեշտությունը, Հանրապետության նախագահը չի բացառում իր կողմից հետագա քննարկումների շարունակումը, հասարակական-քաղաքական խմբերի, մասնագիտական համայնքի, պետական մարմինների՝ Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի հետ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդատվական կարծիքի համար միջազգային համապատասխան կառույցներին եւ փորձագետներին դիմելը:

 

Հանրապետության նախագահը մշտապես արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը պետական եւ հասարակական կյանքին առնչվող կարեւորագույն որոշումները ժողովրդի անմիջական կամարտահայտությամբ՝ հանրաքվեով որոշելու նպատակահարմարության եւ անհրաժեշտության մասին»,- ասված է հայտարարությունում:

 

Փետրվարի 7-ին Արմեն Սարգսյանը Մեդիամաքսին, «Շանթ» հեռուստաընկերությանը եւ «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր, «ժողովրդին դիմելը ծայրահեղ միջոց չէ» եւ «21-րդ դարում ժողովրդի կամաարտահայտությունը շատ արժեքավոր է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին