Արմեն Սարգսյան. «Ժողովրդին դիմելը ծայրահեղ միջոց չէ» - Mediamax.am

15558 դիտում

Արմեն Սարգսյան. «Ժողովրդին դիմելը ծայրահեղ միջոց չէ»


Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, «ժողովրդին դիմելը ծայրահեղ միջոց չէ» եւ «21-րդ դարում ժողովրդի կամաարտահայտությունը շատ արժեքավոր է»:

Արմեն Սարգսյանն այդ մասին ասել է՝ այսօր Մեդիամաքսին, «Շանթ» հեռուստաընկերությանը եւ «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում:

 

Նախագահն ասել է, որ փետրվարի 6-ին Ազգային ժողովի կայացրած որոշումն առայժմ չի ստացել:

 

«Ստանալուց հետո հանրությանը կտեղեկացնեմ իմ վերաբերմունքի մասին եւ խոսքը չի գնալու սոսկ ստորագրելու կամ չստորագրելու մասին: Ես փորձելու եմ իմ ներդրումն ունենալ ըստ էության», - նկատել է Արմեն Սարգսյանը: Նա ընդգծել է, որ

նախագահը Սահմանադրության «մեկնաբանը» չէ:

 

«Նախագահը հետեւում է Սահմանադրության կատարմանը, սակայն դրա երաշխավոր չի հանդիսանում: Նախագահը չպետք է խառնվի իշխանության թեեւերի աշխատանքին, հանրային տիրույթում կարծիք հայտնի գործադիր կամ օրենսդիր իշխանության գործունեության մասին, բայց կարող է խորհուրդ տալ եւ աջակցել:

 

Իմ արտահայտվելու գործիքները բավականին սահմանափակ են, եւ այս դեպքում խոսքն այն մասին չէ, որ ես կցանկանայի ավելի շատ լիազորություններ ունենալ: Քանի որ մենք անցում ենք կատարել դեպի խորհրդարանական կառավարման համակարգ, ապա որքան քիչ լիազորություններ ունենա նախագահը, այդքան լավ», - ասել է Արմեն Սարգսյանը:

 

Նա ասել է, որ նախագահական ինստիտուտը չպետք է սահմանափակվի միայն Սահմանադրության եւ օրենքների համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը պարզելով:

 

«Նախագահը պետք է ավելի լայն նայի հարցերին. արդյո՞ք այս կամ այն օրենքը, գործողությունը, որոշումը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ մեր հանրության վրա: Ենթադրենք, իմ սեղանին հայտնվել է մի օրենք, որը, մասնագետների կարծիքով, չի հակասում Սահմանադրությանը եւ Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն չկա: Նախագահին մնում է կամ օրենքը ստորագրել, կամ չստորագրել եւ այդ դեպքում որոշակի ժամանակ անց Ազգային Ժողովը ավտոմատ կերպով այն կյանքի է կոչելու: Բայց նախագահը կարող է գիտակցել, որ Սահմանադրությանը չհակասելով հանդերձ, տվյալ օրենքը կարող է բացասական դեր խաղալ որոշակի ոլորտների համար: Որոշ երկրներում նման դեպքերում նախագահը կարող է վետոյի իրավունք կիրառել՝ հանրությանը ցույց տալով, որ համաձայն չէ օրենքի հետ եւ գործադիր եւ օրենսդիր իշխանությանն առաջարկում է նորից քննարկել: Կան երկրներ, որոնցում նախագահն իրավունք ունի օրենքը վերադարձնել խորհրդարան», - ասել է Արմեն Սարգսյանը:

 

Նախագահը նշել է, որ ուշադիր հետեւել է վերջին օրերի իրադարձություններին:

 

«Ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ամրանա ժողովրդին դիմելու գործընթացը: Ժողովրդին դիմելը ծայրահեղ միջոց չէ: Ժողովրդին կարելի է դիմել հանրաքվեի, կամ կամքի արտահայտման (պլեբիսցիտի) միջոցով: 21-րդ դարում սա շատ արժեքավոր է: Այսօր մենք ապրում ենք երկու կյանքով՝ իրական եւ վիրտուալ: Վիրտուալ կյանքում լինում են բուռն քննարկումներ, կարծիքների բախումներ, հսկայական քանակությամբ ֆեյքեր եւ այդտեղ դու չես կարողանում տարանջատես իրականը ոչ իրականից, ճշմարիտը՝ արհեստականորեն ներմուծվածից: Այս պայմաններում շատ կարեւոր է, պատկերավոր ասած, ամպերից ցած իջնել եւ շփվել ժողովրդի հետ, լսել նրա իրական կարծիքը: Պլեբիսցիտը կարող է չկապվել Սահմանադրության, այս կամ այն օրենքի հետ: Կան երկրներ, օրինակ, Շվեյցարիան, որտեղ հանրությանը որոշումներ կայացնելու մասնակից դարձնելը ոչ միայն հաջող կիրառվում է, այլեւ դարձել է իրենց կյանքի մասը: Այս մշակույթը Հայաստանում կիրառելուց վախենալ պետք չէ: Սա 21-րդ դարի «կրկնակի կյանքի» պայմաններում նույնիսկ անհրաժեշտություն է», - նկատել է Արմեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին