Սարսանգի ջրամբարը կանգնած է բնապահպանական աղետի շեմին - Mediamax.am

4147 դիտում

Սարսանգի ջրամբարը կանգնած է բնապահպանական աղետի շեմին


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի բնապահպանական կոմիտեն այսօր հայտնել է, որ եթե կարճ ժամկետում չվերականգնվի Հայաստան-Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագծով էլեկտրամատակարարումը, Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն արագորեն սպառվելու են՝ հանգեցնելով հումանիտար ու բնապահպանական աղետի:

Արցախի բնակիչների էներգետիկ նվազագույն կարիքների բավարարման համար Արցախի Հանրապետությունը ստիպված է կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ենթակառուցվածքը, որի հզորության շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին:

 

Արդյունքում մեծ չափով կրճատվել են ջրամբարի հայելու մակերեսը եւ դրանից գոլորշացումն ու ինֆիլտրացիան, ինչը տեղի միկրոկլիմայի փոփոխության հիմնական պատճառն է` իր բոլոր բացասական հետեւանքներով շրջակա միջավայրի ու գյուղատնտեսության համար:

 

Քանի որ ջրամբարի ելքի բաղադրիչներից է նաեւ ստորերկրյա ջրերի սնուցումը եւ դրանց ելքերը բնական աղբյուրների տեսքով, ապա Թարթառ գետի հովտում, ջրամբարի հայելու նիշից ցածր գտնվող բնակավայրերը եւ գյուղատնտեսական նշանակության հողահանդակները արագորեն զրկվում են ջրային պաշարներից: Այդ նիշից ցած գործող բոլոր ջրաղբյուրների ելքերը նվազել են, որոշներն էլ ցամաքել են, իսկ ստորերկրյա ջրերի մակարդակը` իջել:

 

Սարսանգի ջրամբարում ջրի մակարդակի գերնվազեցումը հանգեցրել է նաեւ ջրային ֆաունայի եւ ֆլորայի կորստի առավելագույն ռիսկերի: Վտանգվել են նաեւ ջրամբարի ափերին բնակվող՝ Արցախի Հանրապետության բույսերի եւ կենդանիների Կարմիր գրքի ցանկերում ընդգրկված մի շարք տեսակներ:  

Ջրամբարի մակարդակի նման իջեցումը հանգեցրել է ափամերձ տարածքի ուտելի եւ համեմունքային (մոտ 125 տեսակ), դեղաբույսերի (մոտ 35 տեսակ), մեղրատու (մոտ 156 տեսակ) բույսերի կորստի լրջագույն ռիսկերի, իսկ նշված բուսատեսակները այդ տարածքի շրջակա միջավայրի ու բնակչության կենսապահովման անբաժանելի մասն են:

 

Արցախի ջրերում տարածված 17 տեսակ ձկներից 12-ը կամ 70,8%-ը գտնվում է Սարսանգի ջրամբարում, որից օգտվում են ափամերձ տարածքների բնակիչները: Ջրի ծավալի այդպիսի կրճատումը կտրուկ բարձրացրել է ձկների խտությունը եւ, որպես հետեւանք, ինչպես նվազեցրել կեր հայթայթելու հնարավորությունները, այնպես էլ մեծացրել ինքնաթունավորման ռիսկերը, ինչը կարճ ժամկետում հանգեցնելու է ձկների մեծամասշտաբ անկման:

 

Այստեղ է գտնվում նաեւ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմի ցուցակի չափորոշիչներով «Կրիտիկական վիճակում» գտնվող փոքրասիական տրիտոնը, ափամերձ տարածքում բնակվող սիրիական սխտորագորտը, սողուններից միջերկրածովային կրիան, անդրկովկասյան սահնօձը:

 

Սարսանգի ջրամբարի հիմնական բնակիչներից են ԲՊՄՄ Կարմիր ցուցակներում գրանցված կաթնասուններից ջրասամույրը, իսկ թռչուններից՝ փոքր ձկնկուլը եւ մեծ ձկնկուլը, որոնք ձվադրում են ափամերձ խիտ բուսուտներում, իսկ ջրամբարի չորացումը հանգեցրել է այս տեսակների բնադրագաղութների ի սպառ վերացման:

 

Սարսանգի ջրամբարի տարածքը հանդիսանում է մի շարք քոչող ու չվող թռչունների միգրացիայի խաչմերուկ, եւ ջրի ծավալի նման կտրուկ ու աննախադեպ անկումը հանգեցրել է նաեւ այդ թռչնատեսակների որոշակի կորստի եւ միգրացիոն ուղիների փոփոխության:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին