Աշխատելու, բժիշկի կամ պարզապես հարազատներին այցելելու, լվացք կամ արդուկ անելու կամ ուղղակի ընթրելու համար Արցախում այսօր նյութական միջոցներից զատ մեկ բան էլ է հարկավոր ունենալ. էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների տվյալ օրվա գրաֆիկը:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
Դեկտեմբերի 12-ից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու՝ ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» կողմից արգելափակման հետեւանքով տեղաշարժի, բուժօգնության ընտրության, մասնակիորեն նաեւ կրթության իրավունքից զրկված, սննդի ձեռք բերման համար 90-ականների կտրոնային համակարգը վերհիշել ստիպված արցախահայությունը այս ամենից զատ բախվել է ադրբեջանական «գազային տեռորի» եւ էլեկտրաէներգիայի սակավության լուրջ ճգնաժամի հետ:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
ՀՀ-ից Արցախը սնուցող միակ գազատարի «փականը», որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքում, արցախյան մերօրյա հումորային անեկդոտների թիվ մեկ «հերոսն է»: Շրջափակման սկզբից ի վեր արդեն 7 անգամ անջատված գազն այս պահին վերադարձել է արցախցիների տներ, սակայն մինչեւ երբ՝ ոչ ոք չգիտի: Ի վերջո՝ երբեմն դա տեւում է մի քանի օր, երբեմն՝ հաշված ժամեր: Արցախում ծիծաղում են՝ երեւի Շուշիում թղթախաղ են խաղում, ով պարտվեց՝ այդ օրը կողպում է փականը:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
Հունվարի 13-ին Հայաստանից Արցախ գնացող բարձրավոլտ էլեկտրագծի վթարը Լաչինի միջանցքի Աղավնո-Բերձոր հատվածում է՛լ ավելի բարդացրեց առանց այդ էլ ձմռան պայմաններում շրջափակման մեջ հայտնված արցախահայության վիճակը: Մինչ օրս հանրությանը հստակ հայտնի չէ՝ վթարը տեխնիկակա՞ն է, թե կողմնակի միջամտության արդյունք: Թեեւ հաշվի առնելով, որ ադրբեջանցիները ոչ մի կերպ թույլ չեն տալիս հայ մասնագետներին տեղում շտկել խնդիրը՝ գերակշռում է կարծիքը, որ վթարն, այնուամենայնիվ, արհեստական միջամտության արդյունք է:
Անճանաչելի Սարսանգը
Նախկինում Արցախը ոչ միայն ինքնաբավ էր էլեկտրաէներգիայի ապահովման հարցում, այլեւ փոխհոսքերի միջոցով արտահանում էր այն Հայաստանի Հանրապետություն: Սակայն դա հին ու բարի ժամանակներում, որոնք, ինչպես գրեթե ամեն ինչ, մնացին 2020-ից այն կողմ:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի 36 ՀԷԿ-երից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Այժմ Արցախին մնացած 6 ՀԷԿ-երից միակը, որն ունակ է սնուցել Արցախն էներգետիկ ճգնաժամի այս պայմաններում, Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբարից սնուցվող «Սարսանգ ՀԷԿ»-ն է: Մյուս 5 փոքր կայանները սակավաջրության պատճառով չեն գործում, սակայն նույնիսկ այլ պարագայում նրանց հզորությունը միասին վերցրած չի գերազանցում 25 ՄՎտ-ը:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
Թարթառ գետի վրա 1970-ականներին կառուցված Սարսանգի ռեկորդակիր ջրամբարն ամենամեծն է ոչ միայն Արցախի տարածքում, այլեւ չափսերով գերազանցում է նույնիսկ Հայաստանի ամենամեծ Ախուրյանի ջրամբարը: Այսօր՝ Սարսանգի ջրամբարը շրջափակման մեջ գտնվող Արցախի միակ հույսն է: Ջրի մակարդակն էապես իջած Սարսանգը, ցավոք, արցախցիները երբեք այսքան ցամաքած չեն տեսել:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
Արցախի ջրամբարներից միայն երկուսն են էներգետիկ՝ Սարսանգի եւ Մատաղիսի ջրամբարները: Վերջինս ադրբեջանական վերահսկողության տակ է 2020-ի սեպտեմբերի վերջից: Ադրբեջանցիները պատերազմը դեռ չավարտված՝ շտապեցին վերանվանել Մատաղիսը «Սուգովուշան», բառացի՝ ջրին հանդիպած: Ի դեպ, 2023թ. հունվարին ադրբեջանական մամուլում տարածվել էին Մատաղիսի ջրամբարի լուսանկարները, որտեղ երեւում էր դրա մակարդակի խիստ իջեցումը: Ադրբեջանում այս պատկերը խիստ հակասական քննարկումների առիթ էր դարձել:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
Արտակարգ դրության պայմաններում Սարսանգի ջրամբարի ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար թարմացնում է ոչ թե Տեղական ինքնակառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունն, այլ Արցախի Անվտանգության խորհուրդը: Տեղեկատվությունը, հասկանալի պատճառներով, ներկայում բաց աղբյուրներին հասու չէ:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
Հատկանշական է, որ մինչ Արցախյան երկրորդ պատերազմն Ադրբեջանը տարիներ շարունակ մեղադրում էր հայկական կողմին Սարսանգի ջրային ռեսուրսները չարաշահելու եւ նույնիսկ՝ դեպի Ադրբեջան հոսող Թարթառ գետում պայթուցիկներ տեղադրելու համար: 2013 թվականի օգոստոսի 14-ին Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ իշխանությունները պատրաստ են Ադրբեջանի հետ երկխոսություն սկսել ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ: Աղաբեկյանի առաջարկը, իհարկե, մնաց անպատասխան:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
Արդեն 2022-ի օգոստոսին Սարսանգի ջրամբար են այցելել նաեւ ադրբեջանցի մասնագետներ: Ըստ ադրբեջանական կողմի՝ նրանք Ադրբեջանի «Մելիորացիա եւ ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցներն էին: Նույն օրերին Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց, նշելով, որ 2020թ. պատերազմից հետո ջրային ռեսուրսների կառավարման, հանրությանը մատակարարվող խմելու եւ ոռոգման ջրերի անվտանգության ապահովման նպատակով Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են ունենում։
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
Այսօր, սակայն, հարցը, թե արդյոք այդ հանդիպումներում ձեռք բերված կապերն ու պայմանավորվածությունները ծառայում են ադրբեջանական շրջափակման հետեւանքով լուրջ բնապահպանական ու էներգետիկ խնդիրների առաջ կանգնած Արցախում վերոնշյալ հարցերի լուծմանը, հրետորական է…
Անլույս հույսը
Տանը վերմակներով շրջող փոքրիկները, ցրտի ու թերսնուցման հետեւանքով հատկապես երեխաների ու մեծահասակների շրջանում սրվող առողջական խնդիրներն ու լոգանքի համար փայտի վառարանի վրա տաքացող ջուրը ներկայի Արցախում ոչ թե 90-ականների հիշողությունն է, այլեւ ավելի քան իրական ներկան:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
Ցուրտ ձմռան պայմաններում 120 000 արցախահայությանը ջերմացնելու հարցում ամբողջովին միայնակ մնացած Սարսանգը, սակայն, ունակ է բավարարել ներքին էներգետիկ պահանջարկի միայն 60 տոկոսը, ինչի հետեւանքով ՀՀ-ից Արցախ հասնող էլեկտրագծի վթարի հենց հաջորդ օրվանից «Արցախէներգո» ՓԲԸ-ն ստիպված է եղել անցնել հովհարային անջատումների՝ խնայելու համար եղած սահմանափակ ռեսուրսները: Նախ օրական 2, այնուհետեւ 4, իսկ այժմ էլ 6 ժամ են ստիպված Արցախում մնալ առանց հոսանքի:
Ադրբեջանի կողմից ՀՀ-ից Արցախ գազի մատակարարման արգելափակման օրերին էներգետիկ ճգնաժամն է՛լ ավելի է խորանում. օդային գծերի շուրջ 3 անգամ ավելացող գերծանրաբեռնվածության հետեւանքով վթարային անջատումներ են տեղի ունենում եւ բնակչությունը փաստացի զրկվում է էլեկտրաէներգիայից նաեւ հովհարային անջատումների գրաֆիկից դուրս:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
Ստեփանակերտի քաղաքապետարանը սահմանափակ քանակով վառելափայտ է տրամադրում դրա կարիքն ունեցող ընտանիքներին, քանի որ փայտի վառարանները, որոնց ստեփանակերտցիները վաղուց հրաժեշտ էին տվել, այսօր դարձել են էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու միակ քիչ թե շատ կայուն տարբերակը:
Սոցցանցերի տարբեր հարթակներում նախկինում հազարավոր տեղահանվածների՝ Ստեփանակերտում վարձով տան անվերջանալի փնտրտուքներին այժմ եկել են փոխարինելու փայտի վառարանների կամ դրանց մասերի հայթայթման հուսահատ հայտարարությունները: Իհարկե, անտառաշատ Հադրութն ու Քարվաճառը կորցնելուց հետո Արցախն այսօր այս հարցում իրեն ճոխություններ թույլ տալ չի կարող:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
Դպրոցներում գազով ջեռուցման բացակայության պայմաններում արդեն բազմիցս ժամանակավորապես դադարեցվում եւ նորից վերականգնվում են հանրապետության դպրոցների մեծ մասի դասապրոցեսները: Միայն 9-12 դասարանցիների դասապրոցեսը կազմակերպելու համար երեխաներին ավելի արեւկող սենյակներ տեղափոխում, տեղ-տեղ փայտի վառարանների տեղադրում եւ էլ ինչ ասես, որ չեն մտածում ճգնաժամային պայմաններում ոչ առաջին անգամ աշխատող Արցախի ԿԳՄՍ-ում՝ դպրոցական եւ նախադպրոցական տարիքի ավելի քան 20 000 երեխայի կրթության իրավունքն իրացնելու համար:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
Մեդիամաքսի հետ զրույցում «Արցախէներգո»-ի տնօրենի առաջին տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշեց՝ չեն բացառում, որ հովհարային անջատումների նոր գրաֆիկ կունենան արցախցիները, քանի որ էլեկտրաէներգիայի խնայումն այլընտրանք չունի այս պահին.
«Ստիպված ենք կոչ անել մարդկանց առավել խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան, նույնիսկ՝ գազի առկայության պարագայում, քանի որ մենք ամեն օր ստիպված մաշում ենք մեր ունեցած սահմանափակ ռեսուրսը: Մենք պետք է գիտակցենք, որ ճանապարհի բացման պարագայում էլ այս խնդիրը չի վերանալու եւ սա ամենալուրջ ճգնաժամն է այս պահին, քանի որ սնունդը այս կամ այն կերպ բերվում է, բայց այս խնդիրը մնում է օրհասական»:
Գաբրիելյանի խոսքով՝ ՀՀ-ից Արցախ եկող բարձրավոլտ գծերի վնասման վայրում նորոգման աշխատանքներից կամ դրա շուրջ շարունակվող աշխատանքներից նորություններ դեռ չկան:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
Արդյո՞ք դեպի Արցախ նոր ճանապարհի՝ ապրիլի 1-ից գործարկվելիք Տեղ-Կոռնիձոր հայաստանյան հատվածում նոր էլեկտրագծերի կառուցմանը զուգահեռ Արցախի կողմից նույնպես աշխատանքներ տարվո՞ւմ են՝ Արցախի համապատասխան մարմինները դեռ պաշտոնական տեղեկատվություն չեն տարածում՝ իրավիճակի վրա ազդող կողմնակի ռիսկերից խուսափելու համար:
Սոֆիա Հակոբյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: