ԱՀ նախագահ․ Ինքնորոշման իրավունքից շեղվելու ուղղություն չենք տեսնում - Mediamax.am

2503 դիտում

ԱՀ նախագահ․ Ինքնորոշման իրավունքից շեղվելու ուղղություն չենք տեսնում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար մեկ շահառուն Արցախն է, ծածուկ որևէ բովանդակության բանակցումն ու իրագործումն անտրամաբանական և անհնար է»։

Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ՝ Արցախի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։

 

«Գործնականում մեր աշխատանքները մշտապես կոորդինացնել ենք եւ կարեւոր ենք համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղյակ լինեն մեր ծրագրերի, անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող բանակցությունների բովանդակությանն ու ընթացքին, մարտահրավերներին եւ հնարավորություններին», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա բարձր է գնահատել վերջին շրջանում Արցախի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Արցախի իշխանությունները նույնպես որդեգրում են խաղաղության օրակարգ:

 

«Ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգը ամենեւին էլ պարտության օրակարգ չէ: Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքն ու պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է: Կա շատ կարեւոր սկզբունք, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի եւ հայ», - ասել է ՀՀ վարչապետը:

 

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ «բարեբախտաբար, այսօր Արցախում քաղաքական առումով ձեւավորված է ընդհանուր մթնոլորտ եւ արցախահայությունն ընդունում է, ողջունում է խաղաղության օրակարգը»։

 

«Արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող, երեւի, չկա: Մյուս կողմից, ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքից, որով սկիզբ ենք դրել շարժմանն առաջին օրվանից, շեղվելու որեւէ ուղղություն չենք տեսնում», - ասել է Արայիկ Հարությունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին