ԱԳՆ. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո - Mediamax.am

1099 դիտում

ԱԳՆ. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հինգերորդ տարելիցի կապակցությամբ

«Հինգ տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման հանձնառությունը՝ լայնածավալ ռազմական  հարձակում սանձազերծեցին Արցախի դեմ՝ փորձելով ուժի կիրառման միջոցով լուծել ղարաբաղյան հակամարտությունը:

 

Հարձակողական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կանխամտածված թիրախավորում էին նաեւ քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները: Արցախի դեմ քառօրյա պատերազմն ուղեկցվում էր Արցախի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց դաժան սպանություններով, խոշտանգումներով, ինչպես նաեւ զոհվածների մարմինների անարգմամբ: Ազգային ատելության հիմքով այդ հանցագործություններն իրագործողները հետագայում պարգեւատրվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից` ամենաբարձր մակարդակով:

 

Ապրիլյան պատերազմին հաջորդած տարիներին, ոգեւորված իրագործված պատերազմական հանցագործությունների եւ մարդու իրավունքների ոտնահարումների անպատժելիությամբ, ադրբեջանական իշխանություններն ավելի սաստկացրեցին ռազմատենչ հռետորաբանությունն ու հայերի նկատմամբ ատելության քարոզը:

 

Այս քաղաքականության իրականացման արդյունքը դարձավ 2020թ. Թուրքայի եւ վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծումը, որը հանգեցրեց բազմաթիվ անդառնալի մարդկային եւ նյութական կորուստների: Ադրբեջանի ռազմական օկուպացիայի ներքո անցավ Արցախի տարածքի զգալի մասը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ դարձան փախստական:

 

2016թ. ապրիլին եւ  2020թ. սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմներն ու դրանց ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործությունները ցույց տվեցին, որ Արցախը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո:

 

Միայն Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների հասցեագրումը, Արցախի կարգավիճակի որոշումը կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանում ամուր խաղաղության եւ կայունության համար: Հայաստանը եւ հայ ժողովուրդը գործադրելու են հնարավոր բոլոր ջանքերը՝ լիարժեքորեն վերականգնելու Արցախի մեր հայրենակիցների բոլոր իրավունքները՝ իրենց պատմական հայրենիքում ազատ եւ արժանապատիվ կենսագործունեության համար», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին