Փաշինյան. Միակ ավարտը մեր հաղթանակն է, սա նոր Սարդարապատ է - Mediamax.am

3165 դիտում

Փաշինյան. Միակ ավարտը մեր հաղթանակն է, սա նոր Սարդարապատ է


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով դիմել է հայ ժողովրդին:

Նա ասել է, որ շուրջ մեկ շաբաթ հայությունը դիմակայում է «ադրբեջանա-թուրքական ահաբեկչական հարձակմանը, որն աննախադեպ ծավալ ունի»:

 

«Հարյուրավոր տանկերով, հազարավոր արկերով ու հրթիռներով, տասնյակ ինքնաթիռներով եւ ուղղաթիռներով, հարյուրավոր անօդաչու թռչող սարքերով ու մի քանի տասնյակ հազար հետեւակով գրոհում են առաջնագծի ողջ երկայնքով:

 

Մեկ դիրքի վրա գրոհում է 150-ից 200 զինվոր, ընդ որում, այդ գրոհները օրական կրկնվում են մի քանի անգամ: Մեր դեմ են կռվում նաեւ սիրիացի ահաբեկիչներ եւ թուրքական բանակի հատուկ ջոկատայիններ: Տեղեկություններ ունենք այն մասին, որ 150 թուրք բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի բանակի տարբեր հրամանատարական օղակներում եւ ղեկավարում են գործողությունները», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետն ասել է, որ հայկական կողմը կենաց-մահու կռիվ է տալիս, ինչի շնորհիվ թշնամին չի կարողացել որեւէ ռազմավարական խնդիր լուծել: «Աներեւակայելի է մեր զինվորների, կամավորների, սպաների տոկունությունը», - շեշտել է կառավարության ղեկավարը:

 

«Այսօր մենք ապրում ենք մեր պատմության թերեւս ամենավճռական պահը:

 

Նրանք չեն եկել միայն Ղարաբաղի կամ տարածքների հետեւից: Նրանց նպատակը հայությունն է ու Ցեղասպանության շարունակությունը: Բայց այսօրվա հայն այլեւս Դեր Զորի ճամփորդ չի դառնալու: Երեկ երեկոյան խոսել եմ մեր մի հրամանատարների եւ շարքայինների հետ՝ նրանք լի են անխորտակելի վճռականությամբ: Բացառապես հաղթանակն է այն ավարտը, որը մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում:

 

Այսօր մեր ուժերը էական հաջողություններ են ունեցել եւ ջախջախել են հակառակորդի մի քանի հատուկ ստորաբաժանում: Մենք պետք է կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որպեսզի նա այլեւս երբեք իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին: Սա մի նոր Սարդարապատ է եւ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է նվիրվել նպատակին, որի անունն է հաղթանակ: Ու մենք անպայման կհաղթենք: Փա՛ռք ընկած հերոսներին, փա՛ռք Հայոց բանակին», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին