Թուրք օդաչուներ, արաբ ահաբեկիչներ. ԱԱԾ փաստեր է հրապարակել - Mediamax.am

6117 դիտում

Թուրք օդաչուներ, արաբ ահաբեկիչներ. ԱԱԾ փաստեր է հրապարակել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը փաստեր է ներկայացրել ռազմական գործողություններում թուրքական կողմի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության եւ նրանց շրջանում առկա խուճապի վերաբերյալ:

ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններում թուրքական ռազմական ուժերն են ներգրավված:

 

Նյութերում արձանագրված են թուրք եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ խոսակցություններ, որոնցում ակնհայտ է Արցախի օդային տարածքում Թուրքիայի մասնակցությունն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մարտական գործողություններին:  

 

 

«Առկա են նաեւ ադրբեջանական կողմից ահաբեկիչների մասնակցության իրողությունը հաստատող փաստական տվյալներ, որոնք առավել քան հավաստի են դառնում ադրբեջանցի զինվորի եւ արաբ վարձկան ահաբեկչի միջեւ ռազմական գործողությունների վերաբերյալ ծավալվող զրույցի ընթացքում:

 

Ձեռք է բերվել նաեւ օպերատիվ տեղեկատվություն այն մասին, որ ադրբեջանական կողմում գտնվող վարձկան ահաբեկիչների շրջանում առկա են ծայրահեղ խուճապային տրամադրություններ, որոնք փաստվում են նրանց խոսակցությունների տրամաբանությամբ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

«Հաջի, երդվում եմ Աստծով, մի արի: Տղերքը ոչ ինձ գիտեն, ոչ էլ իրենց: Ուղղակի մեզ հետ են, մեզ խաբել են, ամեն ինչ սուտ է: Սա պատերազմ չէ, սա մսաղաց է, մարդիկ մեռնում են, դիակները չեն կարողանում դուրս բերել»,- ասում է վարձկան ահաբեկիչը զրույցի ընթացքում:

 

Մեկ այլ խոսակցության մեջ նշվում է, որ 100 հոգանոց խումբ է ժամանել Ադրբեջան, բայց նրանց չեն թողնում մասնակցել պատերազմին:

 

«Ադրբեջանի համար մարդ չթողնես գա, եւ ընդհանրապես, մարդ չթողնես գա: Վիճակը շատ վատ է, մենք այստեղ անտեր ենք: Երդվում եմ Աստծով, ամեն օր 40-50 հոգի մեռնում են եւ վիրավորները շատ են: Բոլորը սիրիացիներ են, ադրբեջանցիներ չկան պատերազմի դաշտում: Պատերազմը սկսելուց երկու օր հետո բոլորն ուզում են վերադառնալ, մեզ զենքի ուժով ստիպում են, որ այստեղ մնանք, ստիպողաբար մեզ ուղարկում են մարտի դաշտ»,- ասում է ահաբեկիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին