Մայր Աթոռը իշխանություններին կոչ է արել անսալ ժողովրդի պահանջներին - Mediamax.am

1305 դիտում

Մայր Աթոռը իշխանություններին կոչ է արել անսալ ժողովրդի պահանջներին


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Գերագույն հոգեւոր խորհուրդը «խիստ վտանգավոր է համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար»:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տարածել է Գերագույն հոգեւոր խորհրդի հայտարարությունը, որում ասվում է.

 

«Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության եւ բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։

 

Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության եւ, մասնավորապես, Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում՝ պատճառ դառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման սկզբնավորման:

 

Առկա գոյաբանական մարտահրավերներին հանդիման հոգեւոր սպասավորները, տվյալ դեպքում` Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ իրենց հոգեւոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ ու անհաղորդ՝ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին:

 

Մեր ժողովրդի զավակներին հորդորում ենք արդար մտահոգություններն ու անհանգստություններն արտահայտել բացառաբար խաղաղ ճանապարհներով եւ դրսեւորել հանդարտություն ու զսպվածություն՝ զերծ մնալով հակաօրինական գործողություններից: Հասարակական կարգի պահպանության համար պատասխանատու ծառայություններից ակնկալում ենք բացառապես օրենսդրությանը խիստ համապատասխան գործելաոճ։

 

Կոչ ենք անում նաեւ իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին եւ խաղաղությանն ուղղված գործընթացներում առաջնորդվել այնպիսի մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքները՝ խորացնելով մեր հանրության մեջ անպաշտպանվածության եւ անորոշության զգացումները: Կարեւորելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացները՝ միաժամանակ հաստատում ենք, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն պատերազմի բացառման, Հայաստանից բռնազավթված տարածքների վերադարձման եւ բնակավայրերի անվտանգ ու անխաթար կյանքի ապահովման երաշխիքների առկայության պայմաններում։

 

Ազգային մեր արժանապատվությունը, հայրենի պետության եւ սրբազան արժեքների հանդեպ նախանձախնդրությունն ու հավատարմությունը պետք չէ տեղի տան անհուսության, անհանդուրժողության եւ երկչոտության, թշնամանքի եւ ատելության առջեւ։

 

Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի եւ պետականության զորացման, մեր ժողովրդի ինքնության ու իրավունքների պաշտպանության, ազգային կյանքում միասնականության ու եղբայրսիրության ամրապնդման՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին