«Սահմանազատումը» հակասում է Հայաստանի եւ միջազգային օրենսդրությանը - Mediamax.am

1220 դիտում

«Սահմանազատումը» հակասում է Հայաստանի եւ միջազգային օրենսդրությանը


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան


Երեւան: Մեդիամաքս: Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան, ԵՊՀ դասախոս Արսեն Թավադյանն ասել է, որ Ադրբեջանի հետ իրականացվող սահմանազատումը չի համապատասխանում Հայաստանի եւ միջազգային օրենսդրությանը:

««Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը հստակ նշում է, որ պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա: Այդպիսի միջազգային պայմանագիրը ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածի հիման վրա պետք է վավերացվի Ազգային ժողովի կողմից, իսկ մինչ դա Սահմանադրական դատարանի կողմից գնահատվի, քանի որ այդպիսի պայմանագիրն ունի ռազմական եւ քաղաքական բնույթ, կարող է առաջացնել ֆինանսական եւ գույքային պարտավորություններ:

 

Այնուհետեւ կարող է ստեղծվել միջպետական հանձնաժողով: Այդ հանձնաժողովը կարող է ստեղծվել կրկին միջազգային պայմանագրի հիման վրա, որը ըստ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի առնվազն պետք է հաստատվի նախագահի կողմից:

 

Դրանից հետո սահմանազատման արդյունքներով կնքվելու է կրկին միջազգային պայմանագիր, որը «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի հիման վրա կրկին պետք է վավերացվի Ազգային ժողովի կողմից», - նշել է իրավաբանը:

 

Արսեն Թավադյանը տեղեկացրել է, որ հենց այս ընթացակարգով է ընթանում Վրաստանի հետ սահմանազատումը:

 

«Ինձ կարող են, իհարկե, հակաճառել, որ մենք թույլ ենք, չենք կարող հղում կատարել իրավական փաստաթղթերին, ստիպված ենք Ադրբեջանի ուժային պահանջներին ենթարկվել: Դրա վերաբերյալ երկու միտք`

 

1. Մենք թույլ ենք այս կառավարության վերջին վեց տարիների ընթացքում վարած քաղաքականության պատճառով: Այսինքն, հենց այս կառավարությունն է մեզ մտցրել անելանելի վիճակի մեջ, հիմա ասում է. կներեք՝ այլ բան չենք կարող անել:

 

2. Եթե նույնիսկ այլ ելք չունենք, առնվազն պետական պաշտոնյաները պետք է շատ զգույշ հրապարակային լեքսիկոն օգտագործեն, որպեսզի հետագայում` իրավիճակի փոփոխության դեպքում, այդ հայտարարությունները մեր դեմ չկիրառվեն:

 

Այժմ, բարձրագույն պաշտոնատար անձինք այնպիսի արտահայտություններ են անում, որոնք հող են ստեղծում ապագայում Ադրբեջանի կողմից նոր, այդ թվում` ֆինանսական բնույթի պահանջներ առաջադրելու համար եւ մեզ զրկում են մեր պահանջները առաջադրելու հնարավորությունից: Գոնե կարելի էր լռել: Եթե չեք լռում, նշանակում է սա ոչ թե կամ ոչ միայն ուժի պարտադրանք է, այլեւ նաեւ իշխող ուժի ցանկությունը», - եզրափակել է իրավաբանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին