11855 դիտում

Արցախում նշել են Շարժման 30-ամյակը


Լուսանկարը` Agnieszka Pikulicka

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաք:

Հանրահավաքում ելույթ է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Ներկայացնում ենք որոշ հատվածներ նրա ելույթից:

1988 թվականը

1988 թվականը բեկումնային եղավ հայ ժողովրդի պատմության մեջ: Երեք տասնամյակ առաջ այս օրերին համայն հայությունը համախմբվեց, դարձավ մի բռունցք՝ ողջ աշխարհին ազդարարելով սեփական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու համար մաքառելու իր պատրաստակամության մասին:

Համաժողովրդական այս պոռթկումը մարտահրավեր էր բռնատիրությանը, հալածանքներին, մարդու իրավունքների խախտումներին, բոլոր այն արհավիրքներին, որոնց միջով անցել է մեր ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում: Եվ այս շարժման պսակը դարձավ հայոց անկախ պետականության վերականգնումը:

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն


Մենք այլընտրանք չունեինք եւ երբեւիցե չենք համակերպվել գերության հետ՝ բազմաթիվ փորձեր ձեռնարկելով օտար լուծը թոթափելու ուղղությամբ: Ինչպես հանրաճանաչ ակադեմիկոս Անդրեյ Սախարովն է ժամանակին ասել՝ հայերի համար այս պայքարը կյանքի ու մահվան հարց է, Ադրբեջանի համար՝ ամբիցիաների:

Պայքարի բացառիկ օրինակ եւ պատասխան բռնություն

Արցախյան շարժումը ազգային-ազատագրական պայքարի այն բացառիկ օրինակներից մեկն է, որն ի սկզբանե որդեգրել էր պատմական արդարության եւ ոտնահարված իրավունքների վերականգնումը քաղաքակիրթ ու խաղաղ միջոցներով, միջազգային նորմերին ու կանոններին խիստ համահունչ:

Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին առանց վարանելու դիմեցին բռնությունների՝ կազմակերպելով խաղաղ հայ բնակչության կոտորածներ, ջարդեր, տեղահանումներ, որոնք դարձան մարդկության դեմ հանցագործությունների ամենագարշելի դրսեւորումներից:

Այդ ցեղասպան քաղաքականության արդյունքում հարյուր-հազարավոր հայեր բռնատեղահանվեցին իրենց օջախներից, մեր պատմական հայրենիքի զանազան վայրերից, հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ոչնչացվեց հայ մշակույթի նյութական եւ ոչ նյութական հարուստ ժառանգությունը ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում:

Ադրբեջանը շարունակում է նույն ոճով

Բաքվի իշխանությունները չեն հրաժարվել Արցախյան հիմնախնդիրը ուժային տարբերակով լուծելու իրենց նպատակներից՝ դիմելով տարբեր սադրանքների, ամեն օր խախտելով զինադադարի ռեժիմը, ագրեսիվ քաղաքականություն վարելով Արցախի եւ Մայր Հայաստանի դեմ տեղեկատվական, քաղաքական, դիվանագիտական եւ այլ հարթություններում: Իսկ 2016 թվականի ապրիլին անցնելով լայնածավալ հարձակման՝ Ադրբեջանը պլանավորում էր սրընթաց պատերազմի միջոցով ոչնչացնել արցախյան պետականությունը:

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն


Բոլոր այդ փորձերը ձախողվեցին, եւ թշնամին ետ շպրտվեց՝ տալով զգալի մարդկային, նյութական ու բարոյական կորուստներ: Այդպես եղել է եւ այդպես կլինի ընդմիշտ:

Դրա երաշխիքը մեր հզոր բանակն է, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, իր երկիրը եւ հուսալի ապագան սեփական ուժերով կերտող մեր ժողովուրդը, հայրենիքի պաշտպանության ժամանակ կոփված հայրենասեր ու հզոր անկախության սերունդը:

Մարտիրոսված հերոսները

Պաշտպանության բանակը եւ հայոց զինված ուժերը մեր ազգային-ազատագրական պայքարի, մեր անկախ պետականության ամենամեծ ձեռքբերումներից են, մեր ժողովրդի եւ հայրենիքի անվտանգության ապահովման, նրա բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման ամենաազդեցիկ գործոններից մեկը:

Պետությունը այսուհետ էլ անելու է ամեն ինչ երկրի պաշտպանունակության ամրապնդման, մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովման, բանակը ժամանակակից զինտեխնիկայով հագեցման ուղղությամբ:
Այս գոյապայքարում, դժբախտաբար, մենք ունենում ենք նաեւ անդառնալի կորուստներ: Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքն են նվիրաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները: Նրանք զոհ չեն, նրանք մարտիրոսված հերոսներ են, ովքեր անմահացան եւ շարունակում են իրականացնել հայրենիքի պաշտպանի իրենց սուրբ առաքելությունը՝ ոգեշնչելով եւ պարտավորեցնելով՝ անմնացորդ ծառայել հայրենիքին, աշխատել ի փառս նրա զարգացման ու զորացման:

Հակառակորդը միշտ պետք է իմանա, որ մեզ հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման: Մեր ժողովուրդը, մեր բանակը եւ ողջ հայությունը ցանկացած պահի արժանի հակահարված կտան մեր ազատությանն ու անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր ոտնձգության:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am