Դավիթը՝ թշնամու առաջընթացը կանխած հետախույզը - Mediamax.am

exclusive
28689 դիտում

Դավիթը՝ թշնամու առաջընթացը կանխած հետախույզը


Հետախույզ Դավիթը
Հետախույզ Դավիթը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետախույզ Դավիթը
Հետախույզ Դավիթը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապրիլյան պատերազմի առաջին օրերին հսկայական գործ արեցին հատուկ նշանակության հետախուզական ստորաբաժանումները, որոնց իրենց աշխատանքի մասին սովորաբար քիչ ենք խոսում, իսկ խոսելիս հատուկ զսպվածություն ցուցաբերում:

 

Մեդիամաքսի թղթակիցն Արցախի հարավում հանդիպել է ստորաբաժանման տղաներից մեկին՝ հետախույզ Դավիթին (անունը փոխված է), ով ծառայակից ընկերների հետ հանկարծակիի է բերել առաջ շարժվող հակառակորդին ու հետ շպրտել նրան: Հետախույզի հետ զրույցը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

 

***

 

Ապրիլի լույս 2-ի գիշերը տագնապ ստացանք, լուսաբացին արդեն առաջնագծի հարավային (Ջաբրաիլի) ուղղությամբ տեղակայված դիրքերում էինք: Ողջ օրը կռիվը շարունակվեց: Հաջորդ գիշեր հակառակորդը կրկին կրակ էր վարում մեր ուղղությամբ:  Հետո, կարծելով, թե դիրքում մարդ չկա, նախօրեին իր կողմից վերցրած հայկական դիրքից, որն այժմ էլի մերն է, փորձում էր առաջ գալ, բայց հանկարծակիի եկավ. հատուկ մշակված ծրագրով հետ շպրտեցինք նրանց: Համակարգված աշխատեցինք՝ բոլորը մեկի պես ու մի նպատակի համար, ինչի արդյունքում թշնամին ջախջախվեց ու դիմեց փախուստի՝ կրելով բազմաթիվ կորուստներ:

 

***

 

Ցավոք, գործողության ժամանակ մեր խմբից երեք տղա զոհվեց: Անկախ տարիքից ու մասնագիտությունից՝ նրանց համար մեր աչքերում արցունք հայտնվեց, սրտում՝ թախիծ: Նրանք միշտ մեր կողքին կմնան: Միայն ֆիզիկապես ենք կորցրել մեր ընկերներին՝ ավելի  պարտավորվելով նրանց գործը պատվով շարունակելու հարցում: Հիմա ամենքս գործում ենք ոչ միայն մեր, այլեւ մեր զոհված ընկերների փոխարեն:

 

***

 

Բոլորն անում են իրենցից կախված հնարավոր ու անհնարին ամեն ինչ, բայց ամենից շատ մեզ զարմացրել է շարքային զինվորների կատարածը. 18-20 տարեկան տղաներն այնպես արագ են կողմնորոշվում, այնքան խիզախ են ու անվախ, որ նրանց պահվածքով միայն հիանալ կարելի է: Նրանք հերոս որդիներ են, ովքեր, հակառակորդից  350-400 մետր հեռավորության վրա գտնվելով, այնպիսի ուժ ու քաջություն ունեն, ասես մի քանի անգամ պատերազմի մեջով անցած լինեն:

 

***

 

Արդեն երեք տարի է՝ ծառայության մեջ եմ: Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը. հայրենիքի պաշտպանությունը ցանկացած տղայի պարտքն է: Եթե ես չպահեմ իմ նախնիների հողը, իմ երեխեքն ու՞մ հողի վրա պետք է մեծանան: Մենք բոլորս պարտք ունենք մեր երեխաների, մեր զոհված ընկերների երեխաների ու բոլոր այն մարդկանց առջեւ, ովքեր կռվել ու կռվում են հանուն հայրենիքի:

 

Խաղաղությունը գին ունի: Մինչ իմ կամ ծառայակից ընկերոջս սահմանին կանգնելը մի ուրիշ մեկն է կանգնել ու իմ համար ապահովել այդ խաղաղությունը հիմա իմ, մեկ ուրիշի հերթն է, հիմա մենք պետք է նրան ու նրա երեխաներին վերադարձնենք այդ խաղաղության «պարտքը»:

 

Բոլորը պետք է այդ գիտակցությամբ առաջ շարժվեն ու հասկանան, որ իրենց խաղաղության համար պարտք են ինչ-որ մեկին, այդ պարտքի գիտակցումը պետք է անցնի սերունդներին: Մենք թշնամի հարեւան ունենք՝ այլ ելք չկա:

 

Մեդիամաքս

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին