Ալիեւ. Ադրբեջանին մեկուսացնելու փորձերը «մեծ աղետի» կհանգեցնեն - Mediamax.am

2759 դիտում

Ալիեւ. Ադրբեջանին մեկուսացնելու փորձերը «մեծ աղետի» կհանգեցնեն


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «Հարավային Կովկասում գործընթացները զարգանում են շատ վտանգավոր ուղղությամբ, եւ Ադրբեջանն իրավացիորեն իր մտահոգությունն է հայտնում այդ կապակցությամբ»։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը Ալիեւն ասել է, որ «Հարավային Կովկասի համար պատրաստված պլանը կարող է ապագայում մեծ աղետի հանգեցնել»։

 

Նա նշել է, որ «Ադրբեջանի կողմից Ղարաբաղը օկուպացիայից ազատելը եւ հատկապես անցած տարվա սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական գործողությունը անհանգստություն են առաջացրել որոշ ուժերի մոտ»։

 

Մասնավորապես, հիշեցրել է Ալիեւը, Եվրախորհրդարանը բանաձեւեր է ընդունել, իսկ ԵԽԽՎ-ն ադրբեջանական պատվիրակությանը զրկել է ձայնի իրավունքից։ Ալիեւի խոսքով, նման քայլերը կարող են հանգեցնել «շատ բացասական հետեւանքների»։

 

Խոսելով այսօր Բրյուսելում կայացած ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպման մասին՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ «այն վտանգի եւս մեկ աղբյուր է ստեղծում Հարավային Կովկասի համար»։

 

Նա ասել է, որ վերջին օրերին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները փորձել են Բաքվին համոզել, որ այս հանդիպումը ուղղված չէ Ադրբեջանի դեմ։ Ալիեւը, սակայն, կարծում է, որ «այս հանդիպումը Հարավային Կովկասում բաժանարար գծեր ստեղծելու եւ մեր երկիրը մեկուսացնելու նպատակ ունի»։

 

Նրա խոսքով, «Հայաստանը Հարավային Կովկասում զինված ֆորպոստ դարձնելու փորձերը ապագայում մեծ հետեւանքներ կունենան, եւ այդ պատճառով մենք հայտարարություններով հանդես եկանք՝ զգուշացնելու մեր գործընկերներին ԱՄՆ-ում եւ Եվրոպայում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին