Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչով դիմել է միջազգային հանրությանը - Mediamax.am

3760 դիտում

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչով դիմել է միջազգային հանրությանը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի եւ մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը:

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տարածել է հայտարարություն, որում ասվում է.

 

«Ադրբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախնական կալանքի ժամկետը։

Ութ ամիս շարունակ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են միջազգային իրավունքը եւ մարդկային արժանապատվությունը՝ Ռուբեն Վարդանյանին պահելով անազատության մեջ՝ առանց դատավարության եւ պատշաճ գործընթացի։

 

Նրանք շարունակում են հրաժարվել հայտնել, թե երբ տեղի կունենա պատշաճ դատավարություն կամ լսումներ իրենց, այսպես կոչված, «մեղադրանքների» հիման վրա: Վարդանյանի կալանքը եւս հինգ ամսով երկարաձգելու այս որոշումը, առանց պատշաճ իրավական ընթացակարգի, մարդու հիմնարար իրավունքների եւս մեկ կոպտագույն խախտում է:

 

Մինչ Եվրախորհրդարանի բանաձեւի, ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների մասին օրինագծի եւ Ֆրանսիայի Սենատի բանաձեւի միջոցով շարունակվում են ուժգնանալ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումները, մենք՝ Վարդանյան ընտանիքը, կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարությունների, բիզնեսի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին պահանջել Ռուբեն Վարդանյանի եւ մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը, եթե Ադրբեջանը ցանկանում է պահպանել COP 29-ը հյուրընկալելու արտոնությունը, որն Ադրբեջանը հռչակել է որպես «Խաղաղության COP»»:

 

Ռուբեն Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերն ասել է, որ «կալանքի ժամկետի երկարաձգումների միակ բացատրությունն այն է, որ այս գործը քաղաքական է».

 

«Խափանման միջոց կալանքի բազմակի երկարաձգումները, առանց գրավի դիմաց ազատ արձակելու մերժումը հիմնավորելու անհատականացված ու կոնկրետ որոշման, Ռուբեն Վարդանյանի իրավունքների հերթական կոպտագույն խախտումն է՝ համաձայն Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, որին Ադրբեջանն անդամակցում է։ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի դեմ որեւէ փաստացի ապացույց չունի նրան դատապարտելու համար։ Հետեւաբար, նա պետք է անհապաղ կերպով եւ անվերապահորեն ազատ արձակվի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին