ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն ավելացնում են տնտեսական աջակցությունը Հայաստանին - Mediamax.am

2244 դիտում

ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն ավելացնում են տնտեսական աջակցությունը Հայաստանին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր ասել է, որ Միացյալ Նահանգները «ցանկանում է Հայաստանը տեսնել որպես ուժեղ, անկախ երկիր, որը խաղաղ գոյակցության մեջ է իր հարեւանների հետ»:

«ԱՄՆ-ը ցանկանում է օգնել այս հարցում Հայաստանին: ԱՄՆ-ը ՀՀ տնտեսության մեջ կներդնի 65 մլն դոլար, ինչը 50 տոկոսով ավելին է 2 տարի առաջ տրամադրած աջակցությունից»,- Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպումից հետո ասել է Էնթոնի Բլինքենը:

 

Նա նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել նաեւ ԼՂ-ից տեղահանված հայերին.

«Սա շատ կարեւոր է Հայաստանի երկարաժամկետ կայունության համար: Այս տարածաշրջանում հզոր ապագա կա, եւ մարդիկ կարող են միայն շահել դրանից»:

 

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր հերթին նշել է, որ առաջիկա տարիներին աջակցություն կտրամադրվի Հայաստանին:

 

«Մենք կաջակցենք ՀՀ բիզնեսին, տաղանդներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին, որպեսզի նրանք զարգանան եւ նոր շուկաներ մտնեն։ Ներդրումներ կկատարենք ենթակառուցվածքային ծրագրերում, Հայաստանի վերականգնող էներգիայի ոլորտում, ինչպես նաեւ՝ ավիահաղորդակցության եւ միջուկային էներգիայի ոլորտներում»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

 

Նրա խոսքով՝ իրենք կուսումնասիրեն անդրսահմանային փոխադրումների հնարավորությունը:

 

«ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց»,- ասել է նա:

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ այս հանդիպումը նշանավորում է Հայաստանի ընդլայնվող գործընկերությունն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ։

 

«Չնայած բազմաթիվ ճգնաժամերին՝ Հայաստանը ժողովրդավարության առումով մեծ առաջընթաց է ունեցել: Մենք կքննարկենք Հայաստանի ջանքերը ժողովրդավարական ինստիտուտներն ամրացնելու հարցում։ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ բարեփոխելու դատական համակարը, որպեսզի ունենանք ավելի ապահով երկիր»,- ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ վերահաստատել է, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի՝ «տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման եւ ինքնիշխանության սկզբունքների, ինչպես նաեւ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման եւ սահմանագծման համաձայն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին