Փաշինյան. Ադրբեջանին զսպում է միայն միջազգային հանրության ակտիվությունը - Mediamax.am

1603 դիտում

Փաշինյան. Ադրբեջանին զսպում է միայն միջազգային հանրության ակտիվությունը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «մենք շարունակում ենք բազմապատկել մեր ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնելու ուղղությամբ»:

«Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը եւ սադրիչ գործելակերպը զսպելու, 2020 թվականի նոյեմբերի  9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները լիարժեք իրականացնելու եւ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու եղանակը», - ասել է վարչապետը՝ Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ ուղերձում:

 

«35 տարի անց էլ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ: Այսօր էլ մեր հայրենակիցները գտնվելով շրջափակման մեջ՝ ստիպված են իրենց իրավունքների ու անվտանգության պաշտպանության կամքն արտահայտել: Ինչպես բազմիցս եմ նշել՝ Ադրբեջանի այս գործողությունները մեկ նպատակ ունեն՝ կոտրել սեփական Հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքը», - ասված է ուղերձում:

 

«Մենք շարունակելու ենք արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, անվտանգային մարտահրավերների հաղթահարման, Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մեխանիզմների ձեւավորմանն ուղղված մեր  հետեւողական քայլերը: Այս նպատակների իրականացումը պահանջում է անմնացորդ աշխատանք ու այդ աշխատանքի մեջ պիտի լինենք անսասան», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին