Միրզոյանը հույս ունի՝ ՌԴ-ն ավելի մեծ ջանքեր կգործադրի գերիների հարցում - Mediamax.am

2597 դիտում

Միրզոյանը հույս ունի՝ ՌԴ-ն ավելի մեծ ջանքեր կգործադրի գերիների հարցում


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում վստահություն է հայտնել, որ Հայաստանը կշարունակի զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության եւ փոխադարձ շահերի խորը ընկալման վրա:

Նա նշել է, որ այսօրվա բանակցությունների առանցքում եղել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը և ԼՂ կարգավորման գործընթաց:

 

«Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության պատրաստակամությունը ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հասնելու ուղղությամբ: Այս համատեքստում առանցքային է ԼՂ հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության եւ բոլոր իրավունքների ապահովման եւ ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը: ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, եւ մենք շահագրգռված ենք ակտիվացնելու միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով այս ձեւաչափի գործունեությունը»,- ասել է Արարատ Միրզոյանը:

 

Նա նշել է, որ Ռուսաստանն առանցքային դերակատարություն է ունեցել ԼՂ ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կասեցնելու գործում. «ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ որպես սադրանքները կանխելու եւ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործոն, կոչված է պայմաններ ստեղծելու մեր տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգման, կայունության եւ անվտանգության ապահովման համար: Հայաստանում շարունակում են հավատալ, որ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն, մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել է Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղ ներխուժմամբ»:

 

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել նաեւ Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունների կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական եւ հրատապ է հայ ռազմագերիների վերադարձի հարցը. «Այս ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք, բայց, միեւնույն ժամանակ, ռազմական գործողությունների ավարտից գրեթե 2 տարի անց, Ադրբեջանը խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության դրույթների կատարումը եւ հրաժարվում վերադարձնել հայ ռազմագերիներին եւ մյուս պահվող անձանց: Հույս ունենք, որ ռուսական կողմն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ»:

 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահ անձնակազմի կայունացնող դերակատարությանը տրված բարձր գնահատականի համար:

 

Նա վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն աջակցել Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը. «Ողջունում ենք նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, սա եւս պետք է նպաստի միջավայրի առողջացմանը տարածաշրջանում»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ կարեւորելով տարածաշրջանային 3+3 հարթակի անխափան աշխատանքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին