Բարի գալուստ ջունգլիներ կամ 4 հարց Եվրոպայի համար - Mediamax.am

exclusive
2249 դիտում

Բարի գալուստ ջունգլիներ կամ 4 հարց Եվրոպայի համար


Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնը
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնը

Լուսանկարը` REUTERS

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը

Լուսանկարը` REUTERS

Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնը եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը
Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնը եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը

Լուսանկարը` REUTERS

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի տնօրեն Մարկ Լեոնարդի հոդվածից՝ գրված Project Syndicate-ի համար։

 

Ճգնաժամը, որը Պուտինը ստեղծեց Եվրոպայում, չի վերաբերում միայն անվտանգությանը։ Այն փիլիսոփայական բնույթ ունի։ Եվրոպական նախագիծը կառուցվում էր այն գաղափարի վրա, որ նախկին թշնամիները կարող են բարեկամներ դառնալ տնտեսական, իրավական եւ (ժամանակի ընթացքում) քաղաքական փոխկախվածության միջոցով: Երբ Ուկրաինայի պատերազմին նայում ես կողքից, այն կարծես անցած դարի ռազմական ինտերվենցիա լինի։ Սակայն հակամարտությունը երկաթե վարագույրի հետեւում չի ծավալվում։ Նրանում ներգրավված են կողմեր, որոնք ամբողջապես կապված են միմյանց հետ, եւ այն վարվում է ոչ միայն ինքնաթիռների եւ տանկերի, այլեւ պատժամիջոցների, արտադրական շղթաների, ֆինանսական հոսքերի, մարդկանց, տեղեկատվության օգնությամբ։

 

Նման գերկապվածությունը աանհնարին է դարձնում կայուն աշխարհը: Եվրոպան պետք է պատրաստվի մշտական խափանումների եւ շփոթության՝ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Պուտինը մնում է իշխանության ղեկին: Եվրոպական կարգը վերանայելիս քաղաքական գործիչները պետք է խորհեն չորս համալիր հարցերի շուրջ:

 

Նախ՝ ո՞րտեղ են անցնելու Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի սահմանները։ Եվրոպացիները երկար տարիներ մտածել են սահմանների մասին՝ դրանք Եվրոպայի ներսում չեղարկելու (կամ մեղմացնելու, օրինակ՝ Կոսովոյի անկախությունը ճանաչելու համար) համատեքստում: ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ճշգրիտ եզրերը մի փոքր երկիմաստ էին: Սակայն այժմ մեծ բանավեճ է սկսվելու, թե ով է ներսում, իսկ ով` դրսում:

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը

Լուսանկարը` REUTERS

Այս տարբերությունների բյուրեղացման արդյունքում կունենանք ավելի փոքր, բայց ավելի համախմբված Արեւմուտք: Շվեդիան եւ Ֆինլանդիան կարող են անդամագրվել ՆԱՏՕ-ին, բայց ավելի քիչ հանդուրժողականություն կլինի այն երկրների նկատմամբ, որոնք կփորձեն նստած մնալ երկու աթոռների վրա՝ Հունգարիան, Թուրքիան եւ Սերբիան պետք է ընտրություն կատարեն։ Եվ մեծ բանավեճ կլինի այն երկրների մասին, որոնք ցանկանում են անդամակցել ԵՄ-ին, բայց չեն համապատասխանում անդամակցության չափանիշներին (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Արեւմտյան Բալկանների երկրներ)։ Որոշ եվրոպացի դիվանագետներ արդեն սկսել են խոսել «բազմաթիվ արագությունների Եվրոպայի» մասին, որտեղ նման երկրները կարող են սահմանափակ մուտք ունենալ դեպի ընդհանուր շուկա:

 

Երկրորդ հարցը՝ արդյոք Եվրոպան պատրա՞ստ է տարածաշրջանային կարգի, որը հիմնված է ոչ թե իրավունքի ու ինստիտուտների վրա, այլ ուժերի հավասարակշռության վրա: Ռուսաստանի հետ համատեղ հին հայեցակարգին այսօր փոխարինում է ընդդեմ Ռուսաստանի կարգի հայեցակարգը՝ առանց ընդհանուր ինստիտուտների եւ վստահության։ Սկսվելու է վերազինման հզոր շարժում, եւ այդ գործընթացն արդեն սկսվել է Գերմանիայում եւ Դանիայում։ Նոր բանավեճեր կլինեն ռազմական կայանների եւ միջուկային զենքի վերաբերյալ, եւ դա կշեղի եվրոպական ուշադրությունը (եւ հավանաբար, ռեսուրսները) համաշխարհային բազմակողմ փոխգործակցությունից:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնը եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնը եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը

Լուսանկարը` REUTERS

Երրորդ հարցը՝ առդյո՞ք Եվրոպան ունի քաղաքական հիմք տնտեսական եւ սոցիալական կայունություն ապահովելու համար: Կապակցման պատերազմներում, այսինքն՝ փոխկապակցված տերությունների միջեւ հակամարտություններում, հաջողության գրավականը համբերությունն է եւ ցավին դիմանալու կարողությունը: Թեեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն այսօր հանրային լայն աջակցություն են վայելում, այն կարող է երկար չտեւել, եթե նավթի եւ գազի գները շարունակեն արագ աճել:

 

Եվրոպական կառույցները ստեղծել էին տնտեսական վերականգնման շատ մեծ հիմնադրամ՝ Covid-19-ի պատճառով ԵՄ-ի փլուզումը կանխելու համար, եւ այժմ նրանք քննարկում են համերաշխության նոր մեխանիզմ՝ օգնելու սպառողներին հաղթահարել էներգակիրների գների աճը եւ պատժամիջոցների այլ՝ դոմինոյի էֆեկտ ստեղծող հետեւանքները: Այսպես թե այնպես, Եվրոպան կվերակազմավորի իր էներգետիկ շուկաները, արտադրական շղթաները եւ ֆինանսական հատվածը, եւ այդ վերակառուցման հետեւանքները գլոբալ նշանակություն կունենան։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը

Լուսանկարը` REUTERS

Վերջին մեծ հարցը. Եվրոպան տարածաշրջանային, թե՞ գլոբալ կարգի մաս է: Դեռ մի քանի շաբաթ առաջ թվում էր, թե Եվրոպան գտնվում էր 21-րդ դարի վճռորոշ մրցակցության աշխարհաքաղաքական ետնամասում։ Բայց մայրցամաքում պատերազմի բռնկումը եւ Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ գործընկերության ամրապնդումը Եվրոպան եւ «Եվրասիան» հետ են բերում համաշխարհային բեմի կենտրոն։ Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի անդամ Ջերեմի Շապիրոյի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն այժմ պետք է կապեր հաստատի Ասիայի ժողովրդավարական երկրների հետ՝ համակարգելով քաղաքականությունը եւ նույնիսկ առաջ մղելով իր դիրքերը եվրոպական եւ խաղաղօվկիանոսյան թատերաբեմերում:

 

Շատ դիտորդներ նշում են, որ Պուտինն ապրում է իր ուրույն աշխարհում՝ իր պատմական երեւակայություններով եւ շրջապատված լինելու վախերով։ Սակայն այս փոխաբերությունն անտեսում է այն փաստը, որ մեր ճակատագրերը միահյուսված են: Կարեւոր չէ, թե ինչ է մտածում Պուտինը այն մասին, թե որ աշխարհում (կամ որ ժամանակում) է ինքը ապրում։ Կարեւորն այն է, որ քանի

դեռ նա Կրեմլում է, Եվրոպան իրեն ապահով չի զգալու։

 

Եվրոպացի առաջնորդները ստիպված կլինեն ընդհանուր եզրեր գտնել իրենց ցանկալի աշխարհի եւ այն աշխարհի միջեւ, որը Պուտինը պարտադրում է իրենց:

 

 

Copyright: Project Syndicate, 2022.

www.project-syndicate.org

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին