ՀՀ-ը սատարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի առաջարկը - Mediamax.am

726 դիտում

ՀՀ-ը սատարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի առաջարկը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այսօր ասել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` ԼՂ հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում են առաջնահերթ եւ հրատապ։

Երեւան եւ Բաքու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցելության առաջարկը Հայաստանի ԱԳՆ-ը դիտարկում է բացառապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից առաջարկված վերոնշյալ առաքելության շրջանակում։

 

«Հայաստանը սատարում է այս առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը`«Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային եւ դրան կից երկու արձանագրություններին համահունչ։

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետեւանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար:

 

Հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված վանդալիզմի դեպքերը, ինչպես նաեւ Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից օրեր առաջ հայկական պատմամշակութային ժառանգության ինքնությունը խեղաթյուրելուն ուղղված աշխատանքային խմբի ստեղծման ազդարարումը փաստում են, որ նման վտանգն առավել քան իրական է»,- ասված է ԱԳՆ խոսնակի մեկնաբանության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին