ԱԳՆ ղեկավարը հանդիպել է համանախագահ երկրների դեսպանների հետ - Mediamax.am

1622 դիտում

ԱԳՆ ղեկավարը հանդիպել է համանախագահ երկրների դեսպանների հետ


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթին եւ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Հանդիպման օրակարգում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղությանն առնչվող հարցեր, հաղորդում են ԱԳՆ-ից:

 

«Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Արա Այվազյանը կարեւորել է կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում շեշտելով Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության իրավունքը:  

 

Նախարարը, ներկայացնելով հրադադարի հաստատման եւ Արցախ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության կյանքի կոչման ընթացքը, առանձնահատուկ ընդգծել է հումանիտար հարցերի լիարժեք եւ անխափան հասցեագրման առաջնահերթությունը, մասնավորապես՝ ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց վերադարձի մասով:

 

Արա Այվազյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապության վրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության ոչնչացման կամ ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին