Կարասինը զգուշացրել է Վրաստանին՝ չմոռանալով Հայաստանի մասին - Mediamax.am

7844 դիտում

Կարասինը զգուշացրել է Վրաստանին՝ չմոռանալով Հայաստանի մասին


Գրիգորի Կարասինը
Գրիգորի Կարասինը

Լուսանկարը` Aif.md


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանում մտահոգված են, որ Վրաստանում «բավականին հաճախ տեղի են ունենում ՆԱՏՕ-ի ծավալուն զորավարժություններ, ընդ որում, Վրաստանը նպաստում է, որ դրանց մասնակցեն նաեւ տարածաշրջանի այլ երկրներ, օրինակ՝ Հայաստանը»:

Այս մասին Կոմերսանտին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պետքարտուղար, արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ Պրահայում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպումից հետո:

 

Հանդիպումից առաջ Կարասինն ասել էր, որ «մտադիր է զգուշացնել վրաց գործընկերներին հնարավոր անակնկալների մասին, որոնք ոչ հաճելի կլինեն երկու երկրների համար»:

 

Հանդիպումից հետո նա հստակեցրել է, թե ինչ ի նկատի ուներ:

 

«Բանն այն է, որ վրացական արտաքին քաղաքականության մեջ ավելի ու ավելի ակտիվ է արտացոլվում ՆԱՏՕ-ի հետ կապված օրակարգը: Այնտեղ բավականին հաճախ տեղի են ունենում ՆԱՏՕ-ի ծավալուն զորավարժություններ, ընդ որում, Վրաստանը նպաստում է, որ դրանց մասնակցեն նաեւ տարածաշրջանի այլ երկրներ, օրինակ՝ Հայաստանը: Վրաց գործիչները խոսում են դեպի ՆԱՏՕ արագացված ընթացքի, «ողջ ժողովրդավարական Եվրոպային սպառնացող ռուսաստանյան սպառնալիքի մասին» եւ այլն: Բնականաբար, դա չի նպաստում Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերություններում փոխադարձ ձգողականության մթնոլորտի ամրապնդմանը:

 

Թբիլիսին պետք է կողմորոշվի՝ կամ իրենք ընտրում են Հարավային Կովկասում տարածաշրջանային բարեկեցության մթնոլորտի ստեղծումը, կամ՝ եվրատլանտյան օրակարգը: Միաժամանակ երկուսն անելը բարդ է եւ հղի ամենալուրջ հետեւանքներով: Հասկանալի է, որ եթե Հարավային Կովկասում զարգանալու է ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը, դա վաղ թե ուշ խնդիրներ է առաջացնելու: Մենք հիշում ենք, թե ինչից սկսվեցին ուկրաինական խնդիրները», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2018 թվականի դեկտեմբերին Գրիգորի Կարասինն ասել էր.

 

« Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը քաջություն կգտնի՝ դիմակայելու ԱՄՆ-ի շանտաժին ու ճնշմանը»:

 

«ԱՄՆ-ը շանտաժի է ենթարկում Հայաստանին», ասել է Կարասինը

Նա այդպես էր մեկնաբանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնին Երեւան կատարած այցը, որի ընթացքում վերջինս Հայաստանի իշխանություններին խորհուրդ էր տվել «ազատվել պատմական կլիշեներից միջազգային հարաբերություններում»:.

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին