«Հայաստանը պետք է ընտրի բարեփոխումների եւ ՌԴ հետ դաշինքի միջեւ» - Mediamax.am

14240 դիտում

«Հայաստանը պետք է ընտրի բարեփոխումների եւ ՌԴ հետ դաշինքի միջեւ»


Վլադիսլավ Ինոզեմցեւը
Վլադիսլավ Ինոզեմցեւը

Լուսանկարը` rbk.ru


Երեւան: Մեդիամաքս: Հետինդուստրիալ հասարակությունների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիսլավ Ինոզեմցեւը կարծում է, որ «հայ բարեփոխիչները դիպչել են հետխորհրդային տարածքում «ամենասուրբ» բանին՝ ժողովրդից գողանալու, երկրին որպես սեփականություն վերաբերվելու եւ անպատիժ մնալու իշխանության «բնական» իրավունքին»:

«Հայաստանի նոր վարչապետին գրեթե ամեն շաբաթ ընդունում են Մոսկվայում կամ Սանկտ-Պետերբուրգում: Սակայն այնտեղ նա «յուրային» չէ: Մոսկվան խելամտորեն ուշադրություն չդարձրեց (համենայնդեպս, դեռ) իշխանության գալու նրա մեթոդին: Սակայն Հայաստանի վերածումը նորմալ գործող, չկոռումպացված, մրցակցային տնտեսություն եւ նորմալ ընթացակարգով փոփոխվող իշխանություն ունեցող պետության ամենաքիչն է մտնում Կրեմլի ծրագրերի մեջ»,- գրում է Ինոզեմցեւը «Էխո Մոսկվի»-ի իր սյունակում:

 

«Մոսկվան գուցե այնքան է հետաքրքրված Հարավային Կովկասում իր քաղաքական եւ ռազմական ներկայության պահպանման մեջ, որ պատրաստ է որոշ զոհողությունների գնալ: Սակայն Կրեմլը չի կարող թույլ տալ իր համար միակ ընդունելի համակարգի վերացումը: Ռուսաստանի հետ կապերը չափազանց կարեւոր են Հայաստանի համար: Եվ Երեւանում դա կարծես հասկանում են: Դրանք պետք է փորձել պահպանել, սակայն պետք չէ հույսեր տածել, որ ազնիվ քաղաքական գործիչը տեղ կունենա այն «կլոր սեղանի» շուրջ, որի մոտ նրան դեռ թողնում են:

 

«Օտարի» ի հայտ գալու մասին ավետող ազդանշանը դեռեւս բարձր չի հնչում, սակայն այն վաղուց հասել է բոլոր նրանց, ում պիտի հասներ: Մոսկվայում դեռ հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը «հաշվեհարդար կտեսնի» իր թշնամիների հետ (դա էլ է հետխորհրդային քաղաքականության ավանդույթներից եւ կարող է նորմալ համարվել) եւ կգնա աշխարհի այդ հատվածի երկրների առաջնորդների համար սովորական ուղով:

 

Սակայն եթե այդ տարբերակը նոր հայկական ղեկավարության ծրագրերում ընդգրկված չէ, ապա նրանք արդեն հիմա պետք է մտածեն ապագայի մասին եւ կենտրոնանան երկու խնդրի վրա:

 

Առաջինը՝ հնարավորինս արագ անցկացնել տնտեսական բարեփոխումներ, որոնք դեռ չեն մեկնարկել եւ, հավանաբար, չեն էլ մեկնարկի մինչ նոր ընտրություններ:

 

Երկրորդը էթնիկ պետության մոդելից հրաժարվելն է, երբ պետության ղեկավարները հույսը դնում են սփյուռքի վրա, իսկ արտերկրում հիմնականում հանդիպում են բիզնեսի, գիտության եւ մշակույթի ոլորտում հաջողությունների հասած հայրենակիցների հետ:

 

Արդյո՞ք դա կհաջողվի Հայաստանի նոր ղեկավարներին: Ուզում եմ հավատալ: Սակայն պետք չէ մոռանալ, որ եթե դա հաջողվի, ապա ռուսական քաղաքական էլիտայի համար «յուրային» մնալը գրեթե հաստատ չի ստացվի»,- ամփոփել է փորձագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին