Ալեքսանդր Շաղիկյան. Հայ գործարարի կերպարն էվոլյուցիա է ապրում - Mediamax.am

exclusive
2038 դիտում

Ալեքսանդր Շաղիկյան. Հայ գործարարի կերպարն էվոլյուցիա է ապրում


Ալեքսանդր Շաղիկյանը
Ալեքսանդր Շաղիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդր Շաղիկյանը
Ալեքսանդր Շաղիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդր Շաղիկյանը
Ալեքսանդր Շաղիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդր Շաղիկյանը
Ալեքսանդր Շաղիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդր Շաղիկյանը
Ալեքսանդր Շաղիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2010թ.-ից Հայաստանում գործող «ԲիԴիՕ Արմենիա» աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ընկերությունը ԲիԴիՕ միջազգային ցանցի մաս է: ԲիԴիՕ-ն ներկայացված է աշխարհի 164 երկրներում ու ավելի քան 95 հազար աշխատակից ունի:

 

2021թ.-ին ԲիԴիՕ-ի հայաստանյան թիմին որպես գործընկեր միացել է Ալեքսանդր Շաղիկյանը: Նա ղեկավարում է ընկերության Խորհրդատվական ծառայությունները:

 

«Փոթորկոտ» իրավիճակներին դիմակայելու, որոշումներ կայացնելու մեխանիզմների ու մի քիչ էլ՝ արվեստի մասին Ալեքսանդր Շաղիկյանը պատմել է Մեդիամաքսին:

 

Ճիշտ տեղում եմ

 

Բակալավրիատում ինժեներական կրթություն եմ ստացել, սովորել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Խորհրդատվական ոլորտում սկսել եմ աշխատել երրորդ կուրսից, ուսնակ էի ընկերություններից մեկում: Այդ ընթացքում հասկացա՝ ինձ շատ է հետաքրքրում տնտեսագիտությունն ու որոշեցի մագիստրոսական կրթությունը շարունակել այդ ուղղությամբ: Հաջորդիվ թեկնածուական ատենախոսություն պաշտպանեցի Տնտեսագիտական համալսարանում, որոշ ժամանակ դասավանդեցի նույն համալսարանում ու շարունակեցի աշխատանքս խորհրդատվական ոլորտի տարբեր ընկերություններում:

 

2012թ.-ին հիմնեցի իմ խորհրդատվական ընկերությունը՝ Էյ Էմ Էֆ Քոնսալթինգը, որի գործունեությունը վերջին տասը տարիներին հաջողությամբ զարգացնում էի թիմիս հետ։ Այդ ընթացքում նույնպես տարբեր կրթական ծրագրերի եմ հաճախել՝ Օքսֆորդի համալսարանում բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագիր, Իսպանական «ԱյԻ» համալսարանի թվային տրանսֆորմացիայի ծրագիր եւ այլն։ Մեր ոլորտում եւ առհասարակ այսօրվա աշխարհում, շարունակական կրթությունն անգամ առավելություն չէ, այլ «խաղի մեջ մնալու» պարտադիր պայման։

 

Էյ Էմ Էֆ Քոնսալթինգը տասնամյակին ընդառաջ դարձել էր ոլորտի առաջատարներից մեկը, եւ թիմի հետ սկսեցինք վերաիմաստավորել մեր գործունեությունը, փորձել նոր էջ բացել մեզ համար. արդյունքում որոշեցինք գնալ որեւէ միջազգային խորհրդատվական ցանցի հետ միացման ճանապարհով: Քննարկումների արդյունքում ընդհանրություններ գտանք ԲիԴիՕ-ի հետ եւ 2021թ. դեկտեմբերին պաշտոնապես միացանք:

 

Ի սկզբանե, երբ մուտք գործեցի բիզնեսի եւ կառավարչական խորհրդատվության ոլորտ, հետաքրքրությունը մեծ էր, քանի որ ուսնակ օրերից սկսած աշխատում էի ընկերությունների ղեկավարների հետ: Սա իր հերթին շատ հետաքրքիր էր: Գրավիչ էր բազմաոլորտ աշխատանքը. առնչվում էի տարբեր ոլորտների ընկերությունների, տարբեր մարդկանց հետ, որոնք հետաքրքիր ճանապարհ են անցել:  

 

«Փոթորկոտ» ժամանակներում խորհրդատվական ոլորտն աճում է

 

Խորհրդատվական ոլորտը Հայաստանում դեռ չի մոտեցել իր կենսափուլի գագաթնակետին: Սա պայմանավորված է ինչպես էկզոգեն, այնպես էլ՝ էնդոգեն գործոններով։

Ալեքսանդր Շաղիկյանը Ալեքսանդր Շաղիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էնդոգեն՝ ներքին գործոնները, հիմնականում պայմանավորված են խորհրդատվական շուկայի կողմից անընդհատ աճող նոր ծառայությունների առաջարկով, որոնք, որոշակի փուլում հանդիպելով պահանջարկի, հանգեցնում են  ոլորտի աճի: Ինչ վերաբերում է էկզոգեն՝ արտաքին գործոններին, դրանք իրենց հերթին կարելի է մի քանի ենթախմբի բաժանել:

 

Խորհրդատվական ոլորտն, ի տարբերություն տնտեսության իրական հատվածի, հաճախ դրսեւորում է հակադարձ էլաստիկություն. երբ տնտեսական փոթորիկ է սկսվում, խորհրդատվության նկատմամբ պահանջարկն ավելի արագ է աճում։

 

Աճին նպաստող արտաքին մյուս գործոնը գործարար միջավայրի փոփոխությունն է ու աճող մրցակցությունն ընկերությունների միջեւ: 20 տարի առաջ, օրինակ, շուկայում մրցակցությունը պակաս ինտեսիվ էր ու կարելի էր գործարարությամբ զբաղվել այնպես, ինչպես կարող ես: Հիմա մրցակցությունն առավել անզիջում է, ինչի հետեւանքով ընկերություններն ավելի շատ են ունենում խորհրդատվական ծառայությունների կարիք:

 

Արտաքին գործոնների երրորդ խումբը վարքագծային է: Ժամանակի ընթացքում փոխվում են գործարարի կարծրատիպերը: Ավանդական ընկալումը, որ հայ գործարարն ամեն ինչ գիտի, փոխվում է: Այդ մարդիկ սկսում են շփվել, կրթական ծրագրերի մասնակցել, արտերկրի գործընկերների հետ կապեր հաստատել, զարգանալ: Արդյունքում նրանք գիտակցում են, որ իրենց բարդ խնդիրները նախկինում կիրառվող մոտեցումներով լուծում չեն ստանա։

 

Չորրորդ էկզոգեն գործոնը տեխնոլոգիական է: Թվային փոխակերպումը անխուսափելիորեն մտնում է ընկերությունների օրակարգ՝ ազդելով բիզնես մոդելից սկսած մինչեւ արժեքային առաջարկ։

 

Այս արտաքին ու ներքին ազդեցության աղբյուրների փոխգործակցությունը ապահովում է խորհրդատվական ոլորտի արագանցիկ աճը:   

 

Ռելոկացիան մարտահրավերներ եւ հնարավորություններ է ստեղծում

 

Ռուս-ուկրաինական առճակատման հետեւանքով Հայաստան օտարերկրյա քաղաքացիների ու բիզնեսների ներհոսքը կամ, այսպես ասած, ռելոկացիան, ինչպես արտաքին միջավայրով պայմանավորված որեւէ այլ կտրուկ փոփոխություն,  եւ՛ հնարավորություններ, եւ՛ խնդիրներ է ստեղծում:

 

Մարտահրավերների մի մասը կապված է բարձր գնաճով ուղեկցվող դրամի արժեւորմամբ, որի աղբյուրներից է մեր հյուսիսային հարեւաններից եկող հավելյալ դրամական հոսքերի մուտքը երկիր եւ գնողունակ պահանջարկի կտրուկ աճը։

 

Գնաճի զսպման նպատակով դրամի արժեւորումը արտահանման համար ստեղծում է զգալի դժվարություններ։ Այս ամենն ուղեկցվում է վերոնշյալ առճակատմամբ եւ հետկորոնավիրուսային իրականության մեջ լոգիստիկ շղթաների խաթարմամբ, ինչն արդեն գլոբալ ճգնաժամ է գուժում։

 

Մյուս խնդիրը, որն առաջացրեց ռելոկացիան, անշարժ գույքի շուկայում է: Պարզվեց՝ մենք պատրաստ չենք ընդունելու մի քանի տասնյակ հազար մարդկանց: Ուկրաինական խնդրի հետեւանքով, օրինակ, Գերմանիա է տեղափոխվել 1 մլն ուկրաինացի, նույնքան մարդ տեղափոխվել է Լեհաստան, սակայն այս երկրների տնտեսություններում ենթակառուցվածքային նման մեծ ցնցումներ դեռ չեն նկատվում:

Ալեքսանդր Շաղիկյանը Ալեքսանդր Շաղիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռելոկացիայի առումով նաեւ կա որոշակի զգուշավորության կարիք: Հայկական ֆինանսական համակարգը չպետք է ընդամենը ֆինանսական միջոցների տարանցման հարթակ դառնա: Հուսանք՝ այս հարցում հնարավոր ռիսկերը վերահսկվում են:

 

Անդրադառնալով ռելոկացիայից բխող հնարավորություններին՝ դրանք կան եւ դրանցից պետք է օգտվել:

 

Նկատվում է բարձրակարգ որակավորում ունեցող մասնագետների ներհոսք Հայաստան. շատ արդյունավետ կլինի, որ այն զուգակցվի նաեւ բարձր տեխնոլոգիական ընկերությունների ռելոկացիայով։ Պետք է փորձենք գիտահետազոտական, տեխնոհեն գործունեությամբ զբաղվող ռուսական ընկերությունները բերել Հայաստան: Մասնավորապես այն ընկերությունները, որոնք Հայաստանը կդիտարկեն որպես երկարաժամկետ տնտեսական հետաքրքրությունների կենտրոն՝ Հայաստանում իրենց բիզնեսը դիտարկելով իբրեւ արեւմուտքի հետ կապող կամուրջ։

 

Լինել «ջեներալի՞սթ», թե՞ «սփեշլիսթ»

 

Միջդիսցիպլինարիզմն այսօրվա բարդ խնդիրները լուծելու համար անկյունաքարային է: Ավանդաբար խորհրդատվական ոլորտում միշտ երկընտրանք է եղել՝ լինել «ջեներալի՞սթ», թե՞ «սփեշլիսթ», այսինքն՝ մասնագիտանալ որեւէ կոնկրետ ոլորտի խորհրդատվության ուղղությամբ, թե ունենալ ընդհանուր գիտելիք ու գործիքակազմ՝ գործնականում հնարավոր բոլոր ոլորտների համար հավելյալ արժեք ստեղծելու նպատակով։

 

Այժմ առավել արդիական է եւ՛, եւ՛ մոտեցումը. խնդիրների լավագույն լուծմանը կարելի է հասնել ջեներալիսթի եւ սփեշլիսթի գիտելիքի ու փորձի համադրման արդյունքում: Սա այն է, ինչ կարեւորում ենք ԲիԴիՕ-ի մեր թիմում:

 

Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում մեր խորհրդատվական թիմը որդեգրել է նոր ծառայություններ արագ ինկուբացնելու եւ մեր հաճախորդներին դրանցով առաջնորդելու գործելաոճ։ Վերջին նման ծառայություններից են աշխատակիցների բաժնետիրացումը, ներդրումների ներգրավման ամբողջական ցիկլի ծառայությունները՝ ի թիվս այլ նոր ծառայությունների։

 

Ավանդական ոլորտները տեխնոլոգիաների ազդեցությամբ փոխակերպվում են, եւ մեր դերը այդ փոխակերպումը առաջնորդելն է: Երբ ոլորտային փորձը հանդիպում է ժամանակի լավագույն միջդիսցիպլինար գիտելիքին եւ տեխնոլոգիային, տեղի են ունենում ճեղքումներ։

 

Հայ գործարարի կերպարը փոխվում է

 

Այսօր շատ են նկատվում ինտելեկտուալ, ստեղծարար հայ գործարարներ: Ընդհանուր առմամբ, հայ գործարարի կերպարն էվոլյուցիա է ապրում, եւ այդ փոփոխությունների հաջորդ մակարդակը պետք է լինի կորպորատիվ կառավարման մշակույթի ձեւավորումը, երբ որոշումները կայացվում են կոլեկտիվ՝ ներգրավելով տարբեր ոլորտներում փորձ ու գիտելիք ունեցող, տարբեր ճանապարհ անցած մարդկանց:

Ալեքսանդր Շաղիկյանը Ալեքսանդր Շաղիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այժմ, անկախության երեսնամյակը հատելով, մոտենում ենք մի շրջանի, երբ անկախության առաջին տարիներին կապիտալ կուտակած հայ գործարարները պետք է սկսեն մտածել իրենց ակտիվների կառավարման ավելի ինստիտուցիոնալ մեխանիզմների մասին, ինչպիսիք են, օրինակ, ընտանեկան գրասենյակների միջոցով ակտիվների կառավարումը։

 

Կորպորատիվ կառավարման մշակույթից բացի, երկրում անհրաժեշտ են նաեւ ավելի դիվերսիֆիկացված կապիտալի շուկաներ։ Մեր կապիտալի շուկան մեծամասամբ հիմնված է վարկային կապիտալի վրա, ինչը նշանակում է, որ գործարարը, պայմանականորեն ասած, մենակ է կրում ռիսկերն ու վնասները: Այս խնդիրը լուծելու համար պետք է ունենանք ավելի զարգացած այլընտրանքային կապիտալի շուկաներ՝ մասնավոր կապիտալի ֆոնդեր, բորսայական այլընտրանքային ներդրումային գործիքներ, որոնց միջոցով գործարարի եւ ներդրողի շահերի ու ռիսկերի բաշխվածությունն առավել ամուր կկապվի։

 

Ընդհանուր առմամբ, մեզանում պակասում է ինստիտուցիոնալ մտածելակերպը: Մենք խնդիրների լուծումը փնտրում ու տեսնում ենք մարդկանց կամ մարդկանց խմբերի մեջ, ոչ թե ուժեղ, կայուն ինստիտուտների: Այս պատրանքով առաջնորդվելը հեշտ ու գայթակղիչ է, բայց մենք եւ՛ երկրի մակրո մակարդակում, եւ՛ ընկերությունների մակարդակում ինստիտուցիոնալ լուծումների կարիք ունենք: 2012թ. Նոբելյան մրցանակակիր Ալվին Ռութն ասում էր՝ «ես չեմ հավատում մարդկանց, ես հավատում եմ ինստիտուտների»:

 

Լավագույն որոշումները կայացնում են աշխարհը տարբեր կերպ տեսնող մարդիկ

 

Խորհրդատվական ոլորտում աշխատելն ինչ-որ կերպ ազդում է սեփական որոշումներ կայացնելու մեխանիզմների վրա: Երբ թիմի ներսում զրուցում ենք, հաճախ նկատում եմ, որ մենք՝ խորհրդատուներս, որոշումներ կայացնելիս ռիսկից ավելի խուսափող ենք, քան գործարարները, ում ծառայություն ենք մատուցում: Հավանաբար, մասնագիտության բերումով իրավիճակին ավելի բազմակողմանի ենք նայում: Ռիսկերն ընկալում ու տեսնում ենք ավելի հստակ, ինչը մեզ դարձնում է ռիսկից ավելի խուսափող:

 

Բացի հիմնարար որակներից, ինչպիսին պատասխանատվությունն է, պրոֆեսիոնալիզմը, մարդկանց մեջ շատ եմ կարեւորում տարբերվող լինելը, այլընտրանքային տեսակետ ունենալը: Անձնական օրինակ բերեմ՝ կինս երաժիշտ է, եւ ես չէի էլ պատկերացնում, որ կյանքս իմ ոլորտի մարդու հետ կկապեմ։

Ալեքսանդր Շաղիկյանը Ալեքսանդր Շաղիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բազմազանությունն ինձ համար շատ կարեւոր է նաեւ աշխատանքում, լավագույն գաղափարները հաճախ ծնվում են իրարից անկախ գոյություն ունեցող երեւույթների հատումներից: Օրինակ՝ արեւմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցի պոեզիան վերածնվում է ժամանակակից կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտության հետ միավորվելով, ամերիկա-ճապոնական ողբերգությունն իտալացի կոմպոզիտոր Պուչինիի ձեռքերում ծնունդ է տալիս երաժշտարվեստի գոհարներից մեկին «Մադամ Բաթերֆլայ»-ին:  Առհասարակ, հաճախ լավագույն որոշումները ծնվում են, երբ դրանք կայացնում են աշխարհը տարբեր կերպ տեսնող մարդիկ:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին