Նաիրա Պետրոսյան. Իրավունքի հիմքում արդարությունն է - Mediamax.am

exclusive
2969 դիտում

Նաիրա Պետրոսյան. Իրավունքի հիմքում արդարությունն է


Նաիրա Պետրոսյան
Նաիրա Պետրոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաիրա Պետրոսյան
Նաիրա Պետրոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաիրա Պետրոսյան
Նաիրա Պետրոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաիրա Պետրոսյան
Նաիրա Պետրոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաիրա Պետրոսյան
Նաիրա Պետրոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս


2010թ.-ից Հայաստանում գործող «ԲիԴիՕ Արմենիա» խորհրդատվական ընկերությունը ԲիԴիՕ միջազգային ցանցի մաս է, որը ներկայացված է աշխարհի 164 երկրում ու ավելի քան 95 հազար աշխատակից ունի:

ԲիԴիՕ-ն հաճախորդներին առաջարկում է հարկային, խորհրդատվական, աուդիտորական, հաշվապահական ու իրավաբանական ծառայությունների ամբողջական փաթեթ:  

Նաիրա Պետրոսյանը «ԲիԴիՕ Արմենիա» ընկերության իրավաբանական ծառայությունների գծով գործընկերն է, ինչպես նաեւ՝ ընկերության առաջին կին գործընկերը:

Արդարության զգացողության, իրավագիտակցության ու բալանսի կարեւորության մասին նա պատմել է Մեդիամաքսին:

Անարդարության տարբեր դրսեւորումները մանկուց զայրացնում էին

Իրավաբանի մասնագիտությունն ինքնուրույն եմ ընտրել: Շեշտում եմ սա, որովհետեւ Հայաստանում, ցավոք, կան «պահանջված» ու «ցանկալի» մասնագիտություններ, եւ ծնողները դրանք ընտրելու հարցում հիմնականում ուղորդում են երեխաներին: Ինձ մոտ այդպես չէր: Իրավաբան դարձա, քանի որ մանկուց արդարության հասնելու ձգտում եմ ունեցել: Հիշում եմ՝ ֆիլմ դիտելիս շատ էի զայրանում, երբ որեւէ մարդու հանդեպ անարդար վերաբերմունք էի տեսնում, ցանկանում էի լինի մեկն, ով կպաշտպանի նրան: Արդեն դպրոցական ցածր դասարաններից որոշել էի՝ պետք է ընտրեմ այնպիսի մասնագիտություն, որը կօգնի վեր հանել արդարությունը:

Մասնագիտական կրթությունս ստացել եմ Հայաստանում ֆրանսիական համալսարանում ու կարծում եմ՝ այն Հայաստանի լավագույն բուհերից է: Ինձ բախտ վիճակվեց լինել այս համալսարանի առաջին շրջանավարտներից ու այնտեղ կրթություն ստանալու որոշումը եւս ինքնուրույն եմ կայացրել: Դիմել էի մեկ այլ բուհի Իրավաբանության ֆակուլտետ, բարեհաջող հանձնել քննություններն ու սպասում էի ընդունվածների ցուցակին, երբ պատահաբար իմացա, որ Հայաստանում ֆրանսիական համալսարան է հիմնադրվել: Այդ ժամանակ հստակ հայտնի չէր՝ ինչ է անելու այդ համալսարանն, ինչ գիտելիք է տալու, բայց «երկու ոտքս դրեցի մի կոշիկի մեջ», վերցրեցի փաստաթղթերս ու տեղափոխեցի դրանք ՀՖՀՀ: Հիմա կարող եմ վստահությամբ ասել, որ կայացրածս լավագույն որոշումներից էր: Այսօր էլ մենք ԲիԴիՕ-ի թիմը համալրելիս Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին միշտ ուշադրության կենտրոնում ենք պահում:

ԲիԴիՕ-ն իմ առաջին ու այս պահին վերջին գործատուն է

ԲիԴիՕ-ի հետ եմ, կարելի է ասել, հիմքից: Դեռ ուսանողության տարիներից սկսել էի աշխատել «Պարադիգմա Արմենիա» ընկերությունում, որը հիմնադրել էր Ահարոն Չիլինգարյանը: 2018թ.-ին «Պարադիգմա Արմենիան» միավորվեց ԲիԴիՕ-ի հետ: Այնպես որ, կարող եմ ասել, որ ԲիԴիՕ-ն իմ առաջին ու այս պահին վերջին գործատուն է: Ընկերությունում երկար ճանապարհ եմ անցել՝ իրավաբանի օգնականից հասնելով ԲիԴիՕ գործընկերոջ պաշտոնին:

Նաիրա Պետրոսյան Նաիրա Պետրոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Ի դեպ, Ահարոն Չիլինգարյանը ՀՖՀՀ-ում իմ դասախոսներից էր ու «Պարադիգմա Արմենիայում» հայտնվել էի մեկ այլ դասախոսի խորհրդով: Ուզում եմ ասել՝ Ֆրանսիական համալսարանը գիտելիքից բացի, նաեւ բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում:

Առաջին կին գործընկերը

Ընկերությունում առաջին կին գործընկեր լինելը եւ՛ առավելություններ, եւ՛ դժվարություններ ունի: Պատասխանատվությունն ավելի է մեծանում։ Դժվարն, իհարկե, գործընկեր, կին, մայր լինելը համատեղելն է այնպես, որ որեւէ մեկը չտուժի: Այս հարցում, կարծում եմ, հայկական իրականության մեջ տղամարդիկ ավելի շահավետ դիրքերում են (ծիծաղում է – հեղ.): Երբեմն ստիպված ես զոհաբերել մեկը մյուսին։

Ինչ վերաբերում է աշխատավայրին, բարեբախտաբար, այնպիսի ընկերությունում եմ, որտեղ կարծիքս ու խոսքս միշտ արժեքավոր են եղել՝ անկախ օգնական կամ գործընկեր լինելու հանգամանքից: Իհարկե, լինում են խիստ ծանրաբեռնված շրջաններ, «վերելքներ ու վայրէջքներ», ցնծություններ եւ հիասթափություններ, բայց այդ ամենը բնական է եւ հաղթահարելի: Ինձ հաջողվել է անցնել այդ ճանապարհը: Ոչ մի դեպքում կողմ չեմ, որ կանանց իրավունքները լինեն գերակա կամ տղամարդու իրավունքներից տարբեր, ես իրավահավասարության կողմնակից եմ՝ (ինչը նաեւ իրավունքի հիմնաքարային սկզբունքներից է) բնության օրենքները հաշվի առած: Իհարկե, կնոջն ու տղամարդուն բնությունը շատ տարբեր մտածողությամբ ու բնազդներով է օժտել, օրինակ՝ կանայք հիմնականում ավելի զգուշավոր են: Նույն հարցին կինն ու տղամարդը կարող են բոլորովին տարբեր տեսանկյուններից նայել: Կարեւոր է այս մտածողությունների համատեղումը, սիմբիոզը, որը կարող է շատ լավ արդյունքներ տալ: Ուրախ եմ, որ ԲիԴիՕ-ի առաջին կին գործընկերն եմ ու հուսամ՝ վերջինը չեմ լինի: Կարծում եմ, որ սեռային բազմազանությունը, միանշանակ, նպաստում է ընկերության բարգավաճմանը:

ԲիԴիՕ-ն ծառայությունների ամբողջական փաթեթ է առաջարկում

Իրավաբանի, հաշվապահի կամ բիզնես ոլորտի խորհրդատուի համար կարիերայի սկզբում խորհրդատվական ընկերությունում հայտնվելն ուղղակի երջանկություն է, մասնագիտորեն զարգանալու անսահմանափակ հնարավորություն: Այստեղ աշխատանքը շատ բազմազան է ու մասնագիտական աճի առումով՝ շատ օգտակար: ԲիԴիՕ-ն հաճախորդներ ունի բազմաթիվ ոլորտներից՝ ծառայություններ մատուցող ընկերություններ, արտադրություններ, առեւտրով զբաղվող ընկերություններ, ոչ առեւտրային կազմակերպություններ՝ հիմնադրամներ եւ այլն: Հնարավորություն կա աշխատել, առնչվել տարատեսակ դեպքերի եւ իրավիճակների, ինչն ուժեղացնում է մասնագետին:
Նաիրա Պետրոսյան Նաիրա Պետրոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխատանքն ու ծառայությունների մատուցումը սկսում ենք հիմքից, այն փուլից, երբ, օրինակ, ներդրողը որոշել է որեւէ ընկերություն հիմնել: Մենք օգնում ենք ճիշտ որոշում կայացնել, պետական ռեգիստր ներկայացնել փաստաթղթերի փաթեթը, գրանցել ընկերությունն ու հունի մեջ գցել դրա աշխատանքը: ԲիԴիՕ-ն հաճախորդներին առաջարկում է իրավաբանական, հարկային եւ բիզնես խորհրդատվական, հաշվապահական ու աուդիտորական ծառայությունների ամբողջական փաթեթ:

Իրավաբանության ոլորտը ցանկալիից դանդաղ է փոխվում

Ցավոք, իմ գնահատմամբ իրավաբանության ոլորտը Հայաստանում ցանկալիից դանդաղ է զարգանում ու փոփոխվում: Աշխարհում այսօր ամենաթանկ ու կարեւոր ռեսուրսը ժամանակն է, ու մարդիկ փորձում են կամայական հարցում հնարավորինս քիչ ժամանակ ծախսել: Եթե աշխարհն արդեն մոտ երկու տարի քննարկում եւ գործարկում է  գրաֆիկական լեզվի (էմոջիների) տեսքով պայմանագրերի կնքումը, Հայաստանում մեծամասամբ դեռ ակտուալ են տասնյակ էջերից կազմված փաստաթղթերը, որոնք ստորագրողները հաճախ չեն էլ կարդում: Արտերկրում սկսել են հասկանալ, որ նույնիսկ ամենախոշոր գործարքի պայմանագիրը կարելի է տեղավորել մեկ էջի վրա՝ կողմերի իրավունքներն ու պարտականությունները ներկայացնելով պատկերների տեսքով: Նպատակը՝ ժամանակի խնայողությունն է, միաժամանակ ավելի պարզ եւ ընկալելի ձեւով «նոր հասարակությանը» գործարքի կողմ դարձնելը։

Հայկական հասարակությունում առաջընթացի առումով մեծ բեւեռացում կա: Կա մարդկանց խումբ, որը շատ արագ է զարգանում ու դու, որպես մասնագետ, պետք է անընդհատ կատարելագործվես, որպեսզի կարողանաս պատշաճ եւ նրանց պահանջներին համարժեք ծառայությունների որակ ապահովել: Ու կա հակառակը, երբ մարդը 20 էջանոց եւ իր համար էական պարտավորություններ առաջացնող պայմանագիրը ստորագրում է՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու, իսկ հետո բողոքում, որ իր հետ անարդար են վարվել: Որպես իրավաբան՝ շատ եմ ցանկանում, որ մեր երկրում բարձրանա իրավագիտակցության մակարդակը:

Իրավունքներն ու պարտականությունները պետք է հստակեցվեն կյանքի առաջին տարիներից

Խոսելով իրավագիտակցության մասին՝ ստիպված եմ նշել, որ մեր ցավոտ կետերից է: Ոչ միշտ է, որ մարդկանց ընկալումներն, օրինակ, որեւէ գործարքով իրենց ստանձնած իրավունք-պարտականությունների վերաբերյալ միանշանակ են։ Հենց այդտեղ է, որ տեսնում եմ իրավագիտակցության բարձրացման անհրաժեշտություն։ Բիզնես միջավայրն, իհարկե, այդ առումով ավելի լավ դիրքերում է (երեւի ստիպված է այդպիսին լինել), այնուամենայնիվ, կարծում եմ՝ «թափ հավաքելու» կարիք կա։   

Նոր բան հորինել պետք չէ. կա աշխարհի փորձը, որը կարելի է վերցնել ու կիրառել:

Առհասարակ, կարծում եմ, որ ամեն ինչի հիմքը կրթությունն է, այդ թվում՝ իրավագիտակցության: Երեխային դեռ կյանքի առաջին տարիներից պետք է սովորեցնել՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ, այլ կերպ ասած՝ ինչ իրավունքներ ու ինչ պարտավորություններ ունի: Հենց այդ տարիքից նա պետք է իմանա ամենապարզը՝ չի կարելի փողոցում աղբ նետել, ճանապարհը պետք է անցնել միայն իր համար նախատեսված կանաչ լույսի առկայությամբ, չի կարելի առանց թույլտվության  վերցնել այն, ինչն իրենը չէ եւ այլն:
Նաիրա Պետրոսյան Նաիրա Պետրոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Չցանկանալով շատ կենտրոնանալ բացերի վրա՝ այս թեման եզրափակեմ պետության դերի գիտակցության մասին մի շեշտադրմամբ․ կարծում եմ՝ մեզ մոտ դեռ չկա պետություն ունենալու հստակ ձեւավորված գիտակցում: Սա հաճախ խանգարում է զարգացած երկիր ունենալու երազանքին հասնելու համար գործնական քայլեր անել, առնվազն՝ լինել օրինապահ, կարգապահ, ինչու չէ՝ նաեւ սխրանքներ գործել:

Բալանսը կարեւոր է

Իրավաբանը չպետք է առաջնորդվի զգացմունքներով, նույնիսկ, եթե խիստ զգայական դեպքի է առնչվում: Կան փաստեր, կա օրենք ու դատարան, որը գնահատական կտա ներկայացված փաստերին:

Զգացմունքայնության ու չոր օրենքի միջեւ բալանս պահելը շատ դժվար է ու չափազանց կարեւոր: Անկախ մասնագիտությունից՝ մարդ ես, որն ունի էմոցիաներ: Արդարության զգայական ու իրավական ձեւակերպումներն, առաջին հայացքից, երբեմն, կարող են տարբեր լինել: Ի ուրախություն ինձ, ես մասնագիտացել եմ բիզնես իրավունքի ոլորտում: Հոգեբանորեն շատ ավելի դժվար է քրեական իրավունքի դեպքում: Կարող ես հանրային պաշտպան լինել ու ստանձնել մարդու պաշտպանությունը, որը շատ վատ արարք է կատարել: Մարդ-մասնագետ «հակադրության» պարագայում պետք է հնարավորինս սառը դատել ու հիշել՝ որքան էլ ծանր լինի պաշտպանյալիդ արարքը, նա եւս ունի իրավունքներ: Էմոցիաները չպետք է Ֆեմիդայի կշեռքի նժարներից մեկն ավելի ծանր դարձնեն: Հենց այդ առումով էլ իրավաբանությունը հեշտ հասանելի մասնագիտություն չէ։    

Ամեն ինչ սկսվում եւ ավարտվում է իրավունքով

Իրավաբանությունը համարվում է հումանիտար գիտություն ու այս առումով այն հեռացնում են բնագիտական, ֆիզմաթ գիտություններից, որոնք պահանջում են վերլուծական մտածողություն: Անկախ այս բաժանումից, կարծում եմ, որ լավ իրավաբան լինելու համար վերլուծական մտածողությունը կարեւորագույն հատկանիշներից է: Իրավունքի որեւէ նորմ կիրառելու համար բավարար չէ պարզապես իմանալ կամ կարդալ այն: Պետք է համադրել նորմերը, վերլուծել ու տեսնել ամբողջական պատկերը: Սա հավասարակշռված որոշման հիմքն է:

Մյուս հատկանիշը, որ կարեւորում եմ լավ իրավաբան լինելու համար, արագ որոշում կայացնելու ունակությունն է: Սա հատկապես կարեւոր է, երբ գործ ունես դատական ներկայացուցչության հետ: Դատական քննության ընթացքում երկու կողմն էլ փաստարկներ է բերում, ու լավ իրավաբանը պետք է տեղում արագ վերլուծի ստեղծված իրավիճակն ու որոշում կայացնի: Առանց գիտելիքի ու վերլուծության, սա, իհարկե, անհնար է:

Իրավաբանը պետք է գրավոր ու բանավոր խոսքի շատ լավ հմտություններ ունենա: Կարեւոր է նաեւ ստեղծագործ լինելը: Թվում է՝ իրավաբանության ոլորտում չոր գրված օրենքի հետ միայն գործ ունենք, բայց մեր աշխատանքը նաեւ ստեղծագործ մոտեցում է պահանջում՝ ամեն մի դեպքի յուրահատկությունները հաշվի առնելով: Եթե կա մարդ, պետք է լինի նաեւ ստեղծագործ մոտեցում: Իհարկե, այսօր պետք է ավտոմատացման գործիքների, արհեստական բանականության կիրառման միջոցով հասնենք մեր աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, սակայն ոչ մի դեպքում չպետք է մոռանանք ստեղծագործ լինելու կարեւորության մասին։     
Նաիրա Պետրոսյան Նաիրա Պետրոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Պետք է նաեւ նախաձեռնող լինել: Չսպասել ու չբավարարվել միայն նրանով, ինչ քեզ հանձնարարում են: Պետք է անընդհատ փնտրել, գտնել քեզ անհրաժեշտը, առաջ տանողը, հանդես գալ արժեքավոր նախաձեռնություններով, չվախենալ եւ չվարանել:

Իրավաբանի համար կարեւոր է նաեւ լինել պատասխանատու ու պատրաստ՝ կրելու կատարածդ աշխատանքի հետեւանքները, ինչպիսին էլ դրանք լինեն:

Ու, իհարկե, լինել արդար: Սա կարող է հակասական հնչել, բայց անկախ ամենից՝ արդարությունն իրավունքի հիմքում է: Միշտ կատակով վիճում եմ այլ մասնագիտություններ ունեցող ընկերներիս հետ, որ կյանքում ամեն ինչ սկսվում ու ավարտվում է իրավունքով՝ մարդու ծննդից, որոշակի դեպքերում՝ նույնիսկ մինչեւ ծննդյան պահը։

«Մամա՛, ես երեխա եմ ու խաղալու իրավունք ունեմ»

Իմ դեպքում ոչ թե մասնագիտությունս է ազդել բնավորությանս, մտածողությանս վրա, այլ, ինչպես ասացի, բնավորությունն է ստիպել, որ ընտրեմ հենց իրավաբանությունը:

Հիմա կարող եմ ասել, որ մասնագիտությունս լիովին ձուլվել է անձնական կյանքիս: Սա վերջնականապես հասկացա, երբ երեք տարեկան տղաս, ով երեկոյան քնել չէր ցանկանում, նստեց անկողնում, նայեց ինձ ու ասաց՝ «մամա՛, ես երեխա եմ ու խաղալու իրավունք ունեմ» (ծիծաղում է – հեղ.): Նաեւ նկատում եմ, որ խոսելիս հաճախ է օգտագործում՝ «փաստորեն, փաստացի» բառերը: Հատուկ նրան չեմ սովորեցրել, բայց իր կողքին, երեւի, այնքան եմ խոսել իրավունքի մասին, որ հիշել է:

Միշտ ասում եմ՝ իրավաբանությունն ու մարդու կյանքը ձուլված են իրար: Սոկրատն ասել է՝ «բոլոր մասնագիտությունները մարդուց են ու միայն երեքն Աստծուց՝ ուսուցիչ, բժիշկ ու դատավոր»: Այս դեպքում դատավորը կարելի է առհասարակ իրավաբանության առումով հասկանալ:

Իսկապես, այս երեք մասնագիտություններն են, որ անմիջական կապ ունեն մարդու ձեւավորման ու նրա կյանքի հետ:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին