Դավիթ Եդիգարյան. Աուդիտը «քթածակ» եւ թիմային աշխատանք է պահանջում - Mediamax.am

exclusive
3327 դիտում

Դավիթ Եդիգարյան. Աուդիտը «քթածակ» եւ թիմային աշխատանք է պահանջում


Դավիթ Եդիգարյանը
Դավիթ Եդիգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Եդիգարյանը
Դավիթ Եդիգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Եդիգարյանը
Դավիթ Եդիգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Եդիգարյանը
Դավիթ Եդիգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Եդիգարյանը
Դավիթ Եդիգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2010թ.-ից Հայաստանում գործող «ԲիԴիՕ Արմենիա» աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ընկերությունը միջազգային ցանցի մաս է: ԲիԴիՕ-ն ներկայացված է աշխարհի 164 երկրում ու ավելի քան 111 հազար աշխատակից ունի:

2023թ. տարեսկզբին ԲիԴիՕ-ի հայաստանյան թիմին որպես գործընկեր միացել է Դավիթ Եդիգարյանը:

Աուդիտի կարեւորության ու ոլորտի աննախադեպ աճի մասին նա պատմել է Մեդիամաքսին, ինչպես նաեւ կիսվել մասնագիտական կատակներով:
 
Ճանապարհը մինչեւ ԲիԴիՕ

Աուդիտի ոլորտում եմ 1997թ.-ից: Մասնագիտական ճանապարհս սկսել եմ KPMG միջազգային ընկերությունում, որտեղ աշխատել եմ ավելի քան տասը տարի: Հետո տեղափոխվել եմ Մոսկվա, աշխատել Deloitte & Touche-ի տեղի գրասենյակում: Հայաստան վերադառնալուց հետո ընկերներիս հետ հիմնել ենք PHP աուդիտորական կազմակերպությունը, աշխատել եմ մի շարք մասնավոր ընկերություններում, եղել եմ նաեւ Հայբիզնեսբանկի ֆինանսական տնօրեն:

Դավիթ Եդիգարյանը Դավիթ Եդիգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2023թ.-ի փետրվարին միացել եմ ԲիԴիՕ-ին: Այստեղ աշխատող ընկերներիցս մեկը հետաքրքրվեց՝ չե՞մ ցանկանում վերադառնալ «ալմա մատեր»՝ աուդիտի ոլորտ: Որոշ ժամանակ մտածելուց հետո հասկացա՝ պետք է ընդունեմ այստեղ աշխատելու առաջարկը:

«Որակի վերահսկման ոլորտում փորձառու եմ»

ԲիԴիՕ-ում աուդիտի ոլորտում գործընկերը պատասխանատու է աուդիտորական եզրակացությունների վերջնական որակի համար: Հենց նա է ստորագրում դրա տակ ու ստանձնում պատասխանատվություն: Քանի որ ԲիԴիՕ-ում աուդիտի մի քանի գործընկեր ունենք, իմ պատասխանատվության գոտում հիմնականում ֆինանսաբանկային ոլորտի ընկերություններն են: Բացի այդ, համակարգում եմ ընկերության գործունեությունը Տաջիկստանի եւ Ղրղզստանի շուկաների հետ:

Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատում գլխավորում էի Որակի պահանջների պահպանման գնահատման հանձնաժողովը, որն առաջիկայում միացվելու է Կարգապահական հանձնաժողովին՝ կազմելով Որակի պահանջների պահպանման եւ կարգապահական հանձնաժողով: Այս ոլորտում բավականին փորձառու եմ եւ որակի պատասխանատու եմ նշանակվել նաեւ ԲիԴիՕ-ում:

Ոլորտի աննախադեպ աճը

Համաձայն եմ շատ մասնագետների հետ, որ աուդիտորական ոլորտն այս պահին աճում է, կարող ենք ասել նույնիսկ՝ սա աննախադեպ աճ է: Մինչեւ բուն ոլորտ վերադառնալն ինքս էլ չէի պատկերացնում դրա ծավալները: Աճին նպաստող մի շարք գործոններ կան, որոնցից մեկն, իհարկե, շուկայի հասունացումն է:

Տասնամյակներ առաջ շուկան դեռ չէր պատկերացնում՝ ինչ է աուդիտն ու ինչու է անհրաժեշտ ընկերություններին: Բացի այդ, ընկերությունները չէին կարողանում օգտագործել այս գործիքն ի շահ իրենց:
Դավիթ Եդիգարյանը Դավիթ Եդիգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմա շուկան կրթվել է, ընկերությունները գիտակցում են աուդիտի դրական կողմերն ու հասկանում դրա օգուտը: Խստացվել է նաեւ օրենսդրական դաշտը, եւ շատ ընկերություններ, որոնք ընկնում էին պարտադիր աուդիտի պահանջի տակ, սակայն անտեսում էին դա, այլեւս չեն կարող այդպես վարվել, կա լուրջ վերահսկողություն: Իհարկե, աուդիտորական եւ խորհրդատվական շուկայի աճին նպաստել է նաեւ անհատների ու ընկերությունների ռելոկացիան:

Աուդիտը՝ լրացուցիչ վստահություն

Աուդիտորները ստուգումների արդյունքում տալիս են հավաստիացում՝ իրակա՞ն են ձեր ընկերության ներկայացրած տվյալները, թե՝ ոչ: Սա անկախ մասնագետի կողմից գնահատական է ձեր ֆինանսական գործունեությանը:

Ինչո՞վ է այն օգտակար: Առաջին օգուտը հենց ընկերության համար է, քանի որ աուդիտի ընթացքում աուդիտորը «կողքի աչքով» հետեւում է ձեր գործունեությանն ու սխալներ նկատելու դեպքում՝ տեղեկացնում դրանց մասին: Բացի այդ, աուդիտը թույլ է տալիս ընկերությանն իր գործընկերների, ներդրողների հետ հարաբերություններում առավել վստահ ներկայանալ: Աուդիտորի եզրակացությունը հավաստիացման «փաստաթուղթ» է, որով ընկերությունը ներկայանում է իր շուրջը եղած միջավայրին: Ցանկացած, նույնիսկ ընտանեկան բիզնես, մեծանալու, ներդրումներ ներգրավելու ցանկություն դեպքում աուդիտի կարիք կունենա:

Արհեստական բանականությունը, երիտասարդներն ու աուդիտը

Ոլորտն աճում է եւ, բնականաբար, պետք են նոր կադրեր: Երիտասարդների ներգրավման առումով միտումներն այնքան էլ հուսադրող չեն: Այսօր քչերն են ցանկանում աուդիտոր դառնալ, մեծ մասը նախընտրում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կամ առհասարակ չի ցանկանում որեւէ մասնագիտություն ունենալ, քանի որ հնարավոր է գումար վաստակել սոցցանցերի միջոցով: Ընդհանուր առմամբ, փոխվել է հասարակության տրամադրությունը, ապրելակերպը: Այսօր երիտասարդները շատ հարցերի նայում են ավելի կարճաժամկետ պրիզմայով: Սա լավ կամ վատ չէ, ուղղակի այդպես է:
Դավիթ Եդիգարյանը Դավիթ Եդիգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Իրականում, կարծում եմ, որ վաղ թե ուշ մեր ոլորտում նույնպես մեծ դերակատարում կունենա արհեստական բանականությունը, հետեւաբար, կնվազի նաեւ նոր կադրեր ներգրավելու կարիքը: Այս դեպքում արդեն, առավել հավանական է, որ ոլորտ կգան երիտասարդներ, որոնք ՏՏ բնագավառում իրենց լավ են զգում ու աուդիտին կաջակցեն արդեն տեխնոլոգիաների մշակումով:

«Քթի ծակը» կարեւոր է

Լավ աուդիտոր լինելու համար առաջին հերթին պետք է վերլուծական մտածողություն ունենալ: Մասնագետը պետք է կարողանա ոչ միայն տեսնել փաստերն, այլեւ՝ համադրել ու եզրակացություններ անել: Այսպես ասած, «քթի ծակը» շատ կարեւոր է: Բացի այդ, պետք է լինել աշխատասեր, չնայած՝ սա կարեւոր է ցանկացած մասնագիտության դեպքում (ժպտում է – հեղ.): Պետք է կարողանալ շփվել մարդկանց հետ: Ճիշտ է, հիմա անձնական շփումները ոլորտում նվազում են, հաճախ կապը հեռավար է՝ նամակագրության կամ տեսազանգերի միջոցով, այնուամենայնիվ, սա կարեւոր հատկանիշ է:
Դավիթ Եդիգարյանը Դավիթ Եդիգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարծում եմ՝ աուդիտորը պետք է նաեւ թիմային խաղացող լինի, քանի որ սա թիմի աշխատանք է: Իհարկե, իմանա լեզուներ, հատկապես՝ անգլերեն: Մասնագիտական գրականության մեծ մասը հրապարակվում է անգլերենով եւ մինչեւ հայերեն է թարգմանվում, հիմնականում հնանում է:

«Ես մեկ տարի հետ էի ապրում»

Աուդիտորի մասնագիտությունը հետք է թողնում բնավորության վրա: Առհասարակ, եթե երկար զբաղվում ես մի գործով, այն չի կարող քեզ վրա չանդրադառնալ: Հիշում եմ՝ երբ ակտիվ զբաղվում էի աուդիտով, միշտ մեկ տարի հետ էի ապրում, քանի որ ընկերություններում ստուգում էի նախորդ տարվա ֆինանսական տվյալները: Երբ մեկն ինձ մոտ ասում էր, օրինակ՝ «2023 թվականն է», մի պահ սառում էի՝ «ո՞նց, 2022-ը չի՞» (ծիծաղում է – հեղ.): Իհարկե, զգացնել է տալիս նաեւ վերլուծական մտածողությունը, նույնիսկ լինում է՝ չափից շատ եմ վերլուծում այս կամ այն իրավիճակը: Սիրում եմ նաեւ մարդկանց հետ շփումը, զրուցելը: Կարծում եմ՝ սա եւս մասնագիտությունից է եկել:  

Ոչ նյութական «ԿամԱԶ»-ն ու «широкий» Jeep-ը

Այս տասնամյակների ընթացքում աշխատանքի ժամանակ այնքան հետաքրքիր, զավեշտալի դեպքեր են եղել, որ որոշել եմ գիրք գրել:

90-ականներին վերջին աուդիտ էինք անցկացնում մի ընկերությունում, որի հաշվապահը տարիքով կին էր: Այն ժամանակ ամբողջ ֆինանսական հաշվարկն արվում էր մեծ մատյաններում: Հենց սկզբից նկատեցինք, որ այս կնոջ մոտ հաշվապահությունը 10+20՝ հավասար է 170 սկզբունքով է: Ուսումնասիրելու համար մատյանները պատճենահանել էինք ու աշխատում էինք ոչ թե բնօրինակի, այլ պատճենների վրա: Մատյանները ծալել էինք ու արդյունքում պատճենները մի քիչ ալիքաձեւ էին: Գնացի այս կնոջ մոտ ու ասացի՝ «գիտեք, կարծես՝ ձեզ մոտ մի բան սխալ է, եկեք միասին նայենք»: Այս կինն էլ նայեց, թե՝ «վայ, Դավիթ ջան, էս Xerox-ն է մեղավոր, թվերս խառնվել են, թե չէ իմ հաշվարկները հաստատ ճիշտ են»:

Մեկ այլ ընկերությունում էլ, որը լիովին հայկական էր, չգիտես ինչու, հաշվապահությունը որոշել էին ռուսերենով վարել: Արդյունքում «Jeep Cherokee» մակնիշի մեքենան գրանցել էին որպես «Джип Широкий»:

Մեկ այլ տեղ էլ ստուգումներ անցկացնելիս նկատեցինք, որ «ԿամԱԶ» մակնիշի մեքենան գրանցել են որպես ոչ նյութական ակտիվ: Եթե պարզ բացատրեմ՝ նյութական ակտիվը հնարավոր է շոշափել, ոչ նյութականը՝ ոչ: Հարցնում եմ՝ «ինչո՞ւ է «ԿամԱԶ»-ը ոչ նյութական», պատասխանում են՝ «դե չենք կարող ձեռք տալ, մեր այդ «ԿամԱԶ»-ը գողացել են»:

Աուդիոգրքեր, ձկնորսություն ու «թաքուն» կարդացած Դոստոեւսկի

Աշխատանքից դուրս հանգիստը կարեւոր է: Ես սիրում եմ ձուկ բռնել, շփվել ընկերներիս հետ, գիրք կարդալ, հիմնականում՝ գեղարվեստական: Ընդ որում, ոչ այնքան կարդում եմ, որքան՝ լսում: Աուդիոգրքերը շատ հարմար են, հատկապես՝ խցանումների մեջ: Հիմա Դոստոեւսկի եմ լսում: Որոշ ժամանակ առաջ կինս Դոստոեւսկի էր կարդում, կիսվեց՝ «այնքան լավն է, կարդացե՞լ ես»: Դե ես էլ ամաչեցի, պատասխանեցի՝ «ո՞նց չէ» ու արագ գնացի «թաքուն» լսելու (ծիծաղում է – հեղ.): Արդյունքում շատ հետաքրքիր քննարկում ունեցանք: Խորհուրդ եմ տալիս, հիանալի հեղինակ է:

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին