Ձնագունդը գլորվելով է մեծանում. 5 դերասան՝ 5 «այցեքարտ» - Mediamax.am

exclusive
2291 դիտում

Ձնագունդը գլորվելով է մեծանում. 5 դերասան՝ 5 «այցեքարտ»


Դրվագներ «Պատվի համար» ֆիլմից
Դրվագներ «Պատվի համար» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Դրվագներ «Պեպո» ֆիլմից
Դրվագներ «Պեպո» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Դրվագներ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից
Դրվագներ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Դրվագներ «Դավիթ Բեկ» ֆիլմից
Դրվագներ «Դավիթ Բեկ» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Դրվագներ «Բարեւ ես եմ» ֆիլմից
Դրվագներ «Բարեւ ես եմ» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


Հայ կինոն իր պատմության հարյուր տարիների ընթացքում ունեցել է բազմաթիվ դերասաններ, որոնք նշանակալի դերեր են խաղացել ոչ միայն կինոյում, այլեւ հայկական կինոյի պատմության կերտման հարցում: Նրանցից յուրաքանչյուրը՝ իրենց դերերով, նպաստել է հայ կինոարվեստի ծաղկմանը եւ «գլորել» հայ կինոյի զարգացման «ձնագունդը»։

 

«Հայ կինո 100» խորագրում Մեդիամաքսը եւ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը ներկայացնում են հայ կինոյի հռչակավոր դերասաններից հինգին ու նրանց «այցեքարտ» դերերը:

 

Պատիվը խորտակող Էլիզբարովը

 

-Արի քարը փեշիցդ թափի՛ր: Ստացիր ինձանից երեք հազար ռուբլի փող… հաշտվենք, հը՞…

 

Թե՛ թատրոնում, թե՛ կինոյում Հրաչյա Ներսիսյանը մեծ վարպետությամբ է պատկերել հայ դրամատուրգիայի կերպարները: Նրա ստեղծագործական հաջողություններից մեկը Անդրեաս Էլիզբարովի կերպարն էր «Պատվի համար» ֆիլմում:

 

Ներսիսյանը վարպետորեն է բացահայտել կապիտալիստական աշխարհի խոշոր գիշատչի՝ Էլիզբարովի կերպարի տիպական եւ անհատական գծերը: Ներսիսյան-Էլիզբարովը մեծ դրամատիրոջ քաղաքային տիպն է՝ արտաքնապես բարեկիրթ, ինտելիգենտի պահվածքով, սակայն նրա մեջ ամուր նստած է գավառացի վաճառականը։ Ներսիսյանը բացահայտել է Ալեքսանդր Շիրվանզադեի հերոսի ոչ միայն սոցիալական էությունը, բնավորության գծերը, այլեւ վարքագծի հոգեբանական շարժառիթները, նրա ապրած յուրատեսակ հոգեբանական դրաման:

 

-Ամբողջ քաղաքը խոսում է իմ մասին. Անդրեաս Պետրովիչ Էլիզբարովի հարստությունը աչք է ծակում: Հիմա էլ այդ լակոտը. ասում է՝ տու՛ր ինձ կեսը… Պա՛հ, գժվե՞լ եմ, որ տամ:

 

«Պատվի համար» ֆիլմը մեծ տպավորություն էր գործել հանդիսատեսի վրա: Դրա մասին առանց հիացմունքի չի կարողանում խոսել նաեւ կինոգետ Դավիթ Մուրադյանը, ով հատկապես բարձր է գնահատում ֆիլմում Ավետ Ավետիսյանի եւ Հրաչյա Ներսիսյանի կերտած կերպարները:

Դրվագներ «Պատվի համար» ֆիլմից Դրվագներ «Պատվի համար» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

«Ավետ Ավետիսյանը եւ Հրաչյա Ներսիսյանը միասնաբար անցել են հայ կինոյի ամբողջ պատմության միջով: Նրանց ամենահետաքրքիր դուետը, իմ կարծիքով, եղել է «Պատվի համար» ֆիլմը, որտեղ Հրաչյա Ներսիսյանը խաղում էր Էլիզբարովի դերը, իսկ Ավետ Ավետիսյանը՝ Սաղաթելի: Նրանք երկուսն էլ մարմնավորում էին միմյանցից բացարձակապես տարբեր գեղարվեստական անհատականություններով օժտված կերպարների։

 

Մի կողմից Ավետ Ավետիսյանը՝ գիշատիչ Սաղաթելին, մյուս կողմից Հրաչյա Ներսիսյանը՝ էլիզբարովին, որին նաեւ մի քիչ խիղճն է տանջում, քանի որ իր դստեր ճակատագրի հարցն էր որոշվում: Եվ սա իրոք նրանց հիանալի եւ անմոռանալի համագործակցությունն էր կինոարվեստում եւ հատկապես «Պատվի համար» ֆիլմում»։

 

-Ես մի հարվածով վերջ կտամ այդ բոլորին… Այրվե՜ք, այրվե՜ք… Վառվե՜ք, դուք իմ սիրտը շատ եք վառել…

 

Կապիտալիստական աշխարհի ծնունդ Զիմզիմովը

 

-Համ փող, համ անուն, համ ջահել կնիկ, Զիմզիմո՞վ, հա՛, հա՛, հա՛, Արութին Զիմզիմով։

 

«Պեպո» ֆիլմի ռեժիսոր Համո Բեկնազարյանի համար Սունդուկյանի համանուն ստեղծագործությունն ընդգրկում է վաթսունական թվականների իրականությունը: Տաղանդավոր հայ գրող Սունդուկյանը չի ջանում հիմնովին դիմակազերծ անել եւ սպանիչ հարված տալ իր դասակարգին, նա չի բողոքում իր ժամանակի դասակարգի սկզբունքների դեմ։ Նա ջանում է մեղադրել իր դասակարգի առանձին ներկայացուցիչներին՝ զիմզիմովներին: Սունդուկյանի համար գոյություն ունեն «բարի» եւ «չար» մարդիկ, եւ Զիմզիմովը վերջինների թվին է պատկանում:

 

Այդ տարիների բոլոր հայտնի հայ դերասանները ներգրավված էին ֆիլմում: Հատկապես իր կոթողային դերով աչքի է ընկել Զիմզիմովի դերակատար Ավետ Ավետիսյանը: Թեպետ Համո Բեկնազարյանն ի սկզբանե նրան նախատեսել էր Պեպոյի դերի համար, սակայն հետագայում որոշումը փոխում է:

 

- Վիրջը հասա մուրազիս, էս աշխարհքը մեղրի կարաս է․ ով շերեփը ձեռին մեկին դեսը կբոթե, մեկին դենը կբոթե ու շատ փայը ինքը կփախցնե, ղոչաղը նա է։

 

«Չար» վաշխառուներին, խաբեբա վաճառականներին պատկերող կերպարը կարող էր կերտել միայն նա, ով եղել էր նրանց միջավայրում, ծանոթ էր նրանց կենցաղին, նիստ ու կացին, բարքերին, «երկվությանը»:

Դրվագներ «Պեպո» ֆիլմից Դրվագներ «Պեպո» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

«Ես անձամբ ծանոթ եմ, անձամբ տեսել եմ զիմզիմովների նման տիպերի: Թիֆլիսում ես ծառայում էի հայտնի առեւտրական-վաշխառուների տանը: Ահա այդ ժամանակներից սկսած իրազեկ էի դառնում այդ տիպերի վատ գործունեությանը: Մինչեւ հիմա էլ դեռ տպավորված են իմ ուղեղում այդ մարդկանց կենցաղը, վարքը եւ արարքը: Այդ վաշխառու վաճառականները կյանքում կոպիտ, չար անձնավորություններ էին: Երբ ես ստանձնեցի Զիմզիմովի դերը, ինձ համար շատ հեշտ էր այդ վաշխառուի տիպը: Ես աշխատում էի ճշգրիտ պատկերավորել եւ իրական կերպով տալ ու ստեղծագործել վաշխառու Զիմզիմովին, որպեսզի հանդիսականները, նամանավանդ նոր սերունդը մի անգամ եւս հասկանա, թե ինչ դաժան էր անցյալը, երբ երկրի տերերը զիմզիմովներն էին: Կինոյի համար խաղալը պահանջում է մեզանից, այսինքն՝ դերասաններից, ավելի լուրջ եւ հոգատար վերաբերմունք դեպի դերը: Եվ ես Զիմզիմովի տիպի պատկերմանը մոտեցել եմ լրջորեն եւ շատ եմ աշխատել այդ տիպի վրա»:

 

-Էն հանգի բան սարքենք, որ աշխարհը դրմփա, չուզողի աչքն էլ դուրս գա։

 

Տարիներ անց այդ ֆիլմի ամբողջ ձայնաշարը, այսինքն՝ հնչունային մասը արդեն վնասվել էր։ 1964 թվականին՝ «Պեպո» ֆիլմի հոբելյանի կապակցությամբ,  որոշվել էր վերաձայնագրել այն: Բայց ոչ ոք այլեւս չկար, այլեւս ողջ չէին ո՛չ Հրաչյա Ներսիսյանը, ո՛չ Համբարձում Խաչատրյանը, ո՛չ Դավիթ Մալյանը։ Մեկ մարդ էր միայն մնացել՝ Ավետ Ավետիսյանը: Կինոգետ Դավիթ Մուրադյանին նույնպես հրավիրել էին՝ ֆիլմում երեխայի դերը ձայնագրելու համար, եւ նրա հիշողության մեջ դաջվել էր Ավետ Ավետիսյանը՝ ձայնագրման տաղավարում Զիմզիմովի դերը ձայնագրելիս:

 

«Եւ ես ձայնագրման տաղավարում էի, իսկ այնտեղ մեն-մենակ ձայնագրվում էր Ավետ Ավետիսյանը: Դա մի կողմից տխուր տեսարան էր, մյուս կողմից՝ գեղեցիկ, որովհետեւ այդ պատմական մենակության մեջ Ավետ Ավետիսյանը կատարում էր իր պարտքն այդ ֆիլմի հանդեպ»,- պատմում է Դավիթ Մուրադյանը:

 

-Էդ պարտքը միտս չէ, համա կու տեսնիմ դավթարներումս, թե որ գրած էլամ, էդ փողը քիզ կուտամ»։

 

Ուժեղ եւ պայքարող անհատականություն Սիրանուշը

 

-Լուսը վառել եմ ու պտի վառեմ, ու էսօրվանից հետո էլ պտի վառեմ-մարեմ, վառեմ-մարեմ։

 

«Մեր մանկության տանգոն» ֆիլմը, որի ռեժիսորը Ալբերտ Մկրտչյանն էր, հայ կինոյի մեծագույն նվաճումներից մեկն է: Այն Մինսկում կայացած համամիութենական 18-րդ փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին: Գլխավոր դերերից մեկում Գալյա Նովենցն է՝ մի դերասանուհի, ով միակն է ամբողջ հայկական կինոարվեստում, որը Վենետիկի փառատոնում մրցանակ է ստացել կնոջ դեր մարմնավորելու համար:

 

Ֆիլմի բեմադրիչ Ալբերտ Մկրտչյանի բնորոշմամբ՝ ֆիլմում գլխավոր հերոսուհի Սիրանուշն ու դերակատար Նովենցը գտել են միմյանց։

 

Սկզբում Գալյա Նովենցին հրավիրել էին մի երկրորդական դերի համար, բայց վերջինս հրաժարվել էր դրանից, ու իր համառության եւ տաղանդի շնորհիվ հասել այն բանին, որ իրեն հանձնեն Սիրանուշի դերը:

 

«Ինձ նորից կանչեցին, գրիմ արեցին, որ փորձեն, եւ այդ ընթացքում Մկրտչյանը համոզում էր, որ չվիրավորվեմ․ «Դու շատ հանգիստ ես, դանդաղաշարժ: Սցենարն ավարտելուց հետո զգացի, որ կերպարը հեռացել է քեզնից»:

Դրվագներ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից Դրվագներ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

«Ես մեղավոր չեմ, որ մինչեւ հիմա ինձ հանգիստ կանանց դերեր են տվել, բայց ես հանգիստ մարդ չեմ, ես գիժ եմ»։

 

Հենց այդ բառն էլ ասացի: Բոլորը ծիծաղեցին: Էլ չեմ հիշում՝ բառերի ինչ տեղատարափ թափեցի: Մկրտչյանը ուշադիր զննում էր ինձ, ու երեւի իմ այդ պոռթկումը շատ բան որոշեց: Մինչ այդ սիրած դերեր ունեցել էի, բայց դա շատ վաղուց էր, Լենինականի թատրոնում, իսկ կինոնկարի սցենարը կարդացել էի, շատ հավանել, շատ էի ուզում լավ խաղալ»,- իր հարցազրույցներից մեկում ասում է դերասանուհին

 

-Զարգե՜, զարգե՜, մինչեւ թեւերդ թուլնան: Արմենս կդիմանա. էնիկ մեծ դերասան է, էնիկ ամեն ինչի կդիմանա:

 

«Իմ նախկին դերերում ես երկրորդական դերեր եմ կատարել: Եվ ես հոգնել էի հլու հնազանդ, խեղճ կանանց կերպարները մարմնավորելուց: Իսկ «Մեր մանկության տանգո»-ում իմ կերտած Սիրանուշը նրանց հակադրությունն է, նա մեր իրականության ծնունդն է. ուժեղ, պայքարող անհատականություն է: Սիրանուշի բնավորության գծերից ինձ ամենից շատ հուզել են նրա մեծ սերը ամուսնու, երեխաների, հայրենի քաղաքի նկատմամբ, եւ նրա անկոտրում բնավորությունը»:

 

-Գնա՜, գնա՜…վայ քու տղամարդ ասողի ինչն ըսեմ…միամ ետ նայի, տե՛ս էրեխեքդ ինչղ վրեդ կխնդան: Ամոթից ետ չես նայե չէ՞ … գնա՜, մեկ է ուր էլ որ էրթաս , վերջը ստեղ պտի գաս, բայց լավ իմացի՝ Սիրանուշը  քեզի տուն թողնողը չէ:

 

Դավիթ Մուրադյանի բնորոշմամբ՝ այս ֆիլմը հայ կինոյի աննախադեպ նվաճումներից է, որը բարձրացրել է դերասանուհու անունը, թեպետ դրանից առաջ էլ նա ճանաչված է եղել:

 

«Հենց այս ֆիլմում նա կատարյալ անկեղծությամբ է հանդես գալիս, այսինքն՝ այնտեղ խաղ եւ՛ կա, եւ՛ չկա, որովհետեւ ամբողջովին ներքին էությունից, հոգուց է խաղում: Գալյա Նովենցը  մեծ արտահայտչականությամբ է մարմնավորել այդ ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը: «Մեր մանկության տանգոն» դարձավ համաժողովրդական ֆիլմ, եւ դրանում շատ մեծ էր Գալյա Նովենցի ստեղծագործական ներդրումը»,- ասում է կինոգետը:

 

-Կեղնի՞ մէ օրմ, որ երկնքից տեսնիմ, թե էս աշխարհը ընչի է՞ էսպես ծուռ…

 

Դավիթ Բեկի հավատարիմ զինակից Ստեփանոս Շահումյանը

 

-Ահա այն՝ հայրենիքը:

 

Հայ ժողովրդի պատմությունը լի է զավթիչների եւ թշնամիներ դեմ մղած պայքարի դրվագներով։ Պայքար, որը հաճախ տարվում էր անհավասար ուժերով, բայց ավարտվում հայերի հաղթանակով: Ահա հենց այս մասին է նաեւ «Դավիթ Բեկ» պատմական ֆիլմը։

 

Մի բան էր պատմական մեծ կտավ հղանալը, մեկ այլ բան էր այն նկարելը, այն էլ պատերազմի տարիներին, երբ Հայրենական մեծ պատերազմն էր, եւ ստուդիայի տղամարդկանց մեծ մասը մեկնել էին ռազմաճակատ: Ֆիլմի ռեժիսորը՝ Համո Բեկնազարյանը, դիմակայելով բոլոր փորձություններին, նկարում է այն։

 

«Ժամանակի այդ դաժանության մեջ ինչ-որ դրական բան էլ կար: Իմ երկարատեւ ստեղծագործական պրակտիկայում ինձ մոտ երբեք չի եղել հայրենասիրական ֆիլմ ստեղծելու այդպիսի ոգեւորություն, այդպիսի աննախադեպ ցանկություն»,- իր հուշերում գրում է ռեժիսորը:

Դրվագներ «Դավիթ Բեկ» ֆիլմից Դրվագներ «Դավիթ Բեկ» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Նկարահանվելով Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ ֆիլմը հայրենասիրական մեծ ոգով էր տոգորել հանդիսատեսին, եւ դրանում կարեւոր դերակատարում ունեին ֆիլմի առանցքային հայրենասիրական կերպարները՝ Դավիթ Բեկը եւ նրա հավատարիմ  մարտական ընկեր Ստեփանոս Շահումյանը, ում ընտրության հարցում չէր սխալվել Համո Բեկնազարյանը: Դավիթ Բեկի մարտական զինակից Ստեփանոս Շահումյանի դերում ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանն է։

 

- Եկել է որոշիչ ժամը: Եկել է խոսքից գործին անցնելու ժամանակը: Հայաստանի մելիքնե՛ր, պատրաստ եք արդյո՞ք բարձրացնել ձեր թրերը պարսիկների դեմ:

 

«Հայկական ՍՍՀ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանը ստեղծել է կրքոտ հայրենասեր մարտիկի՝ Դավիթ Բեկի հավատարիմ զինակցի գրավիչ կերպարը: Նա տաքարյուն է մարտում, մեղմ՝ լիրիկական դրվագներում: Բերդի դարպասների մոտ տեղի ունեցած ամենաբարդ տեսարանը, որը նա վարեց զուսպ ու առանց ավելորդ սենտիմենտալիզմի, կարող է դասվել ֆիլմի լավագույն դրվագների շարքը»,- գրում է Համո Բեկնազարյանը:

 

- Աշխարհի նվաճողները հաստատվել են Հայաստանի հողերում, որպեսզի ոչնչացնեն հայ ժողովրդին: Անմահ կռվում իր կյանքը տվեց հանուն հայրենիքի քաջերից ամենաքաջը՝ մեծ հայ Վարդան Մամիկոնյանը: Մենք կլինենք մեր նախնիներին արժանի, երդվու՛մ եմ:

 

Չնայած որ ֆիլմի առանցքային գաղափարը հայրենասիրությունն էր, իսկ Ստեփանոս Շահումյանը՝ դրա անմիջական արտահայտողը, այնուամենայնիվ այդ հայրենասեր կերպարի կողքին զուգահեռաբար պատկերվում է նաեւ սիրահարը: Այս առումով իր գեղեցկությամբ հիասքանչ, ռոմանտիկ-ասպետական դրվագ է Մելիք Ֆրանգյուլի դարպասների մոտ կատարած դրվագը, երբ Շահումյանը գալիս է իր սիրելիի հետ հանդիպման: Իջնելով ձիուց՝ Շահումյանը առանց շտապելու թակում է դարպասը՝ այրվելով իր հարսնացուին արագ տեսնելու ցանկությունից: Բայց դարպասները չեն բացվում:

 

- Դայակ, որտե՞ղ է իմ Գայանեն: Միթե՞ մոռացել է նա, որ երկու տարի առաջ մենք պայմանավորվել էինք հանդիպել այս գիշեր: Երեւում է ճիշտ չէի ես իմ հավատարմ ձիու հանդեպ՝ տիպելով թռչել աղջկա անհավատարիմ խոսքի համար:

 

Հանճարեղ գիտնական Արտյոմ Մանվելյանը

 

- Ինչ որ մենք հիմա անում ենք, պետք կգա տասը տարի հետո, տասը, տասնհինգ, քսան․․․միեւնույն է։

 

«Բարեւ ես եմ»-ը սահմանագծային ֆիլմ է հայ կինոյի պատմության մեջ, որովհետեւ իր հետ բերել է գեղարվեստական նոր լեզու եւ նոր աշխարհայացք: Ֆիլմը նկարահանվել է 1960-ականների կեսերն, եւ այդ վերնագիրն ինքնին արդեն խորհրդանշական էր, որովհետեւ «ես»-ը այդ վերնագրի մեջ ուներ հատուկ նշանակություն՝ անհատի արժեքը, անհատը՝ որպես մի ամբողջ աշխարհ. մինչ այդ խորհրդային եւ հայկական կինոյում, ըստ խորհրդային գաղափարախոսության, անհատը երկրորդական էր, իսկ այս ֆիլմը փոխեց այդ մոտեցումը: Այդ ժամանակվա սերնդի համար այս ֆիլմը դարձավ ուղենիշ:

 

Ֆիլմի գլխավոր դերակատարը Արմեն Ջիգարխանյանն էր, որը մինչ այդ խաղացել էր տարբեր ֆիլմերում,  բայց իր կայացումը ե՛ւ հայկական, ե՛ւ ոչ հայկական կինոյում կատարվեց այս ֆիլմով: Դավիթ Մուրադյանի  համար Արմեն Ջիգարխանյանը բացառիկ արտիստ էր, ով այս ֆիլմում խաղում էր  հայ մտավորականի կերպար, որը մինչեւ այդ մեր ֆիլմերում բովանդակային առումով չկար:

Դրվագներ «Բարեւ ես եմ» ֆիլմից Դրվագներ «Բարեւ ես եմ» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

«Այդ մտավորականի նախատիպը ակադեմիկոս Արտյոմ Ալիխանյանն էր՝ վիթխարի մասշտաբի գիտնական, ով Հայաստանում հիմնադրեց տիեզերական հետազոտությունների կենտրոն եւ մասնակցություն ուներ սովետական ատոմային ռումբի ստեղծման մեջ: Արմեն Ջիգարխանյանը այս մարդու կերպարն էր խաղում՝ շատ լավ հասկանալով, թե ում է ներկայացնում: Այսպես` մենք ունեցանք հայ մտավորականի առաջին կերպարը մեր կինոյում՝ ոչ որպես մասնագիտություն, այլ որպես մտածողություն»,- ասում է Դավիթ Մուրադյանը:

 

-Խմե՜նք, մաշված կամ հավերժական մի բառ՝ սեր, սիրած կին․․․            

-Կանա՞նց կենացը։                                                                                                           

-Չէ, չէ, հանուն նրա, որ մեզ միշտ սպասել է։

 

Արտյոմի դերակատար Արմեն Ջիգարխանյանը սկզբից մինչեւ վերջ է տանում իր դերը եւ ունի հմայք: Մանվելյանի դերակատար Արմեն Ջիգարխանյանին շատ լավ ծանոթ էր թատերական եւ կինոսեր հասարակությունը: Մի արտիստ, որի ստեղծագործության մեջ ամենից առաջ գրավում են ճշմարտացի, պարզ, մեղմ արտահայտչամիջոցները, կյանքի խոր ընկալումը առանց կեղծ պոռթկումների, առանց շատախոսության, առանց կաշվից ելնելու արտահայտելը: Ջիգարխանյանը  ճշմարիտ, հավատի եւ այժմեական արտիստ է, եւ նրա ստեղծագործական խառնվածքի այս էական գծերը դրսեւորվել են նաեւ Արտեմ Մանվելյանի դերակատարման մեջ: Ջիգարխանյանի Արտեմը խորասույզ եւ նուրբ հոգեբանության տեր մարդ է:

 

-Չեն սպասում գերեզմանում նույնիսկ ամենասիրելիները։

 

Օգտագործված աղբյուրներ՝

 

1.    «Ավանգարդ», «Մի քանի խոսք «Պեպոյի» մասին», հուլիսի 2, 1935 թ.

2.    «Խորհրդային արվեստ», «Պեպոն» էկրանի վրա, «Պեպոյի» դերակատարներն իրենց խաղի մասին, հուլիսի 12, 1935 թ.

3.    «Գարուն» ամսագիր, «Գալյա Նովենց. կինոյում մարդ եմ զգում ինձ», համար 2, 1986թ.

4.    «Հայրենիքի ձայն» թերթ, «Հայֆիլմ» կինոստուդիայի շարժանկարների հաջողությունները», հունիսի 12, 1985 թ.

5.    «Էկրան», Դ. Դեմիրճյան, Նշանավոր ֆիլմ, համար 5, 1977 թ.

6.     «Սովետական գրականություն եւ արվեստ», Դավիթ Բեկ, համար 2-3, 1944 թ.

7.    «Հուշեր դերասանի եւ կինոռեժիսորի», Համո Բեկնազարյան, Երեւան, 1968 թ.:

8.     «Սովետական գրականություն եւ արվեստ», Դավիթ Բեկ, համար 2-3, 1944 թ.

9.    «Նամուս» ֆիլմ

10.    «Պատվի համար» ֆիլմ

11.    «Պեպո» ֆիլմ:

12.    «Մեր մանկության տանգոն» ֆիլմ

13.    «Դավիթ Բեկ» ֆիլմ

14.    «Բարեւ, ես եմ» ֆիլմ

 

Հեղինակներ՝ Երջանիկ Հարությունյան, Նարինե Ղալամյան, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս

 

Կոլաժները՝ Լուսինե Հակոբյանի, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

 

Նախագծի ղեկավար՝ Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին