Կինոյի «նոտաների աստվածները» - Mediamax.am

exclusive
3195 դիտում

Կինոյի «նոտաների աստվածները»


Լուսանկարը` Կոլաժ՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Կոլաժ՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Կոլաժ՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Կոլաժ՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Կոլաժ՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Կոլաժ՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Կոլաժ՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Կոլաժ՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


Կինոարվեստում ոչինչ պատահական եւ ինքնանպատակ չէ. հանդիսատեսին ամենից առավել դուր են գալիս այն ֆիլմերը, որոնցում չկա պակասող օղակ, այսինքն՝ կինոնկարն ընդունվում է իր ամբողջության մեջ՝ սկսած դրամատուրգիական հենքից, վերջացրած՝ երաժշտությամբ:

«Հայ կինո 100» խորագրում Մեդիամաքսը եւ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը ներկայացնում են հայ կինոյին երաժշտական թեւեր տված երեք կոմպոզիտորի։

Ամենայն հայոց երգահան Խաչատրյանը

Արամ Խաչատրյանը գրել է երաժշտություն 25 հայկական կինոֆիլմերի համար: Նրա երաժշտության բեմելը հայ կինոյում «Պեպո» կինոնկարի համար գրած երաժշտությամբ էր: 1937 թվականին երաժշտություն է գրել «Զանգեզուր» կինոնկարի համար, որը պատմում է հայ ժողովրդի մղած հեղափոխական-ազատագրական պայքարի մասին: Ֆիլմի  հայտնի երաժշտական համարներից է «Զանգեզուրյան քայլերգը»: «Զանգեզուր»-ի երաժշտության որոշ սկզբունքներ հետագայում արտահայտվել են Ջութակի կոնցերտում, «Սպարտակ» բալետում եւ այլ ֆիլմերի համար գրված երաժշտությունների մեջ:1

Լուսանկարը` Կոլաժ՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


Մեկ տարի անց Խաչատրյանի երաժշտությունը էկրան է բարձրացել տաջիկական «Այգի» կինոնկարում: 1938 թվականին նա մասնակցել է բաշկիր ազգային հերոս և բանաստեղծ Սալավաթ Յուլաևի մասին նկարահանվող կինոնկարի աշխատանքներին: Նրա կինոերաժշտության լավագույն համարները, հատկապես՝ «Զանգեզուր» քայլերգը և քնարական «Զյուֆիի երգը»՝ «Այգի» կինոնկարից, մասսայականություն են նվաճել։

«Ես հաջողության եմ հասել այն գործերիս մեջ, որոնց մասին շատ եմ խորհել: Չի կարելի հորինել երաժշտություն, որը չես զգացել. կյանքումս ունեցած բոլոր ապրումները արտացոլված են երաժշտություններիս մեջ: Գրելու մեջ ագահ եմ, երբեմն օրական 16-17 ժամ աշխատում եմ: Գրում եմ այնպես, ինչպես հասկանում եմ, մինչեւ գործը չեմ ավարտում, չեմ իմանում, թե ինչ դուրս կգա»,- ասել է Արամ Խաչատրյանը:2

Կոմպոզիտորը երաժշտություններ է գրել նաեւ սովետական կինոռեժիսոր Միխայիլ Ռոմի «Մարդ N217», «Ռուսական հարց», «Գաղտնի միսիա», «Ծովակալ Ուշակով» և «Նավերը գրավում են բաստիոնները» ֆիլմերի համար: Արամ Խաչատրյանը համագործակցել է նաեւ ռեժիսոր Վլադիմիր Պետրովի հետ: Նրանց համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվել է «Ստալինգրադյան ճակատամարտ» ֆիլմը: Այս ֆիլմի երաժշտության հիման վրա կազմել է նաեւ սյուիտ նվագախմբի համար:

Գ. Ա. Հովհաննիսյանին

«Իմ թանկագին ընկեր Կիմիկ… «Ստալինգրադյան ճակատամարտը» կինոնկարի երաժշտության հիման վրա (ի դեպ, ֆիլմում երաժշտությունը նշանակալիորեն մեղմ է հնչում) կազմեցի սյուիտ՝ մեծ նվագախմբի համար… Ես շրջեցի ամբողջ Հայաստանը: Երգը, մասնավորապես, շատ է նպաստում հոգեբանության վերաձևավորմանը, մարդու վերադաստիարակմանը»:

Արամ Խաչատրյան3 

Լուսանկարը` Կոլաժ՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


1935 թվականին Սովետական միության էկրաններին ցուցադրվեց «Պեպո» կինոնկարը, որի երաժշտությունը գրել էր Արամ Խաչատրյանը:

«Պեպո»-ի սրտառուչ, արտահայտիչ երգը դարձել է կոմպոզիտորի լայն մասսայականության ավետիսը: Այս երգն առանձնահատուկ հաջողություն է ունեցել Անդրկովկասում: Այն թափանցել է ժողովրդական զանգվածների ամենախորքերը, փոխանցվել շուրթից շուրթ, ապրել զանազան տարբերակներով՝ որպես սեփական ժողովրդական երգ: Առանձին գոհունակությամբ պետք է նշեմ , որ Արամ Խաչատրյանի գրած ինքնատիպ երաժշտությունն իր ոճով ամբողջությամբ ձուլվում էր ժողովրդական մեղեդիների հետ, իսկ իր արտահայտչականությամբ նույնիսկ նրանցից ավելի հարուստ էր»,- ասել է Համո Բեկնազարյանը:

Ֆիլմի նկարահանման շրջանում Համո Բեկնազարյանը ապրում էր Երեւանում՝ «Ինտուրիստ» հյուրանոցում: Արամ Խաչատրյանը, որը ժամանակ առ ժամանակ գնում էր Երեւան՝ երաժշտական կտորները ռեժիսորի հետ համաձայնեցնելու համար, նույնպես այդտեղ էր իջեւանում:

«Այն ժամանակ իշիասը շատ էր տանջում ինձ, եւ այդ պատճառով նկարահանումներից հետո ես պառկում էի անկողնում: Ամբողջ խումբը երեկոյան հավաքվում էր իմ համարում, եւ Արամ Իլյիչը այստեղ էլ դաշնամուրի վրա հանպատրաստից երաժշտություն էր հորինում: Մի մեղեդին հյուսում էր մյուսին»,- պատմել է Համո Բեկնազարյանը:4

Դաշնամուրի առջեւ նստած՝ կոմպոզիտորի լուսաշող աչքերը վառվում են ոգեւորությունից: Նա ամբողջությամբ նմանվում էր երիտասարդ կաղնու, որի մեջ արդեն կարելի է կռահել նրա ապագա հզոր հասակի ամրությունն ու գեղեցկությունը: Նկարահանող խումբը երկար ժամանակ լուռ ունկնդրում էր նրա հիանալի նվագը…

«Իսկ ինքը՝ որպես իսկական արվեստագետ, հազվադեպ էր գոհ լինում իր գրածից: Համառորեն ու ոգեւորությամբ նա որոնում էր երաժշտության ու պատկերի առավելագույն միասնություն: Այսպես, օրինակ, նրան բավարարեց Պեպոյի երգի միայն յոթերորդ տարբերակը: Երբ իմ հիվանդության ցավերը հանգստանում էին, մենք Խաչատրյանի հետ միասին գնում էինք պանդոկները եւ այնտեղ լսում սազանդարների նվագը (արեւելյան նվագախմբի տրիո): Խնդրում էինք մեզ համար հին երգեր երգել: Հիշում եմ՝ Արամ Իլյիչը այստեղ էլ գրի էր առնում մեր հավանած մեղեդիները»,- իր հուշերում գրել է Համո Բեկնազարյանը:

Լուսանկարը` Կոլաժ՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


Պեպոյի երգը խորապես ժողովրդական է և ըմբռնվում է որպես ժողովրդական: Այդպիսին են նաեւ Խաչատրյանի լավագույն մեղեդային թեմաները նրա երգերում, կոնցերտներում, բալետներում, սիմֆոնիաներում՝ միշտ միջավայրի ծնունդ և միշտ տարբերվող իրենց դեմքերի ոչ ընդհանուր արտահայտությամբ:

Ֆիլմի ցուցադրումից մի քանի տարի անց, երբ ֆոլկլորային արշավախումբը Լեռնային Ղարաբաղում ձայնագրում էր Պեպոյի երգը, այնտեղ մի գյուղացի-հովիվ երգում էր այն՝ իր տարբերակով: Այն հարցին, թե որտեղի՞ց գիտի նա այդ երգը, հովիվը պարզամտորեն պատասխանել է. «Ո՞նց թե որտեղից: Ախր էդ բոլորն էլ գիտեն: Ախր էդ ժողովրդի երգն ա»:5

Մի որոշ ժամանակ անց կրկին տեղի է ունենում կոմպոզիտորի «հանդիպումը» իր երգի հետ։ «Ինձ վիճակվեց «Պեպո»-ի մասին հիշել հետևյալ հանգամանքներում: Հայաստանի շրջաններից մեկում ինքնագործունեության երեկույթին կատարվում էին ժողովրդական ստեղծագործություններ: Ելույթ էին ունենում նվագողներն ու երգիչները: Ինչպիսին եղավ իմ զարմանքը, երբ այն նույն երգը, որ դամբը ծովը գցելիս երգում էր իմ Պեպոն, ներկաներին հրամցրին ինչպես ժողովրդական երգերից մեկը: Ի՞նչ էր տեղի ունեցել: Մարդիկ, սիրելով այդ մեղեդին, ընդունել էին իբրև ժողովրդական: Կարո՞ղ էի ավելի լավ պարգև ստանալ իմ աշխատանքի համար»:6

Հնչյունների արքա Մանսուրյանը

Տիգրան Մանսուրյանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայ կինոերաժշտության մեջ, որը վերջինիս համար շատ հետաքրքիր, իր ուրույն երանգավորումն ունեցող բնագավառ է: Յուրաքանչյուր սցենար, յուրաքանչյուր ֆիլմ նրա համար հանելուկների մի շղթա է, որոնց լուծումը նա փորձել է գտնել իր երաժշտության միջոցով:

«Ես անսահման պահանջ եմ զգացել՝ ապրելու երաժշտության հոգսերով, եւ եթե գեթ մի օր ինձ համար չի նշանավորվում երաժշտության գյուտով, ապա այդ օրը մեռած է ու տխուր»,- ասել է Մանսուրյանը:

Ցանկացած ֆիլմում անորսալի կապեր կան կադրի եւ երաժշտության հնչյունների միջեւ, նուրբ հոգեբանական կապեր, որոնք երաժշտության առջեւ շատ որոշակի պահանջներ են դնում: Իր կինոերաժշտությունը Մանսուրյանը գրել է ոչ ռեժիսորի պատմածով կամ ներկայացրածով, նա ամենից առաջ ցանկացել է պարզել երաժշտության գույնը, այսինքն՝ թե ինչ գործիք պետք է օգտագործել տվյալ ֆիլմի համար:

«Շատ տխուր բան է, երբ կոմպոզիտորը մի ավելորդ անգամ ուզում է կրկնել ռեժիսորի ասածը: Ասենք, եթե ռեժիսորն ասում է՝ սա սպիտակ գույն է, կոմպոզիտորը ոչ թե պետք է շտապի հաստատել, այլ պետք է բացատրի, թե ինչ բան է այդ սպիտակ գույնը»,- ասել է Տիգրան Մանսուրյանը:7

Լուսանկարը` Կոլաժ՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


Սկզբնական շրջանում երիտասարդ կոմպոզիտորը երաժշտություն է գրել միայն վավերագրական ֆիլմերի համար: Դրանցից են «Հաղթանակի օրը ընկերների հետ», «Հայոց հողի գույնը» եւ «Քարը» աշխատանքները: Սրանցից հետո Մանսուրյանը զարմանալիորեն արագ «ընտելացել է» կինեմատոգրաֆին. բավական էր կինոնյութի մեկ դիտումը, որպեսզի նա որսար տեսարանների «բնավորությունը»:

«Իր երաժշտությամբ նա չի հնչյունավորել յուրաքանչյուր կադր, նրա համար ամենագլխավորը ֆիլմի ամբողջական կառուցվածքն էր: Սակայն կինոյում վնասակար է թե՛ երաժշտության անհարկի տնտեսումը, թե՛ անհարկի օգտագործումը»,- իր հոդվածներից մեկում գրել է «Էկրան» ամսագրի թղթակից Ս. Ջուլհակյանը:8

1960-1970-ական թվականներին նկարահանված մի շարք ֆիլմերում բեմադրողները ձգտել են երաժշտությունը «տնտեսել»: Այդ ֆիլմերից էր «Մենք ենք, մեր սարերը», որտեղ երաժշտական շեշտադրումներ անելու կամ հուզական հատուկ մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտություն չկար:9


«Այս խիստ «դիմանկարային» ֆիլմում երաժշտությունը հերոսների՝ միմյանց նկատմամբ ունեցած փոխադարձ կապի ու նաեւ վերաբերմունքի մեջ է: Կինոնկարում չկա, ինչպես ասում են, բաց տարածություն, իսկ օգտագործված դրվագներն էլ, իրենց էկրանային տեւողությամբ, այնքան կարճ են, որ հանդիսատեսը չի հասցնում «հարմարվել» երաժշտությանը»,- ասել է Տիգրան Մանսուրյանը:

Նրա կինոերաժշտության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Նռան գույնը» ֆիլմի երաժշտությունը: Այս ֆիլմում կոմպոզիտորը հայտնաբերել է նկարի համապատասխան երանգներ, շտրիխներ, իսկ ավելի ճիշտ՝ կինեմատոգրաֆը հասկանալու զարմանալի կարողություններ:

Կինոյում ռեժիսորի ամենամեծ զինակիցը օպերատորն է: Բայց «Նռան գույնը» ֆիլմում, որտեղ երկխոսություն չկա, ու խոսքը հյուլեի նման աննշան է, երաժշտությունն ու ձայնը պետք է վճռական լինեին: Այդ իսկ պատճառով կոմպոզիտորը նույնպես դարձել է ռեժիսորի, այս դեպքում՝ Սերգեյ Փարաջանովի մերձավորագույն զինակիցը:10

«Աշնան արեւը» աշխատությունը դեռ Հրանտ Մաթեւոսյանի «ձեռքին էր», երբ ձգում էր կոմպոզիտորին:

«Գուցե այն պատճառով, որ պարունակում էր մեր մեջ եղած անբացատրելի կարոտը չգիտես ինչի, այն ամենքի նկատմամբ, որ հուշ դարձան»,- ասել է կոմպոզիտորը:

Լուսանկարը` Կոլաժ՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


«Կտոր մը երկինք» ֆիլմում, իմաստային առումով, մի հարազատ շերտ կա բոլորիս համար: Սա Թոթովենցի աշխարհն է, ազգային բնավորությունների ներկայությունը՝ դրված պայմանական աշխարհի սահմանների մեջ, որը մեզ համար թանկ է եւ հասկանալի: Այս ֆիլմը արժանացել է նաեւ բազում մրցանակների, որոնցից Վիլնյուսում կայացած համամիութենական 14-րդ կինոփառատոնում «Լավագույն երաժշտական լուծման համար» սահմանված մրցանակը շնորհվել է Տիգրան Մանսուրյանին:

«Երեք շերտ, երեք տարբեր բնավորություն կա այս ֆիլմում՝ հաց վաստակելու գրոտեսկը, գավառական քաղաքի մթնոլորտը ներկայացնելու երաժշտությունը, Թորիկի եւ նրա մորաքրոջ ամուսնու քաղաք ելնելու, երեք անառակ կանանց մուտքը քաղաք, եւ վերջապես, երաժշտության բարձրակետը՝ սիրո լեյտմոտիվը: Գրոտեսկից մինչեւ ամենապոզիտիվ զգացողությունը, ամենաբանաստեղծական շերտը: Երեք շերտ՝ երեք տարբեր բնավորության երաժշտություն»,- ասել է Տիգրան Մանսուրյանը:

Մանսուրյանը գրել է երաժշտություն նաեւ «Լիրիկական երթ», «Գիքորը», «Մոր սիրտը» եւ բազում այլ ֆիլմերի համար:

Մեր բոլորի «Առնոն»

Առնո Բաբաջանյանի առաջին ստեղծագործությունը՝ դաշնամուրի համար նվագախմբի հետ կոնցերտը, Մոսկվայում կատարվեց 1944 թվականին, երբ հեղինակն ընդամենը 23 տարեկան էր եւ դեռ սովորում էր Կոնսերվատորիայում: Ինչպես խոստովանում է ինքը՝ կոմպոզիտորը, նա իր վրա կրել է Սերգեյ Ռախմանինովի եւ Արամ Խաչատրյանի ազդեցությունը: Կոմպոզիտորն իր ստեղծագործություններում հայկական ազգային կոլորիտը զուգակցել է ժամանակակից մեղեդայնության հետ:

Լուսանկարը` Կոլաժ՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


«Երբ ստեղծագործողն ասելիք ունի, ստեղծագործության մեջ միտք, բովանդակություն կա, և ընտրված միջոցները համապատասխանում են բովանդակությանը, երբ միտքն ու միջոցները համարժեք են, այդ ժամանակ գեղարվեստական արդյունք անպայման կլինի: Իսկ երբ ստեղծագործության գաղափարը, միտքը քոնն է, բայց դու այն «զգեստավորում» ես ուրիշի միջոցներով, թեկուզ և դրանք, այսպես ասած, հույժ ժամանակակից լինեն, ոչինչ չի ստացվի: Դա նույնն է, թե մարդ ուրիշի հագուստը հագնի: Երբ արտահայտչամիջոցները քո սեփականը չեն, փոխ ես առել այս կամ այն կոմպոզիտորից, ստացվում է խայտաբղետ, տարաոճ մի բան, ինչպես ասում են, էլեկտրիկ  հորինվածք: Ըստ իս՝ նման ստեղծագործությունը դժվար թե կարողանա որևէ մեկին համոզել, առավել ևս՝ հուզել»,- ասել է Առնո Բաբաջանյանը:11

Նրա երաժշտությունը հմայում է իր քնարականությամբ, վեհ ռոմանտիզմով, տարերային հզոր հուզականությամբ: Որպես իսկական գեղագետ՝ Բաբաջանյանը տիրապետում էր ժողովրդական երաժշտության ներքին աշխարհը թափանցելու արվեստին:

«Տաղանդավոր կոմպոզիտոր, հմուտ դաշնակահար Առնո Բաբաջանյանը միաժամանակ երգի անզուգական վարպետ է, եւ նրա ստեղծած երգերից շատերը, իր ստեղծած մյուս գործերի նման, ճախրում են աշխարհով մեկ՝ աշխարհի շատ ժողովուրդների տանելով վերածնված հայ ժողովրդի երգն ու երաժշտությունը»,- ասել է Առնո Բաբաջանյանի լավագույն ընկեր Գեւորգ Էմինը:12

Բայց ինչպե՞ս պատահեց, որ «լուրջ» երաժշտության հեղինակը նշանավոր դեմք դարձավ «թեթեւի» աշխարհում: «Սկսվեց կինոյից: Ես երաժշտություն գրեցի «Ամպրոպի արահետով», «Հասցեատիրոջ որոնումները», «Առաջին սիրո երգը» ֆիլմերի համար: Մեղեդիներից մի քանիսը սիրվեցին ու տարածվեցին: Այդ ժամանակ մտքովս անցավ ուղղակի երգ հորինել: Այդ օրվանից չեմ դավաճանում այլեւս այդ ժանրին»,- ասել է Առնո Բաբաջանյանը:13

Առնո Բաբաջանյանը գրել է երաժշտություն «Հայֆիլմ»-ի «Բաղդասարը ամուսնանում է» (կինոռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան), «Մրցույթում միայն խոհարարներն են» (կինոռեժիսոր՝ Ներսես Հովհաննիսյանի), «Հարսնացուն հյուսիսից» եւ այլ գեղարվեստական կինոնկարների համար:

«Ներսես Հովհաննիսյանի հետ աշխատել ենք «Հարսնացուն հյուսիսից» հայկական հեռուստատեսային ֆիլմի վրա, որը մեծ հաջողություն ունեցավ: 1979 թվականին վերջինիս հետ նաեւ համագործակցության մեջ մտանք Աղասի Այվազյանի սցենարով ստեղծվող «Սանամեր» հայկական հեռուստատեսության ֆիլմի առիթով, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Արմեն Ջիգարխանյանն ու Խորեն Աբրահամյանը»,- իր հարցազրույցներից  մեկում ասել է Առնո Բաբաջանյանը:14

Նրա համար աշխարհում չկար թեկուզ մի կոմպոզիտոր, որն աշխատեր շաբլոնով՝ սկզբում կա՛մ շարադրանքը, կա՛մ մեղեդին:  «Ինձ հետ սովորաբար այսպես է պատահում. հանկարծ հայտնվում է մեղեդին՝ որպես վաղուց սպասված հյուր, որին չգիտես՝ որտե՞ղ նստեցնես, ինչո՞վ հյուրասիրես: Խառնվում ես իրար, իսկ նա անհետանում է: Ստուգում ես՝ արդյո՞ք այդքան լավն է: Երբ համոզվում ես, որ լավն է, հրավիրում ես բանաստեղծին: Եւ ամեն ինչ նորից է սկսվում»։

Լուսանկարը` Կոլաժ՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


Առնո Բաբաջանյանը շատ կարեւոր գործով պիտի Մոսկվա մեկներ՝ երգեր գրելու առաջարկի հաջորդ օրը: Եվ ահա հանդիպում են կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանը, կինոռեժիսոր, սցենարիստ Յուրի Երզնկյանը, դերասան Խորեն Աբրահամյանը, լրագրող Ժիրայր Հակոբյանը եւ Առնո Բաբաջանյանը: «Մի ամբողջ շարք դրվագներ չենք կարող նկարահանել երգերի բացակայության պատճառով»,- ջանում է հնարավորին չափ համոզիչ խոսել Լաերտ Վաղարշյանը:

Առնո Բաբաջանյանը իր առջեւ կանգնած է անշարժ, ցրված հայացքով: Լաերտ Վաղարշյանը գիտակցում է, որ նա ցանկանում է, որ ինքը էլի ու էլի խոսի՝ նրան համոզելու, «սահմանին» հասցնելու համար, որպեսզի նա այլ ելք չունենա, բացի համաձայնվելուց:

«Դու հասկացիր, ես չեմ խոսում պլանների մասին. դրանք այնքան էլ ահավոր չեն: Ավելի ահավորն այն է, որ խմբի անդամների տրամադրությունը սառչում է ֆիլմի նկատմամբ… Առանց պատրաստի երգերի մեր ձեռքերը կապված են… (Ըհը, նա սկսում է ինչ-որ բան սուլել): Բացի այդ, մենք պայմանավորվել ենք ԽՍՀՄ-ի պետկինոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ եկող շաբաթ ձայնագրելու երաժշտությունը…»,- ասում է Վաղարշյանը:

Այդ ժամանակ նրանց են մոտենում Յուրի Երզնկյանը, Խորեն Աբրահամյանը եւ Ժիրայր Հակոբյանը: Կարծես թե վախենալով, թե նրանք էլ կհամոզեն իրեն երաժշտություն գրել ֆիլմի համար՝ Առնո Բաբաջանյանը, բնորոշ ցրված հայացքով նայելով բոլորին, կարծես հանձնվում է:

«Դաշնամուր է պետք»,- ասում է նա:

«Գնանք ինձ մոտ՝ տուն»,- առաջարկում է Ժիրայր Հակոբյանը: Եվ բոլորն ուղղվում են դեպի Ժիրայր Հակոբյանի տուն: Առնո Բաբաջանյանը գնում էր առջեւից, նրանք բոլորը՝ հետեւից՝ կարծես նրան գորովանքով շրջապատելով: Հենց մոտենում են Հակոբյանների տանը, Բաբաջանյանն անմիջապես նստում է դաշնամուրի առջեւ:

«Մենք բոլորս լուռ սպասում էինք, թե ինչպես է նա արտահայտություն առ արտահայտություն երգում: Բոլորս նրան ոգեշնչում էինք հիացմունքով, եւ անծանոթ մեղեդու հնչյունները դուրս էին հորդում Առնոյի հոգուց:

Երաժշտական ստեղծագործության, հատկապես երգի ծնունդը, կարծես, նորածնի ճիչ լինի, մեղեդի դարձող հնչյունները զարմանք են հարուցում, իսկ եթե երգը լավն է, ինչպես դա Առնոյի մոտ էր ստացվում, նաեւ անկեղծ ուրախություն են պատճառում: Երբ երգն ավարտվեց, մենք բոլորս խմբովին (ինչպես հետագայում Առնոն էր ասում՝ «ոչ առանց ֆալշի») ոգեշնչված երգում էինք»,- պատմել է Լաերտ Վաղարշյանը:

Դաշնամուրը արդեն վաղուց Առնո Բաբաջանյանի հիպնոսացնող տիրապետության տակ էր: Նրա մատները ներդաշնակ հրահանգով կպչում էին ստեղնաշարին: Բոլոր ներկաները ոչ միայն հրճվանք, այլեւ թեթեւություն էին զգում. գործն արված է: Մնում էր երգը ձայնագրելը, եւ նկարահանումները կշարունակվեին… Այդ առաջին երգը «Իմ Երեւան»-ն էր…

«Այժմ արդեն թվում էր՝ Առնոյին ոչինչ չի կանգնեցնի: Փոքր դադարից հետ նա դարձյալ նստեց դաշնամուրի առջեւ: Մենք հանգիստ շրջապատեցինք նրան եւ լսեցինք, թե ինչպես է հորինում երկրորդ երգը: Այստեղ գործն ավելի հեշտ էր գնում: Եվ դարձյալ այն բանից հետո, երբ նա վերջացրեց ստեղծագործելը, մենք այդ երգն էլ խմբովին երգեցինք… Բոլորս զարմանալի տրամադրության մեջ էինք: Այդքան նպատակասլաց եւ այդքան, թվում է, հեշտ է երգ հորինելը… Այժմ ունենք նաեւ երկրորդը՝ «Առաջին սիրո երգը»»,- պատմել է Լաերտ Վաղարշյանը:

Հանկարծ Առնո Բաբաջանյանն ինքն է առաջարկում հորինել նաեւ երրորդ երգը: Դա այն երգն էր, որ դերասանը պետք է երգեր գիշերը՝ գալով իրենց տան բակը: Երգը պետք է ժողովրդական լիներ: Այդ երգի վրա արդեն նա աշխատեց շատ կարճ: Այն դրամատուրգիապես ճշտիվ համապատասխանում էր իր տեղին: Դա «Երեւանի սիրուն աղջիկ»-ն էր։

Հեղինակ՝ Երջանիկ Հարությունյան, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս
 
Կոլաժները՝ Լուսինե Հակոբյանի, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս
 
Նախագծի ղեկավար՝ Մարի Թարյան


Գրականության ցանկ

1.    Էկրան, Տիգրան Մանսուրյանի Կինոերաժշտության աշխարհում, համար 8, 1982թ․:
2.    Ուրվագծեր հայկական կինոերաժշտության, Էկրան, համար 2, 1974թ․:
3.    Ռեժիսորի զինակիցները, Էկրան, համար 7, 1969թ․:
4.    Արամ Խաչատրյան վիրտուալ թանգարան
5.    Զարթօնք, Արամ Խաչատրյան կխոսի, երաժշտությունը ապագան կնախատեսե, համար 15, 1965թ․:
6.    Նամականի. Խաչատրյան Արամ Եղիայի, Երեւան, 2017թ․:
7.    Համո Բեկնազարյան, Հուշեր դերասանի եւ կինոռեժիսորի, Երեւան, 1968թ․:
8.    Գեորգի Խուբով, Արամ Խաչատրյան. մենագրություն, Երեւան, 1977թ․:
9.    Ա. Խաչատրյան, Կինոնկարի երաժշտությունը, «Իսկուսստվո էկրան», 1955 թ., համար 11, էջ 31:
10.  Սովետական արվեստ, Եթե ոգեւորող առիթ չկա, ես ստեղծագործել չեմ կարող, համար 2, 1980թ․:
11.  Սովետական Հայաստան, «Իմ, քո, մեր բոլորի Առնոն», 28 հունվար, 1981թ․:
12.  Ավանգարդ, Ինչից է սկսվում երգը, հոկտեմբերի 30, 1977թ․:
13.  Բանվոր, Երեք հարց Առնո Բաբաջանյանին, մարտի 12, 1980թ․:
14.   Երեկոյան Երեւան, Ինչպես ծնվեց առաջին սիրո երգը, փետրվարի 3, 1996թ:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին