Պետկինոյից՝ Հայֆիլմ. արվեստները սինթեզող մշակույթը - Mediamax.am

exclusive
2135 դիտում

Պետկինոյից՝ Հայֆիլմ. արվեստները սինթեզող մշակույթը


Դզնունին իր աշխատասենյակում
Դզնունին իր աշխատասենյակում

Լուսանկարը` «Ուրվագիծ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պատմության» գրքից

Հ․ Բեկնազարյանի «Երկրորդ քարավան» ֆիլմը
Հ․ Բեկնազարյանի «Երկրորդ քարավան» ֆիլմը

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

«Նամուսի» ավարտական տեսարանը
«Նամուսի» ավարտական տեսարանը

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Դրվագ Կ․ Գեւորգյանի «Խաչմերուկ» ֆիլմից
Դրվագ Կ․ Գեւորգյանի «Խաչմերուկ» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Դրվագ Ա․ Աղաբաբյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմից
Դրվագ Ա․ Աղաբաբյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Դրվագ «Կարինե» ֆիլմից
Դրվագ «Կարինե» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


«Հայ կինո 100» խորագրում Մեդիամաքսը եւ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը ներկայացնում են հայկական կինեմատոգրաֆիայի էվոլյուցիան ու դրամատիկ շրջանները։

60 ռուբլի կամ 6 չերվոնեց՝ 3000-ի փոխարեն․«ժլատ» ներդրումն էր, որ դրեց Հայ կինոյի հիմքի առաջին քարերը։ 3000 ռուբլին հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից Դանիել Դզնունին էր խնդրել Ժողկոմխորհի նախագահ Սարգիս Լուկաշինից, բայց քանի որ ժամանակները ծանր էին, իսկ բյուջեն՝ սուղ, առաջին օղակում այդ գումարը դառնում է 100 ռուբլի, հետո՝ էլ ավելի պակասում։

60 ռուբլով եւ ապառիկով ստեղծված

Դանիել Դզնունին իր հուշերում գրում է․ «Լուկաշինը մի երկտող է գրում եւ ավելացնում․ «Կտաք սա Լուսժողկոմ Մռավյանին եւ կստանաք նրանից 100 ռուբլի։ Ներկայումս ավելի գումար չենք կարող տրամադրել»։ Սակայն, Ասքանազ Մռավյանն իր հերթին, նախապես հեռախոսով առարկելով Լուկաշինին, ի վերջո բաց է թողնում 60 ռուբլի՝ 6 չերվոնեց, ասելով․ «Մենք պետք է հոգանք 30 հազար որբերի մասին․ առայժմ մտածեք Երեւանում մի նոր կինոթատրոն բանալու մասին, գուցե հետագայում կարողանանք ավելի շատ միջոցներ տրամադրել հայկական կինոարվեստի ստեղծման համար»։

1923 թվականի ապրիլի 20-ին ՀԽՍՀ Ժողկոմխորհը որոշում է ընդունում Լուսժողկոմատի սիստեմում հատուկ կինոկազմակերպություն ստեղծելու մասին, որը եւ անվանում են «Պետկինո»։ Այդ օրվանից էլ պետք է համարել հայկական պետական կինեմատոգրաֆիայի սկզբնավորումը։

Դզնունին իր աշխատասենյակում Դզնունին իր աշխատասենյակում

Լուսանկարը` «Ուրվագիծ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պատմության» գրքից


Առաջին կինոցուցադրությունը Երեւանում 1899-ին է տեղի ունենում։ Այստեղ էլ պաստառի վրա շարժվող ստվերներն առաջացնում են նույնպիսի խուճապ, ինչպես Փարիզի Գրանդ կաֆեում՝ 1895-ի դեկտեմբերին, երբ Լյումիերները կազմակերպեցին առաջին սեանսը։

1930-ականներին արդեն գործում են «Պրոլետար» եւ Հայկական դիվիզիայի Քաղբաժնի «Աստղ» կինոթատրոնները, սակայն պետական կինոթատրոն չկար։ Այդպես որոշվում է «Պետկինո»-ին պատկանող կինոթատրոն բացել, եւ քանի որ գարնան ամիսներն էին, կանգ են առնում ամառային բացօթյա կինոթատրոնի տարբերակի վրա։ Աբովյան փողոցում գտնվող փոքր այգին երկու շաբաթում վերածվում է «կինոսրահի»․ կտրում են փոքրաթիվ ծառերը, կառուցում նստարաններ, «կինոբուդկա», անգամ՝ օթյակներ։ Դիմացի շենքի պատը սվաղում են, սպիտակեցնում եւ վերածում էկրանի։ Աբովյան փողոցի վրա գտնվող դրամարկղի ճակատին էլ կախում են «Պետկինո» ցուցանակը։

Այս բոլոր աշխատանքներն, իրականում, ավելի մեծ ծախսեր էին պահանջում, քան ստացված 60 ռուբլին էր, այդ պատճառով էլ աշխատանքներն իրականացնում են ապառիկ՝ պայմանով, որ պարտքը մարվի կինոյի եկամտից։

Կինոարվեստի զարգացումն իր հետ բերում է մի շարք տաղանդավոր մարդկանց, որոնցից առաջինը Համո Բեկնազարյանն էր․ «Երջանկությունը մարդու մոտ գալիս է տարբեր ուղիներով։ Իմ առջեւ այն կանգնեց մոտ 35 տարեկան նիհարավուն, բարձրահասակ, շիկահեր տղամարդու կերպարով եւ առաջարկեց նկարվել կինոյում։ Ես շփոթված հարցրի․ «Իսկ ի՞նչ պետք է անեմ»։ «Ձեզ ամեն ինչ կասեն»։ Անծանոթն ինձ տվեց հասցեն ու անհետացավ»,- կինոբեմադրիչն այսպես է նկարագրում իր մուտքը կինոաշխարհ։

1925 թվական․ Առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը

Ռեժիսոր Համո Բեկնազարյանի դեբյուտը կինոաշխարհ «Նամուսը» ֆիլմով էր, որը կոչված էր ստեղծելու կինոյի նոր ազգային դպրոց։ Ֆիլմը հիմնված է Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն դրամայի վրա, որը պատմում է երիտասարդ զույգի՝ Սեյրանի եւ Սուսանի ողբերգական սիրո մասին։

Ինչպես ասվում է Սիրանույշ Գալստյանի «Հայացք մեր կինոյին. Պատմությունը եւ ներկան» գրքում, ֆիլմում Արեւելքը ներկայացված է «առանց արդուզարդի»։ Բեկնազարյանը ֆիլմի սցենարը գրում է մի քանի օրում եւ իր հուշերում պատմում, որ դեռ սցենարը չգրած՝ ֆիլմը տեսնում էր այնպես, ինչպես հետո նկարեց․ «Կարդալով Շիրվանզադեի վեպը՝ ես տեսնում էի իմ ապագա ֆիլմը։ Ես տեսա ֆիլմն ավելի շուտ, քան դերասանները կկանգնեին կինոապարատի առջեւ»։

Ֆիլմում խաղալու համար հրավիրվում են հայ բեմի մեծ վարպետներ, թատրոնի անվանի դերասաններ՝ Հովհաննես Աբելյանին, Հրաչյա Ներսիսյանին, Ավետ Ավետիսյանին, սակայն գլխավոր՝ Սուսանի եւ Սեյրանի դերերը Բեկնազարյանը վստահում է ոչ պրոֆեսիոնալ երիտասարդների՝ Մարիա Շահուբաթյանին ու Սամվել Մկրտչյանին: Իր հետեւում ունենալով համր կինոյում կերտած բազմաթիվ կերպարների փորձը՝ ռեժիսորը շատ լավ գիտեր, որ կինոն չի սիրում թատերական պայմանականություն։
«Նամուսի» ավարտական տեսարանը «Նամուսի» ավարտական տեսարանը

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


Ֆիլմը նկարահանվում է «Պետկինոյի» հիմնադիր Դանիել Դզնունու նախաձեռնությամբ եւ մի քանի ամիսների ընթացքում ցուցադրվում ԽՍՀՄ-ի գրեթե բոլոր կինոթատրոններում, ինչպես նաեւ մի շարք եվրոպական երկրներում։

«Նամուս»-ի հեղինակ Ալեքսանդր Շիրվանզադեն Բեկնազարյանի հրավերով կինոստուդիայում դիտում է ֆիլմն ու շատ գոհ մնում։ Այնուհետեւ Բեկնազարյանը Շիրվանզադեին խնդրում է նստել կինոապարատի առջեւ ու նկարահանվել Հովհաննես Աբելյանի հետ։ Այդ կինոկադրը, որը պատկերում էր հայկական դրամատուրգիայի բազմաթիվ կերպարներ ստեղծած երկու պատկառելի վարպետներին, մտնում է «Նամուս» ֆիլմի մեջ եւ երկար ժամանակ ցուցադրվում Անդրկովկասի կինոդիտողներին։

«Նամուս»-ի ահռելի կոմերցիոն հաջողության շնորհիվ կինոարտադրությունը Հայաստանում դրվում է կայուն հիմքի վրա։ Սեյրանի եւ Սուսանի ողբերգական սիրո մասին պատմող ֆիլմը նաեւ իր հաստատուն տեղն է ունեցել համաշխարհային կինոյի պատմության մեջ՝ որպես Արեւելքը պատկերող առաջին ռեալիստական, տեղական արտադրության կինոպատումներից մեկը։

1946-1980-ական թվականներ․ վերելքներ, անկումներ, պայքար

Ճիշտ է՝ Բեկնազարյանն ամուր հիմք է ստեղծում հայ կինոյի զարգացման համար, սակայն հաջորդող տարիների ընթացքում մի շարք իրադարձություններ են ազդում կինոյի պատմության ընթացքի վրա։

Ինչպես կինոգետ Սիրանույշ Գալստյանն է պատմում Մեդիամաքսին՝ հետպատերազմյան տարիները (1945-1946թթ․) խորհրդային կինոյի պատմության մեջ մտնում են որպես «սակավաֆիլմության» տարիներ։ Ոչ մեծ թվով, սակայն արժեքավոր ֆիլմեր են այդ ժամանակաշրջանում ծնվում։

1946 թվականը նշանավորվում է «Երկիր Հայրենի» վավերագրական ֆիլմով, որի հայրենասիրական տեքստերի հեղինակը կինոդրամատուրգ Ալեքսանդր Դովժենկոն էր։ Դժվար էր պատկերացնել, որ հայ չլինելով հանդերձ՝ նա կարողացել էր այդքան մանրակրկիտ ու գեղեցիկ ձեւով ամեն բան ներկայացնել։ «Երկիր Հայրենի»-ի համար է գրվում եւ առաջին անգամ ֆիլմում հնչում «Մարտիկի երգը» ստեղծագործությունը։

«Դժվար էր պատկերացնել, որ Ստալինյան ժամանակաշրջանում կարող էր նմանատիպ վավերագրական ֆիլմ ստեղծվել․ սա հնագույն ժամանակներից մինչեւ 40-ականներ հայ ժողովրդի պատմությունը, նրա մշակույթը, պատմական բոլոր ողբերգական իրադարձությունները, սովետական ժամանակաշրջանը պատկերող փաստագրական ֆիլմ էր՝ արժեքավոր ժառանգություն։ Սրան զուգահեռ նկարահանվում էին այնպիսի ֆիլմեր, որոնք դարաշրջանը ներկայացնում էին միակողմանի, ուստի հարց էր առաջանում՝ այդ ժամանակաշրջանում ինչպե՞ս էին այդպիսի ֆիլմեր նկարահանվում, այն էլ՝ վավերագրական»,- ասում է Սիրանույշ Գալստյանը։

Արդեն 1950 թվականին Համո Բեկնազարյանի ջանքերով ստեղծվում է «Երկրորդ քարավանը» ֆիլմը, որը պատմում էր Սովետական կառավարության կողմից կազմակերպած հայրենադարձության առաջին-երկրորդ «քարավանների» մասին։ Սակայն, երբ ֆիլմն արդեն գրեթե պատրաստ էր, հրաման է գալիս, որ մի շարք ֆիլմեր, այդ թվում եւ սա, կոնսերվացվում են։ Համո Բեկնազարյանն իր հուշերում գրում է, որ հասուն տարիքում առաջին անգամ լաց է եղել՝ այդքան նվիրումի դիմաց ստանալով այդպիսի պատասխան։
Հ․ Բեկնազարյանի «Երկրորդ քարավան» ֆիլմը Հ․ Բեկնազարյանի «Երկրորդ քարավան» ֆիլմը

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


Երկար տարիներ ֆիլմը համարվում էր անհետ կորած, բայց 2022թ-ին Մոսկվայի արխիվներում գտնվել է պատրաստի հատվածը։ Որոշվել էր, որ ֆիլմն ամբողջապես վերականգնելուց հետո կցուցադրվի Հայաստանում, սակայն որոշակի լռությունից հետո պարզ դարձավ, որ ֆիլմի պրեմիերան լինելու է Նյու Յորքում։

Այդ տարիներին պետական միջոցների սղություն կար եւ, ինչպես նկատում է Սիրանույշ Գալստյանը, պետք էր ինչ-որ ձեւով այդ միջոցները խնայել։ Միակ լուծումը մնում էր քիչ ֆիլմեր նկարահանելը՝ «մեզ պետք են գլուխգործոցներ» պատճառաբանությամբ։ Եվ համարվում էր, որ Սովետական միությունում գլուխգործոցներ կարող էին ստեղծել միայն ընտրյալ տասներկու ռեժիսորները, որոնց մեջ էր նաեւ Համո Բեկնազարյանը։

1950-ականներին գործող ժանրը դառնում է մելոդրաման, ինչն ազդարարում է մարդկային անկեղծ զգացմունքներին վերադառնալու մասին։ Այսինքն՝ ոչ թե գաղափարական, պատմահեղափոխական, պատերազմական գաղափարներ էին առաջ քաշվում, այլ հակառակը՝ մարդիկ փորձում էին վերադառնալ դեպի նորմալ կյանք, մարդկային զգացմունքների գունագեղ աշխարհ։ Հենց այս ժամանակաշրջանում է, որ Գրիգոր Մելիք-Ավագյանը, ունենալով երաժշտական կրթություն, հիմք է դնում առաջին երաժշտական ֆիլմին՝ «Սիրտը երգում է»-ին, որը բնականաբար, մելոդրամայի ժանրի վառ արտահայտությունն էր։ Նրա մյուս նույն ժանրին պատկանող ստեղծագործություններից էին նաեւ «Ինչու է աղմկում գետը» եւ «Առաջին սիրո երգը»։

1960-ականները ընդունված է համարել հայ կինոյի վերելքի ժամանակաշրջան, որը զուգահեռվել է ազգային գիտակցության զարթոնքի հետ։ Ժամանակաշրջանը հարուստ է թե՛ կարճամետրաժ ֆիլմերի ստեղծման առումով («Տերն ու ծառան», «Տժվժիկը»), թե՛ լիամետրաժ («Բարեւ, ես եմ», «Եռանկյունի», «Սարոյան եղբայրները», «Մենք ենք, մեր սարերը»)։ Դրանցից շատերը նկարահանվում էին համանուն գրքերի հիման վրա, ինչը նշանակում էր, որ ժամանակի մեծ գրողները «ներթափանցել» էին կինոաշխարհ։
Դրվագ «Կարինե» ֆիլմից Դրվագ «Կարինե» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


«60-ականների թագն ու պսակը կարելի է համարել հետեւյալ երկու ֆիլմերը՝ Արտավազդ Փելեշյանի «Մենք»-ը եւ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»։ Նշանակալից էր նաեւ 1967 թվականին Արման Մանարյանի ջանքերով ստեղծված «Կարինե» առաջին ֆիլմ-օպերան (մյուզիքլը)»,- պատմում է Սիրանույշ Գալստյանը։

Կինոյի բեղուն ժամանակաշրջանից մինչեւ նորագույն փուլ

1970-ականները կինոյի բեղուն ժամանակաշրջանն են համարվում, որովհետեւ բարելավվում եւ ավելի են ընդլայնվում ստուդիայի արտադրական պայմանները։ Կատարվում են կադրային եւ ժանրային բազմաթիվ փոփոխություններ եւ նոր դեմքեր են ասպարեզ գալիս։ Մեծ տարածում է գտնում նաեւ մուլտիպլիկացիան։

Այս ժամանակաշրջանում են նկարահանվում Կարեն Գեւորգյանի «Խաչմերուկը» եւ «Օգոստոսը», Ալբերտ Մկրտչյանի «Կյանքի լավագույն կեսը» եւ Բագրատ Հովհաննիսյանի «Աշնան արեւը»։
Դրվագ Կ․ Գեւորգյանի «Խաչմերուկ» ֆիլմից Դրվագ Կ․ Գեւորգյանի «Խաչմերուկ» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


Ժամանակին համընթաց՝ 1980-ականներին նոր մտքերով ու ստեղծագործական բուռն գործունեությամբ հանդես են գալիս Վիգեն Չալդրանյանը, Սուրեն Բաբայանը, Գենադի Մելքոնյանը եւ այլք, ովքեր նոր հայացքներ են մտցնում կինոաշխարհ։ Նրանց ողջ ստեղծագործական ուղու միջով կարմիր թելի պես անցնում են ժամանակակից մտավորականին հուզող հարցեր՝ հայրենասիրությունը, կարոտը, մարդկային մենությունը, ինքնաբացահայտումը, անհատի եւ հասարակության փոխհարաբերությունները։

«Նորագույն շրջանի սկզբներին սովետական ֆինանսավորման իներցիան դեռ կար եւ դրա շնորհիվ էր, որ մենք ստեղծում ենք մեր առաջին եւ միակ բազմասերիանոց «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմը, որն արտացոլում է 20-ականներից մինչեւ 80-ականների մեր պատմությունը գյուղական միջավայրում՝ մի քանի մարդկանց ճակատագրերի միջոցով։ Բազմասերիանոց եւ այն էլ հինգ մասից բաղկացած այս ֆիլմը չտեսնված էր մեր կինոպատմության մեջ»,- ասում է կինոքննադատ Սիրանույշ Գալստյանը։
Դրվագ Ա․ Աղաբաբյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմից Դրվագ Ա․ Աղաբաբյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անետա Երզնկյանի բնորոշմամբ, կինոն դարձավ արվեստի մի ճյուղ, որն արվեստագետներին ինքնարտահայտվելու հնարավորություն տվեց։

«Այն սինթեզեց թատրոնի, երաժշտության, գրականության եւ կերպարվեստի առանձնահատկությունները՝ ստեղծելով հայկական ֆիլմեր։ Այն նորություն մտցրեց հայկական մշակույթ՝ տալով այնպիսի նմուշներ, որոնք դարձան ճանաչելի ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում։ Արվեստի այս ճյուղը պատկերում է հայ ժողովրդի եւ՛ կենցաղը, եւ՛ փոխհարաբերությունները, եւ՛ միջավայրն ու տրամադրությունները»։

Օգտագործված աղբյուրներ՝

1․ «Ուրվագիծ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պատմության», Դանիել Դզնունի, Երեւան, 1961

2․ «Հայացք մեր կինոյին. Պատմությունը եւ ներկան», Սիրանույշ Գալստյան, Երեւան, 2011

3․ “Записки актера и кинорежиссера”, Амо Бек-Назаров, Москва, 1965

Հեղինակներ՝ Ասպրամ Համբարձումյան, Սյունե Կիրակոսյան, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս

Կոլաժները՝ Լուսինե Հակոբյանի, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Նախագծի ղեկավար՝ Մարի Թարյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին