Չորս ֆիլմ, որ թողեցին իրենց դրոշմը հայ կինոյում - Mediamax.am

2500 դիտում

Չորս ֆիլմ, որ թողեցին իրենց դրոշմը հայ կինոյում


Դրվագ «Առաջին սիրո երգը» ֆիլմից
Դրվագ «Առաջին սիրո երգը» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Դրվագ «Առաջին սիրո երգը» ֆիլմից
Դրվագ «Առաջին սիրո երգը» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Դրվագ «Նամուս» ֆիլմից
Դրվագ «Նամուս» ֆիլմից

Լուսանկարը` Հայկական կինոարվեստը՝ հոդվածների ժողովածու, կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Դրվագ «Նամուս» ֆիլմից
Դրվագ «Նամուս» ֆիլմից

Լուսանկարը` Հայկական կինոարվեստը՝ հոդվածների ժողովածու, կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Դրվագ «Նռան գույնը» ֆիլմից
Դրվագ «Նռան գույնը» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Դրվագ «Նռան գույնը» ֆիլմից
Դրվագ «Նռան գույնը» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար

Դրվագ «Զանգեզուր» ֆիլմից
Դրվագ «Զանգեզուր» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


Հայ կինոն հարուստ է բազմաթիվ ֆիլմերով, սակայն կան ֆիլմեր, որոնք իրենց նշանակալի դրոշմ են թողել հայկական կինոարվեստի ստեղծման պատմության մեջ։ «Հայ կինո 100» խորագրում Մեդիամաքսը եւ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը ներկայացնում են չորս այդպիսի ֆիլմի ստեղծման մասին քիչ հայտնի պատմություններ։

Պատահական ծնված ֆիլմը

Հայ կինոյի առաջին գեղարվեստական ֆիլմը` «Նամուսը», ծնվեց շատ պատահական: 1924 թվականի օգոստոս ամիսն էր։ Սպանդարյան եւ Տերյան փողոցների անկյունի միհարկանի շենքերից մեկի մուտքի առաջ հավաքված էին մեծ թվով մարդիկ՝ հիմնականում դերասան-դերասանուհիներ։ Այստեղ էին Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Համբարձում Խաչանյանը, Արուս Ոսկանյանը եւ ուրիշներ։

Դրվագ «Նամուս» ֆիլմից Դրվագ «Նամուս» ֆիլմից

Լուսանկարը` Հայկական կինոարվեստը՝ հոդվածների ժողովածու, կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


Ինչպես Դանիել Դզնունին է պատմում իր «Ուրվագիծ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պատմության» գրքում, Արուս Ոսկանյանն ասում էր, որ Թիֆլիսում նկարվել է «Կրապաշտներ» կինոնկարում, եւ շատ հաջող է ստացվել, չգիտի, թե այժմ որքան հարմար կլինի Սուսանի դերի համար։ Ավետ Ավետիսյանն էլ ընդմիջում էր Արուս Ոսկանյանին ու ասում, թե «մեզ որ չնկարեն, ապա էլ ում պիտի նկարեն»։ Դերասանների խոսակցությունները շարունակվում էին, իսկ Սպանդարան փողոցի բակերից մեկում` ծառերի ստվերի տակ, դրված էր նկարահանման ապարատը։

Համո Բեկնազարյանը հերթականությամբ կանգնեցնում էր ապարատի օբյեկտիվի առաջ ապագա ֆիլմի դերակատարներին, որոշ ցուցումներ տալիս, մի քանի անգամ փորձ կատարում եւ ապա նկարահանում։ Ավելի քան 25 մարդ մեկ օրում նկարահանվեց տարբեր դերերի համար: «Նամուս»-ը, լինելով հայ առաջին ֆիլմը, մեծ ուշադրություն եւ աշխատանք էր պահանջում: Դրանով պայմանավորված՝ շատ բարդ էր հատկապես դերասանական կազմի ընտրությունը:

Նկարահանումներն արդեն ավարտվել էին, երբ եկավ Հրաչյա Ներսիսյանը ՝ Ռուստամի դերի համար։ Սակայն Բեկնազարյանը հրաժարվեց նկարել նրան ու ասաց, որ դերակատարն արդեն ընտրված է։ Այն, ինչը չէր ցանկացել անել ռեժիսորն, արդեն արել էր տեսախցիկը․ օպերատորը ֆիքսել էր Ներսիսյանին։
Դրվագ «Նամուս» ֆիլմից Դրվագ «Նամուս» ֆիլմից

Լուսանկարը` Հայկական կինոարվեստը՝ հոդվածների ժողովածու, կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


Ֆիլմում Ռուստամի դերը սկզբում նախատեսված էր տալ դերասան Մ. Կարագաշին, բայց երբ ռեժիսոր Համո Բեկնազարյանը տեսավ Հրաչյա Ներսիսյանի փայլուն խաղը, այդ որոշումն ակնթարթորեն փոխվեց։

«Թեեւ թատրոնում նա դեռեւս սկսնակ էր, եւ ամենաբարդ դերերից մեկը նրան հանձնարարելը ոչնչով չէր երաշխավորված, բայց ես բացահայտ ռիսկի գնացի, հավատացի, որ իմ առաջ կանգնած է կենդանի Ռուստամը: Հերոսի բնավորության խորքը թափանցելու Ներսիսյանի կարողությունը, ամենաուժեղ էմոցիաների զուսպ արտահայտությունը, իր մարմնին տիրապետելու հմտությունը. այս ամենն անմիջապես հույս ներշնչեցին, որ նա ճշմարտացիորեն կբացահայտի Ռուստամի կերպարը, այլ ոչ թե ցույց կտա սովորական էկզոտիկ չարագործի»,- իր հուշերում գրում է Համո Բեկնազարյանը:

«Նկարահանված «փորձնական ժապավենը» նույն գիշերը ենթարկվեց մշակման, իսկ հաջոր օրը, արդյունքն արդեն Նաիրի կինոթատրոնի էկրանին էր»,- գրում է Դզնունին:
Դրվագ «Զանգեզուր» ֆիլմից Դրվագ «Զանգեզուր» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


Հրաչյա Ներսիսյանը հանդիսատեսի վրա հսկայական տպավորություն էր թողել: Բոլորը միաձայն երիտասարդ արտիստին հոյակապ ապագա էին կանխատեսում: Կինոնկարի դիտումից հետո ճապոնական դիվանագիտական կորպուսի դիվանագետներից մեկը ասել էր. «Ի՞նչ մեծ տարբերություն հնի եւ նորի միջեւ: «Նամուս»-ը խոր ազդեցություն է գործում իր թարմությամբ: Առանձնապես լավ է Ռուստամի դերակատարը»:

Լեռնային ֆիլմը

1930-ականների երկրորդ կեսին կինոգետներն ակտիվ քննարկում էին Ակսել Բակունցի «Զանգեզուր» գրական սցենարը։ Ստեղծվելու էր նոր կինոնկար:

Ֆիլմի սցենարը երկար ճանապարհ անցավ, երկար քննարկումներից հետո որոշվեց՝ փոխել Բակունցի առաջարկած տարբերակը։ Պահպանվեցին Բակունցի սցենարի հիմնական սյուժետային գծերը, հերոսները եւ որոշ հատվածներ, սակայն ֆիլմի համահեղինակները մշակեցին նոր դրվագներ եւս ու դրամատուրգիական հանգույցին նոր լուծում տվեցին:

«Ֆիլմն ունի քաղաքական եւ դաստիարակչական մեծ նշանակություն, եւ Հայկինոյի ղեկավարությունը ստեղծման ընթացքում էլ հատուկ ուշադրություն էր դարձնում յուրաքանչյուր դետալի՝ այդ թվում ստեղծագործական կարող ուժերով ամբողջ նկարահանող խումբն ապահովելու վրա»,- գրում է իր գրքում Դանիել Դզնունին:

Կինոնկարի ստեղծմանը մասնակցում էին լավագույնները: Բեմադրությունը հանձնարարվեց Համո Բեկնազարյանին, հրավիրվեցին կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, նկարիչ Պատո Անանյանը եւ ուրիշներ։ Երկար ընտրությունից ու փորձերից հետո դերերը բաշխվեցին հետեւյալ կերպ․ Հայաստանի Կոմպարտիայի Կենտկոմի անդամ Հակոբյանի դերը տրվեց դերասան Հրաչյա Ներսիսյանին, խմբապետ Սաքոյի դերը՝ Գուրգեն Ջանիբեկյանին, սպարապետի դերը՝ Ավետ Ավետիսյանին։



Կինոնկարի ստեղծման ընթացքը բարդ ու տեխնիկապես դժվար էր։ Այն ամբողջությամբ նկարահանվեց Հայկինոյի արտադրական բազայի հիման վրա։ Բոլոր պավիլիոնները կառուցվեցին Հայկինոյի ատելիեում, բնական տեսարանները նկարահանվեցին Զանգեզուրում, Բաշգառնիում եւ Հայաստանի այլ  լեռնային վայրերում։

Չնայած իր ծավալին՝ 1938 թվականին արդեն «Զանգեզուրը» Սովետական միության էկրաններին էր։

«Հայկական կինոարվեստը» հոդվածների ժողովածուում ասվում է, որ «Զանգեզուր» ֆիլմով հայ կինոյում բացվում է երաժշտական զարգացման մյուս տիպը․ առաջ է գալիս սինխրոնացումը, եւ ակնհայտ են դառնում սիմֆոնիկ ժանրին հատուկ շատ ձեւեր։

Կտավն՝ էկրանին

«Նռան գույնը» Փարաջանովի ամենահայտնի կինոնկարն է, որն ընդգրկում է Փարաջանովի ստեղծագործական կյանքի միջին շրջանը: «Կիեւյան որմնանկարներն» անավարտ էր մնացել: Եվ կիսատ մնացած կադրերն են փաստում` այդ կինոնկարից սկսած Փարաջանովը սկսեց ստեղծագործել թատերական ոճով: Տեսախցիկը ստատիկ վիճակում է, շարժվում են միայն կադրերը: Եվ հենց այս մոտիվներով էլ ստեղծվեց Փարաջանովի ամենահայտնի կինոնկարը` «Նռան գույնը»:
Դրվագ «Նռան գույնը» ֆիլմից Դրվագ «Նռան գույնը» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


Գրող, մասնագիտությամբ կինոգետ Արամ Ավետիսը Մեդիամաքսի հետ զրույցում նկատում է, որ ի սկզբանե, ֆիլմն ուներ «Սայաթ Նովա» վերնագիրը, բայց այն հետագայում փոխվում է, քանի որ այդ շրջանում անհրաժեշտ էր ստեղծել ոչ թե ազգային, այլ` համազգային կինո: 70-ական թվականներին էկրաններին հայտնվեց մի մեծ կտավ` «Նռան գույնը» անունով:

«Կինոնկարն ավելի հասանելի դարձնելու համար այն բաժանում են մասերի` պոետի ծնունդը, պատանեկությունը, մահը։ Ողջ ֆիլմը նկարչություն է, այստեղ չեն աշխատում կինոյի օրենքները: Փարաջանովի նպատակն էր կոտրել բոլոր սահմանները, կոտրել արվեստում առկա բոլոր հասկացությունները: Նա կինոն դարձրեց ե´ւ գրականություն, ե´ւ նկարչություն: Ասում են` կինոն արվեստների սինթեզն է, իսկ «Նռան գույնը» ֆիլմում Փարաջանովն, ասես, քանդում է այս սինթեզն ու առանձին-առանձին մեզ ցույց է տալիս այն գրականությունը, որը մենք չենք տեսնում, այն կտավը, որը շատ հաճախ մեզ չի գրավում եւ այսպես շարունակ: Հենց դրա համար էլ այս ֆիլմը մինչեւ հիմա դժվար է ընկալելի: Ֆիլմում սիմվոլ փնտրելը հիմարություն է, այստեղ առաջին տեղում գեղագիտությունն է»,- ասում է Արամ Ավետիսը:
Դրվագ «Նռան գույնը» ֆիլմից Դրվագ «Նռան գույնը» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


Պատահական չէր նաեւ հերոսի ընտրությունը՝ Սայաթ-Նովա։ Մեկը, որի մեջ ապրում են բոլոր մշակույթները, իսկ ինքը վեր է ցանկացած ազգային պատկանելիությունից:

«Մենք տեսնում ենք Սայաթ-Նովայի կերպարը, սակայն այստեղ կենսագրական ոչինչ չկա։ Այս ֆիլմում պոետի անցած ճանապարհն ու ներքին կենսագրությունն է ներկայացվում, ներկայացվում է այն իրականությունը, որտեղ նա ապրում է, սիրահարվում ու մեռնում: Երբ նայում ենք Սայաթ-Նովային, տեսնում ենք` ինչպես է աշխարհն ընկալում ստեղծագործ մարդը, եւ թե ինչպես է այդ աշխարհն ազդում նրա ստեղծագործական կյանքի վրա: Փարաջանովն իր ֆիլմում ցույց է տալիս ոչ թե մարմնի, այլ հոգու գեղեցկությունը: Եվ երբ հարցնում են` ինչի մասին է ֆիլմը, դիտած մարդը ոչինչ չի կարողանում ասել՝ բացի իր զգացողությունների մասին պատմելուց, որովհետեւ սա ֆիլմ է, որը տալիս է զգացողություն»,- ասում է Արամ Ավետիսը:

Այս ֆիլմը նման է պոեզիայի՝ չունի սկիզբ ու վերջ: Այն պարզապես երկու անվերջությունների բախումն է: «Նռան գույնը» ֆիլմում կարեւոր չէ սյուժեն, սա կինոնկար է` մթնոլորտի մասին:

Երեւանի էսքիզը

1958թ․-ին, երբ կինոն հիմնականում պատմում էր Խորհրդային շրջանի մասին, հայտնվեց մի ֆիլմ, որը մարդու ու հույզի մասին էր։ Կինոնկարը սկզբում կոչվել է «Մեր տունը»: Վերնագիրն առանձնապես հաջող չէր, բայց արտահայտում էր ֆիլմի ողջ էությունը: Գլխավոր հերոսի՝ Արսենի կերպարում դերասան Խորեն Աբրահամյանն էր։

«Երեկ այլ մարդ էի, առավոտյան արթնացա, արդեն հայտնի`ողջ Խորհրդային միությունում»,- այսպես է նկարագրել Խորեն Աբրահամյանը ֆիլմում ունեցած իր հաջողությունը:  

Աննախադեպ, չկանխագուշակված էր այդ ֆիլմում նրա հաջողությունը: Կինոնկարն ասես երեւանյան էսքիզ լինի, եւ քաղաքի մասին մոտիվը պետք է իր երգն ունենար՝ հնարավորինս զգացմունքային:
Դրվագ «Առաջին սիրո երգը» ֆիլմից Դրվագ «Առաջին սիրո երգը» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


Ֆիլմի ռեժիսոր Լաերտ Վաղարշյանը իր հուշերում գրում էր, որ կինոնկարի երգերի տեքստերի հեղինակն ի սկզբանե Վահան Հարությունյանն էր։ Երբ որոշում էին, թե ինչ երգեր պետք է լինեն ֆիլմում, առաջին միտքը սիրո մասին երգ ստեղծելն էր։ Սա պետք էր նրա համար, որ Արսենի անկման թեման, նրա դրաման ուժգնանային։

«Առաջին սիրո երգը» ֆիլմում առաջացած դժվարություններից մեկն այն էր, որ դրվագների մի ամբողջ շարք չէին կարողանում նկարահանել երգերի բացակայության պատճառով։ Լաերտն ու Առնո Բաբաջանյանը մտածում էին ՝ ինչ անել, սակայն ռեժիսորը գիտեր, որ Առնոյին ընդամենը մի ցնցում էր պետք, որպեսզի սկսեր գրել։ Այդ պատճառով Լաերտ Վաղարշյանն անընդմեջ կրկնում էր՝ առանց երգերի այլեւս նկարահանել չենք կարող։

«Դու մի բան հասկացի՛ր, ես պլանների մասին չեմ խոսում, դա այնքան էլ սարսափելի չէ: Ավելի սարսափելի կլինի, եթե խմբի անդամների տրամադրությունը փոխվի, եթե ստեղծագործական կիրքը կորչի: Առանց պատրաստ երգերի մեր ձեռքերը կապված են։ Ժիրայր Գրիգորեւիչն առաջարկեց իր տուն գնալ: Գնացինք: Առնոն առջեւում էր քայլում: Մենք նրա ետեւից էինք գնում՝ հոգատարությամբ նրան շրջապատած, ասես մի փխրուն ծաղկաման տանեինք: Իսկ նա, եւ դա զգացվում էր, արդեն հնչյունների տիրապետության տակ էր, ավելի ճիշտ՝ հնչյուններն էին նրա տիրապետության տակ: Նա քայլում էր վստահ, բայց եւ հանգիստ, եւ նրա գլխում ակնհայտորեն ծնվում էին սպասված հնչյունները՝ հարկ եղած հաջորդականությամբ: Մեր երթը տեւեց մոտ տասնհինգ րոպե: Հենց որ մտանք Հակոբյանների տուն, Առնոն անմիջապես նստեց գործիքի մոտ: Մենք բոլորս լուռ հետեւում էինք, թե ինչպես է նա ֆրազը ֆրազի ետեւից կառուցում երգը: Իսկ հետո ֆրազը ֆրազի ետեւից երգում: Մենք նրան ոգեշնչում էինք մեր լուռ հիացմունքով: Եվ անծանոթ մեղեդու հնչյունները Առնոյի հոգուց դուրս էին պրծնում լույս աշխարհ»,- այսպես է գրում Լաերտ Վաղարշյանն իր հուշերում։
Դրվագ «Առաջին սիրո երգը» ֆիլմից Դրվագ «Առաջին սիրո երգը» ֆիլմից

Լուսանկարը` Կոլաժը՝ Լուսինե Հակոբյան, Մեդիամաքսի համար


Խորեն Աբրահամյանն արդեն ձայնակցում էր Առնոյին, իսկ երգի ավարտին՝ այն արդեն բոլորի շուրթերին էր։  Երբ Առնոն նստած էր դաշնամուրի առջեւ, ֆիլմի ստեղծողները ոչ միայն ուրախություն, այլեւ թեթեւություն էին զգում․ գործն արված էր, երգը կձայնագրեին ժապավենի վրա եւ նկարահանումը կշարունակվեր: Այսպես` ստեղծվեցին նաեւ երկրորդ եւ երրորդ երգերը։ Եվ այդ պահին Խորեն Աբրահամյանը սկսեց մեկը մյուսի հետեւից քաղաքային ֆոլկլորից երգեր երգել: Առնոն կանգ առավ դրանցից մեկի վրա եւ անմիջապես կատարեց իր մեկնաբանությամբ: Այսպես, կոմպոզիտորի շնորհիվ ստեղծվեցին այս ֆիլմի երգերը։ Լաերտ Վաղարշյանն արդեն հանգիստ էր․ կինոնկարի երգերն իր գրպանում էին, իսկ ֆիլմը՝ էկրաններին։

«Առաջին սիրո երգը» դարձավ սպասված հյուր` յուրաքանչյուրի էկրանին, այն միակ ֆիլմն էր, որն ասես Երեւանի մասին պատմող էսքիզ լիներ:

Օգտագործված գրականության ցանկ

1.    Դզնունի, «Ուրվագիծ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պատմության»
2.    Լաերտ Վաղարշյանի՝ 1986 թվականի գրված հուշերից
3.    Հայկական կինոարվեստը՝ Հոդվածների ժողովածու
4.    Խորեն Աբրահամյան՝ «Ինքս Ինձ հետ» https://youtu.be/W8zJpQW0se8 
5.    «Հուշեր դերասանի եւ կինոռեժիսորի», Համո Բեկնազարյան, Երեւան, 1968 թ
6.    Նամուս ֆիլմ ՝ https://youtu.be/DYTMIeN7_AA
7.    Զանգեզուր ֆիլմ՝ https://youtu.be/dI9WhBFtRFo
8.    Նռան գույնը ֆիլմ՝ ՝  https://youtu.be/1K30oesATd8
9.    Առաջին սիրո երգը ֆիլմ՝ ՝  https://youtu.be/_JGu5kUblxQ

Հեղինակներ՝ Հարությունյան Անի, Ղազարյան Մերի, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս

Կոլաժները՝ Լուսինե Հակոբյանի, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Նախագծի ղեկավար՝ Մարի Թարյան





Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին