Սարոյանի գրական աշխարհի էությունը «Ուեսլի Ջեքսոնի արկածներում» - Mediamax.am

exclusive
2721 դիտում

Սարոյանի գրական աշխարհի էությունը «Ուեսլի Ջեքսոնի արկածներում»


Ուիլյամ Սարոյանը
Ուիլյամ Սարոյանը
Զավեն Բոյաջյանը
Զավեն Բոյաջյանը

Լուսանկարը` Yerevan Today


«Անտարես» հրատարակչությունը ներկայացնում է Ուիլյամ Սարոյանի «Ուեսլի Ջեքսոնի արկածները» վեպի վերանայված թարգմանությունը: Անգլերենից թարգմանությունը Զավեն Բոյաջյանինն է:

 

Պատերազմի՞, թե՞ խաղաղության մասին է վեպը, ո՞վ է երիտասարդ շարքային Ուեսլի Ջեքսոնը, ինչ ընդհանրություններ ունի Սարոյանի հետ, ի՞նչ արձագանք է գտել գիրքը ժամանակին,  եւ ի՞նչ կարող է ասել մերօրյա ընթերցողին: Այս եւ այլ հարցերին Մեդիամաքսի հետ զրույցում պատասխանում է Զավեն Բոյաջյանը:

 

- Ձեր ֆեյսբուքյան էջում գրել եք. «Միշտ մտահոգ էի, թե կյանքիս ընթացքում տեսնես կհաջողվի՞ Սարոյանի «Ուեսլի Ջեքսոնի արկածները» վերանայել, ուղղել առաջին անգամ 80-ականների վերջին տպված թարգմանությանս մեջ հանգամանքների բերումով տեղ գտած բազմատեսակ վրիպակները: Հաջողվեց»: Ի՞նչ վրիպակների  եւ «հանգամանքների» մասին է խոսքը:

 

- Պարզապես ժամանակին զուտ անձնական հանգամանքների պատճառով չվիճակվեց աչքի անցկացնել վեպի սրբագրված տեքստը տպագրությունից առաջ: Խիստ մրսած էի, անկողնային հիվանդ եւ ֆիզիկապես անկարող դա անելու: Իսկ երբ «Ուեսլի Ջեքսոնի արկածները» լույս տեսավ, միանգամից աչքիս զարնեց, որ տարատեսակ վրիպակներ են սպրդել, երբեմն էական, եւ ուրախությունս շատ արագ փոխվեց տխրության. այդ պահից ի վեր տեքստը վերանայելու ձգտումը դարձել էր իմ երկարամյա սեւեռուն մտքերից մեկը:

 

Բայց եթե նույնիսկ վրիպակներ էլ չլինեին, կարծում եմ՝ առաջին հրատարակությունից տասնամյակներ անց արժեր վեպը նոր աչքով խմբագրել՝ հաշվի առնելով մերօրյա լեզվական իրողությունները: Հանգամանորեն աշխատել եմ՝ որպես օգնական ունենալով բանիմաց սրբագրիչ Լիանա Չոբանյանին, որին անչափ շնորհակալ եմ արածի համար:

 

Կարող եմ ասել, որ «Ուեսլի Ջեքսոնի արկածների», ինչպես եւ Սարոյանի մյուս գործերի վերահրատարակությունը (տպագրության եմ պատրաստում նաեւ պատմվածքների մի ժողովածու), առհասարակ William Saroyan անտարեսյան մատենաշարի մեկնարկը իմ՝ որպես թարգմանչի ծրագրային խնդիրներից մեկի իրագործումն էին, որովհետեւ ես շատ լուրջ եմ վերաբերվում Սարոյանին՝ նրան  եւ իր ստեղծած գրականությունը համարելով հայ ժողովրդի հոգեւոր ուղեկիցներից, ինչպիսիք են, ասենք, Թումանյանը կամ Չարենցը:

 

- Գրքի հենց սկզբից ընթերցողը ծանոթանում է Սարոյանի «անշնորհք կերպարանք» ունեցող հերոսին, որն աստիճանաբար դառնում է դուրեկան, հմայիչ ու ինքնատիպ: Ո՞վ է Ուեսլի Ջեքսոնը՝ զինվորի՞ նախատիպ, գրողի՞, գուցե Սարոյանն ի՞նքն է: Հավանակա՞ն, թե՞ անհավանական կերպար է:

 

- Սարոյանի երկրորդ վեպը «Մարդկային կատակերգությունից» (1943) հետո՝ «Ուեսլի Ջեքսոնի արկածները», որ լույս է տեսել 1946-ին, երբ գրողը 38 տարեկան էր, որոշ չափով ինքնակենսագրական ատաղձ ունի: Երկրորդ աշխարհամարտի շրջանում Սարոյանը ծառայել է ամերիկյան բանակում, իսկ ավելի ստույգ՝ մի զորամասում, որը տեղակայված էր Նյու Յորքի Քուինս շրջանի Ասթորիա թաղամասում, թեեւ ժամանակի մեծ մասը, ըստ կենսագրական աղբյուրների, անցկացրել է Մանհեթենի «Լոմբարդի հոթել»-ում, ինչպես նրա վեպի բանակային հերոսներն են հյուրանոցում հաճախ իջեւանում: 1942-ին Սարոյանը զինվորական նկարահանող խմբի կազմում ուղարկվել է Լոնդոն, որտեղ ի վերջո հայտնվում է եւ Ուեսլին:

 

Բայց Սարոյանը, ի տարբերություն իր վեպի հերոսների, անմիջականորեն չի մասնակցել ռազմական գործողություններին: Ինչեւէ, բանակային փորձառությունն ու դիտարկումները առատ նյութ են տվել վեպին, դարձել այն հենքը, որի վրա կառուցվել է սյուժեն: Ուեսլի Ջեքսոնը, իհարկե, զուտ գրական կերպար է, գեղարվեստական ֆիկցիա, բայց, ինչ խոսք, սարոյանական անշփոթելի անհատականությամբ, նրա կենսափորձով ու աշխարհընկալմամբ ներծծված:    

 

- Ձեզ համար ինչո՞վ է առանձնանում այս գիրքը: Շատ պարզ ու ջինջ չէ՞ մեր ժամանակի համար:

 

- «Ուեսլի Ջեքսոնի արկածներն» իմ ընկալմամբ շատ սարոյանական գործ է, նրա ստեղծած անմոռանալի գրքերից մեկը, որտեղ առավելագույնս դրսեւորվել են գրողի հավատամքն ու կենսափիլիսոփայությունը, իսկ նրա անկրկնելի հումորն ուղղակի զինաթափող հմայք է տվել վեպին՝ հաճախ էլ տրագիկոմիկական հնչերանգ բերելով: Գուցե գիրքն իրոք շատ պարզ ու ջինջ է, ավելացնեմ՝ նույնիսկ անմեղ կամ միամիտ մեր խրթին ժամանակի համար: Բայց Սարոյանն ապավինում է հենց պարզ, նախնական, հիմնարար ճշմարտություններին եւ մարդկային արժեքներին, նա դրանց ջատագովն է՝ քաջ գիտակցելով, որ բարդ ժամանակներում այլ հենակետեր կամ ուղենիշներ չեն կարող լինել: Սա իմաստուն բանաձեւ է, որն իր արդիականությունը հազիվ թե կորցնի: Դրա համար էլ Սարոյանի գրականության ասելիքը, իմ համոզմամբ, երբեք ժամանակավրեպ չի դառնա:

 

- Գիրքը պատերազմի մասին է, բայց գերակշռում են կյանքը, սերը, բարությունը, ընկերասիրությունը, ազնվությունը, այստեղ նույնիսկ տխրությունը լուսավոր է: Այս առումով բացառի՞կ է «Ուեսլի Ջեքսոնի արկածները», թե՞ սարոյանական է, ու սրանով ամեն բան ասված է:

 

- Շատ լավ հարց է, որը շոշափում է Սարոյանի ստեղծած գրական աշխարհի բուն էությունը: Վեպի վերահրատարակման անոտացիայում որպես գրքի բանալի զետեղել եմ գրողի ծրագրային խոսքերը. «Մահերի մեջ կյանք կա, պատերազմների մեջ՝ խաղաղություն, սխալների մեջ՝ ինչ-որ ճիշտ բան»: Ընդհանրապես սարոյանական կենսափիլիսոփայության առանցքը կեցության ամեն պահի մեջ արտացոլվող այս երկվությունն է, լույսի ու ստվերի դիխոտոմիան իր տարակերպ դրսեւորումներով, որոնց մի մասը վերը բերված խոսքերում գրողը ինքն է թվարկել: Աշխարհի եւ կյանքի նման ընկալումը, այո, տիպիկ սարոյանական շունչ է տվել վեպին, խտացված սարոյանական նկարագիր, եւ այս առումով է բացառիկ «Ուեսլի Ջեքսոնի արկածները»:

Զավեն Բոյաջյանը Զավեն Բոյաջյանը

Լուսանկարը` Yerevan Today

- «Եթե դու նպատակիդ չես հասել, գոնե որդիդ հասնի»… Սա միտում է կյանքը շարունակելո՞ւ, ավելի լա՞վը դարձնելու: Հոգեբաններն այնքան էլ չեն խրախուսում այս մոտեցումը, բայց Սարոյանի վեպում կարծես արդարացվում է: Վեպի հերոսներից մեկն անգամ իր որդուն նվիրված բանաստեղծություն է գրում, թեեւ որդի չունի ու դեռ չի էլ սպասում...

 

- Հոգեբանները չեն խրախուսում այն վարվելակերպը, երբ ծնողն իրեն չհաջողվածը ջանում է իրագործված տեսնել զավակի կյանքում՝ նրան ասես փոխհատուցման գործիք ընկալելով  եւ նրա կյանքը ծրագրելով: Իսկ Սարոյանի պարագայում հայրեր եւ զավակներ սերնդափոխությունը, այո, ավելի շատ կյանքի շարունակականության, մի տեսակ փոխլրացման խորհուրդն ունի, որի մեջ ամենից ավելի նկատելի են ավագի սերը կրտսերի հանդեպ, մտահոգությունն ապագայով, նրա լավ կամ բարեհաջող կյանքի բաղձանքը՝ ի տրիտուր սեփական ձախողումների: Այս ցանկությունն այնքան մեծ է, անկեղծ ու անհաշվենկատ, ինքնին ենթադրելի, որ որդին կարող է նույնիսկ

երեւակայական լինել, ինչպես ձեր նշած հերոսի՝ ինտելեկտուալ Ջո Ֆոքսհոլի դեպքում:

 

- Մենք էլի ենք խոսել սրա մասին՝ անկատար ընտանիք, որտեղ կա  ե՛ւ սեր,  ե՛ւ բաժանություն: Այստեղ նույնպես հանդիպում ենք ընտանեկան նույնանման դրամայի:

 

- Այո, այո, Սարոյանի պատկերած ընտանիքն ավելի շատ հոգեւոր միասնություն է, քան ֆիզիկական: Ընտանիքի այս մոդելն ամենից հաճախ է հանդիպում նրա գործերում. ծնողների համատեղ կյանքն անհնար է, բայց բաժանությունը բնավ չի նշանակում թշնամություն. նրանք չեն կարող իրար հետ ապրել, բայց առանց մեկմեկու էլ դժվար են պատկերացնում սեփական գոյությունը, քանի որ կապված են հազար ու մի տեսանելի-անտեսանելի թելերով  եւ, իհարկե, զավակների գոյությամբ: Սարոյանի հերոսները կարծես մեկընդմիշտ պատկանում են երբեւէ կազմած ընտանիքին, որից պարզապես անկարելի է տարանջատվել, գոնե հոգեպես:

 

- «Մարդ ինչ էլ գրի՝ նամակ է: Պարզապես ձեր նամակը բոլորին ուղղեք»: Համամի՞տ եք, որ գրողների ստեղծագործությունները նման են նամակի: Թե՞ սա ավելի հատուկ է հենց Սարոյան գրողին, նրա գրելաոճին:

 

- Մեծ հաշվով այն ամենը, ինչ գրվում է այլոց ընթերցանության համար, կարելի է իրոք նամակ համարել: Բայց այս գաղափարն իսկապես հատուկ է հենց Սարոյան գրողին եւ գրականության նրա ընկալմանը:

 

- Գրողը Ուեսլիին խորհուրդ է տալիս բարձր լինել փողից՝ ասելով՝ երբեք քեզ թույլ չտաս հարուստ կամ աղքատ լինել: Կարծում եք՝ գրողը պետք է  եւ կարո՞ղ է վեր լինել այս կատեգորիաներից:

 

- Չեմ կարծում, թե սա պիտի հենց ուղղակի իմաստով ընկալել: Սարոյանը մարդու մեջ ամենից շատ արժեւորում է անշահախնդրությունը, ռոմանտիզմը՝ ի հակակշիռ հաշվենկատ պրագմատիզմի, անխոհեմ խենթությունը: Իրականում գրողը խորհուրդ է տալիս Ուեսլիին վեր կանգնել նյութապաշտությունից ու մանրախնդիր հաշիվներից, գերի չդառնալ այդ ամենին, այսինքն՝ իսկապես ազատ լինել:

 

- «Իմ կարծիքով պատերազմն ուղղակի դժբախտություն էր, որի առաջը մարդիկ չեն առել, ու գալու էր անցներ, մի օր էլ աշխարհի երեսից ջնջվեր, իսկ ամենակարեւոր բաները մնալու էին իրենց նախկին տեղում՝ առաջվա նման, մինչ դժբախտության գալն ու անցնելը: Ես պարզապես չէի հավատում պատերազմին: Հիմա էլ չեմ հավատում: Ասենք՝ ինչ-որ մահաբեր մանրէների շատ սազական է մարդու մարմնի մեջ կռիվ տալ կենարար մանրէների դեմ. դա բնության օրենքն է, բայց մարդիկ ախր հո մանրէներ չեն»: Գիրքը կարդալիս զգացողություն ես ունենում, թե պատերազմը երկրորդական է, անկարեւոր, անցողիկ: Ի՞նչ կասեք սրա մասին:

 

- Պատերազմի ամբողջ աբսուրդն ու թշվառությունը պատկերող սարոյանական այս վեպը պացիֆիստական է որակվել, եւ ասում են՝ ժամանակին նա հազիվ է խույս տվել ռազմական դատարանից, որի առաջ կարող էր կանգնել հենց պացիֆիզմին հարելու մեղադրանքով: Բայց եթե Սարոյանին նույնիսկ պացիֆիզմի հետեւորդ համարենք, նրա ամբողջ ընդդիմությունը պատերազմին, ատելությունը դրա անմարդկային էության հանդեպ, վերաբերմունքը որպես մեծ թյուրիմացության՝ բխում է կյանքի ու մարդու նկատմամբ տածած անհուն սիրուց: Ինչեւէ, փաստն այն է, որ «Ուեսլի Ջեքսոնի արկածները» թեկուզ եւ պատմում է պատերազմի մասին, ոչ թե մռայլ տպավորություն է գործում համանման այլ վեպերի պես, այլ ճիշտ հակառակը՝ Սարոյանի մոգական վարպետության շնորհիվ ընթերցողին բերում հասցնում է կատարսիսի եւ ի վերջո շատ լուսավոր հետք թողնում:

 

- «Եթե քեզ ասեն, թե երջանկությունը վերջն է, դա բթացնում է մարդուն, եթե ասեն՝ երջանկությունը ոչ մի լավ բան չի բերում, ոչ գեղեցկություն, ոչ էլ վեհություն, մի հավատա, ասողները երջանկության համը չեն տեսել...»: Գրքի այս հատվածը, որը մասամբ մեջբերեցի, շատերն անգիր գիտեն: Փաստորեն, կարելի է ոչ միայն երջանիկ լինել, այլեւ գրել երջանկության մասին ու հուզե՞լ:

 

-Դե, սովորաբար համարվում է, որ դրաման է արվեստի շահեկան թեման, իսկ երջանկությունը շատ անամպ է, եթե կուզեք՝ տափակ կամ անհամ հուզելու եւ խռովելու համար: Սարոյանը փորձել է տուրք չտալ այս ընդունված տեսակետին, որն աքսիոմ է շատերի համոզմամբ, դրա պատճառով էլ մեղադրվել է սենտիմենտալության ու սփոփելու հակման համար: Բայց ինչպես արդեն խոսք եղավ, սարոյանական աշխարհը բնավ միատարր չէ եւ ավելի շատ երկփեղկված է, քան միաձույլ:

 

- Ուեսլին ասում է, որ ընկերների մահը, կնոջը կորցնելու վախը, այրված տունը, այս ամենն իրեն սպանել են, բայց հենց որ որդին ծնվի, ինքը նորից կյանք կառնի: Լուսաբացին է նայում ու եզրահանգում, որ աշխարհը շատ անուշ է մեռնելու համար: «Մի՛ սպանիր»: Մեծ հաշվով սրա՞ մասին է գիրքը:

 

- Նաեւ դրա մասին, մանավանդ որ աստվածաշնչյան պատվիրանները վաղուց մոռացված են կամ էլ ուժի մեջ չեն:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին