«Տղամարդկանց աշխարհն» ու կնոջ գիտակցության արթնացումը՝ Աթվուդի վեպում - Mediamax.am

exclusive
1883 դիտում

«Տղամարդկանց աշխարհն» ու կնոջ գիտակցության արթնացումը՝ Աթվուդի վեպում


Լուսանկարը` Cornelia Gillmann

Լուսանկարը` Անտարես

Լիլիթ Քալաշյանը
Լիլիթ Քալաշյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


Մարգարեթ Աթվուդի «Արթնացում» հոգեբանական թրիլերի հերոսուհին ճամփա է ընկնում հայրենի գյուղակ՝ անհետ կորած հորը գտնելու... Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը՝ Լիլիթ Քալաշյանի թարգմանությամբ։

Կանադացի արձակագիր, բանաստեղծ, էսսեիստ, գրաքննադատ, հասարակական ու բնապահպանական ակտիվիստ Մարգարեթ Աթվուդը տասնյակ գրքերի հեղինակ է՝ 18 վեպ, նույնքան բանաստեղծական հատընտիր, պատմվածքների 9-ը ժողովածու, 8 մանկական գիրք և այլն։ Երկու անգամ արժանացել է Բուքերյան կրկնակի մրցանակի։ 2017-ին Կաձուո Իշիգուրոն ներողություն է խնդրել Արթվուդից, որ Նոբելյան մրցանակն իրեն է շնորհվել, ոչ թե նրան։

 «Արթնացում» վեպի մասին Մեդիամաքսը զրուցել է  Լիլիթ Քալաշյանի հետ։  

-Գլխավոր հերոսի՝ պատմողի ընկերներն են Ջոն, Դեյվիդը, Աննան, պատմողն անանուն է։ Նրանք ուրացել են ծնողներին (գուցե հակառակն է), պատմողը փնտրում է անհետացած հորը։ Տարբեր են կղզի մեկնելու նպատակները։ Պատմողն ի սկզբանե օտարվա՞ծ է հասարակությունից, ընկերներից։

-Գլխավոր հերոսուհին, անանուն լինելով, վերածվում է համընդհանուր կերպարի: Նա մեծ հաշվով բնորոշում է կանանց օտարացումը հասարակությունից, մարմնավորում է աշխարհի միլիոնավոր կանանց, որոնք գուցե նույնն են զգում, ինչ հերոսուհին: Նրա անանունությունը հստակ սահմանված ես-ի բացակայությունն է: Պատմողը հույս է պահում, որ մարդկային լեզուն մերժելով՝ կկարողանա մերժել հասարակությունը, դրա համար է մեծագույն հիացմունքով նշում, որ կենդանիները, առանց բույսերը կամ ծաղիկները անվանելու, ճանաչում են դրանք:   

Լուսանկարը` Անտարես


Ընկերների հետ խոր կապի բացակայությունը եւ օտար լինելը հասկանում ենք հենց վեպի առաջին էջերից, երբ հերոսուհին նշում է, որ եթե նրանցից մեկնումեկը հիշողությունը կորցներ, մյուսները հազիվ թե անմիջապես գլխի ընկնեին: Սա նշանակում է, որ հերոսուհու բոլոր հարաբերությունները բավականին մակերեսային են, նա հուզականորեն չի կարողանում կապվել մարդկանց:

-Ինչո՞ւ էր «արթնացումը» հնարավոր միայն վայրի բնության հետ մենակ մնալով/մերձենալով։

-Վեպի վերնագիրը այս առումով նշանակալի է, քանի որ բացահայտում է անհատի ջանքերը, ձգտումը դեպի ինքնահայտնություն, ներհայեցում: Այս ջանքերը «ջրի երես են ելնում» հենց բնության գրկում, քանի որ հենց այստեղ է ծագում անձի ու հասարակության խոր հակամարտությունը: Սա նոր ուժ է տալիս հերոսուհուն, որ սկսի խորաթափանց ընկալել կյանքը: Հոր եւ գուցե հենց իր անձի որոնումները հերոսուհուն բառի բուն իմաստով ստիպում են սուզվել լիճը, որը շատ խորհրդանշական ձեւով բնորոշում է վայրի բնությանը ձուլվելու ակնթարթը:

-«Ամուսնալուծությունը անդամահատման պես է. ողջ ես մնում, բայց մի մասնիկդ այլեւս չկա»։ Նա չէր կարողանում սիրել Ջոյին, որովհետեւ վախենո՞ւմ էր էլի մի մասնիկ կորցնելուց։

-Ջոյի հանդեպ հերոսուհու վերաբերմունքը եւ կարծիքը շարունակ փոփոխվում են վեպի ընթացքում: Չէի ասի, թե պատմողի աչքերով ընթերցողը կարողանում է օբյեկտիվ գնահատական տալ Ջոյին: Ամուսնության առաջարկը հենց հերոսուհու սուբյեկտիվության արտացոլումն է: Նա կարծում է, թե Ջոն զուտ ամուսնանալու գաղափարի համար է ցանկանում կյանքը կապել իր հետ, ու սերը տեղ չունի իրենց հարաբերություններում: Բայց այստեղ արդեն ընթերցողը պիտի վերլուծի՝ վեպի ավարտին Ջոյի գործողությունները իրական սիրո դրսեւորո՞ւմ են, թե՞ պարզապես պատմողի կանխակալ կարծիքների արտապատկերումը: Հերոսուհին հավատացած է, որ ամուսնությունից հետո ավելի սուր են դրվում կնոջ շահագործման, ճնշումների ու «զոհ» դառնալու հարցերը: Հենց Աթվուդն էլ մի անգամ հարցազրույցի ժամանակ նշել է՝ «իմ կարծիքով, ամուսնանալը մահվան պես բան է»:

-Կարո՞ղ ենք ասել, որ գրքում երեւում է եւ՛ ֆեմինիստը, եւ՛ բնապահպանը, եւ՛ կենդանասերը, եւ՛ քաղաքացին, եւ՛ արվեստագետը։ Ու կարծես ինքնակենսագրական տարրեր կան՝ հոր մասնագիտությունը, իր ամուսնալուծված լինելը, գուցե էլի՞ համընկնումներ կան։

-Համընկնումներից է ավագ եղբայր ունենալը: Աթվուդի ընտանիքը շատ է ապրել ու ճանապարհորդել Կանադայի անտառներում, կարծում եմ, վեպում հանդիպող տպավորիչ նկարագրությունները հենց դրա պատճառով են այդքան վառ ու գունեղ:

Աթվուդից մի մասնիկ՝ ձեր նշած քաղաքացուն, տեսնում ենք վեպի կենտրոնական թեմաներից մեկի՝ ազգային ինքնության արծարծման պահին: Աթվուդը նշում է, որ կանադական գրականության մեջ կանադացիները միշտ ներկայացված են զոհի դերում, եւ այս վեպում գոյատեւման գաղափարը կապվում է ամերիկյան նվաճման սպառնալիքին:

Հերոսուհու եւ ընկերների հետ շփումների միջոցով ընթերցողը աստիճանաբար բացահայտում է ֆեմինիստին եւ բնապահպանին: Վեպում զգալի են հատկապես էկոֆեմինիզմի նոտաները, այսինքն կանանց ճնշումները ուղիղ կապ ունեն հասարակության մտայնության հետ, որը հանգեցնում է բնական միջավայրի շահագործմանը:

-Նա կորցրել էր երեխային, որն «ի սկզբանե նրանը չէր», բայց նորից կրում էր երեխայի...

-Հերոսուհին երեխային կորցնելու պատճառով տանջվում է մեղքի զգացումից ու երբ որոշում է նորից երեխա ունենալ, ցանկանում է ցույց տալ, որ երեխայի ծնունդը կնոջ «ուժն» է, ոչ թե տղամարդունը: Աբորտից հետո է հերոսուհին հատկապես խոր կարեկցանք ու սեր զգում դեպի բնությունը:

-Հոր անհետացումը, ջրի մեջ՝ մինչեւ շնչահեղձ լինելը հոր նկարած վիմապատկերներ որոնելը զուտ այլաբանությո՞ւն են, խորհրդապատկերնե՞ր։

-Վիմապատկերների միջոցով փորձում է բացահայտել անիմանալի, հինավուրց իմաստնությունները, որոնք մարդուն եւ բնությունը կապող կարեւոր օղակ են:

-Ինչո՞ւ է փչացնում ժապավենը։

-Ժապավենը փչացնելու պահին հերոսուհու խորշանքը եւ զայրույթը հասնում են գագաթնակետին: Նախ Դեյվիդը փորձում է նկարել սպանված ձկնկուլին, որը վեպում խաչված Քրիստոսին է խորհրդանշում: Հերոսուհին բնության գեղեցկության, կենդանիների ոչնչացումը շաղկապում է ամերիկացիների, նվաճողների հետ, նրանց ես-ի արտացոլումն է համարում:
Լիլիթ Քալաշյանը Լիլիթ Քալաշյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


Կադրերում նաեւ շպարված Աննան է, իսկ շպարը հասարակության պատկերացումն է կանացիության մասին, որը մարդիկ փորձում են պարտադրել կնոջը: Աննային մորեմերկ նկարելով՝ Դեյվիդը ի ցույց է դնում իր վերաբերմունքը Աննայի եւ պատմողի, ընդհանուր առմամբ կանանց հանդեպ, այն է՝ նրանց առարկայացնելը: Դեյվիդը վեպում տղամարդկային իշխանության մարմնացումն է, եւ այս կադրերը վերացնելով՝ հերոսուհին փորձում է ոչնչացնել մարդու ամենակործան ձեռքի թողած հետքերը եւ կանանց հանդեպ հասարակության կաղապարները:

-Գրքի վերջում ասվում է՝ «լարված առաջ եմ գնում դեպի պահանջներն ու հարցերը»։ Նա պատրա՞ստ էր առերեսման։ Ինքն իրեն գտնելու փորձը հաջո՞ղել էր։ Թե՞ պարզապես երբեք չի ավարտվում ազատության համար մղվող պայքարն ու ինքնության փնտրտուքը։

-Վերջում հերոսուհին իրեն փորձում է ձուլել բնությանը եւ այլեւս չի ուզում վերադառնալ «տղամարդկային» աշխարհ, որը սկզբնապես ոչնչացրել էր նրան: Բայց վեպի ավարտին հասարակություն վերադարձի քայլ է անում՝ արդեն որպես փոխված մարդ: Նա ըստ էության բացահայտում է իրեն: Արթնացումը հենց կնոջ գիտակցության արթնացումն է, նրա պայքարը «ազատության» համար: Վեպի ավարտին պատմողը շրջում է հայելին, որ ոչ թե իրեն չտեսնի, այլ պարզապես սկսի իսկապես տեսնել: Ինչպես արդեն նշեցի, նա խորհրդանշական կերպով սուզվում է լիճը ու նորից մակերես դուրս գալիս՝ վճռականությամբ լցված, որ այլեւս զոհ չի լինելու: Բոլոր հոգեբանական փոխակերպումները, որոնց միջով անցնում է հերոսուհին, ստիպում են նրան վերարժեւորել հասարակության պահանջները, եւ հենց այդ պահին է նա որոշում կայացնում՝ պիտի կրկին միանա հասարակությանը ու փորձի պայքարել իրեն կեղեքող ճնշումների դեմ:

-Թարգմանության ընթացքի մասին ի՞նչ կասեք։ Դժվարություններ, որ հաղթահարել եք «Արթնացումը» թարգմանելիս։

-Ամենամեծ դժվարությունը հերոսուհու մտքերի դինամիկան էր: Խրթին էր հատկապես «խելագարության» սահմանագիծը պահելը, երբ թարգմանվածքից պիտի ակնառու լինի հերոսուհու փոխակերպումը: Այսինքն, եթե վեպի սկզբում հերոսուհու բոլոր քայլերն ու որոշումները ավելի գծային եւ տրամաբանված են, վեպի վերջին մոտենալով՝ մտքերն ավելի քաոտիկ են դառնում, լեզվականորեն դա արտացոլելը, համապատասխան շարահյուսական ու քերականական միջոցներին դիմելը բավականին մեծ եռանդ են խլել:

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին