«Մայրիկ, ես սիրում եմ քեզ». բոլոր ժամանակների գրող Սարոյանը - Mediamax.am

exclusive
21933 դիտում

«Մայրիկ, ես սիրում եմ քեզ». բոլոր ժամանակների գրող Սարոյանը


Ուիլյամ Սարոյանը
Ուիլյամ Սարոյանը
Ուիլյամ Սարոյանը
Ուիլյամ Սարոյանը

Լուսանկարը` Getty Images


«Անտարես» հրատարակչությունը Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ ընթերցողին է ներկայացնում Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» (Mama, I love you) վեպի նոր հրատարակությունը: Զավեն Բոյաջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գիրքը հրատարակվում է վերանայված թարգմանությամբ:

 

-«Հայրիկ, դու խենթ ես» վիպակի տասնամյա տղան եւ՛ Արամն է, եւ՛ ինքը՝ Սարոյանը: Ձեր իսկ բնորոշմամբ՝ «Հայրիկը» խիստ կարեւոր գործ է, ի՞նչ կասեք «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպի մասին, որտեղ Սարոյանը իննամյա աղջնակի  հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերություններն ու թատրոնի աշխարհը: Եվ կարծես կա՞պ կա երկու գրքերի միջեւ:

 

-Այս  գործերը լույս տեսել են մեկ տարվա տարբերությամբ. «Մայրիկը»՝ 1956-ին,  «Հայրիկը»՝ 1957-ին, ընդ որում՝ Սարոյանն առաջինը ձոնել է դստերը՝ Լուսիին, երկրորդը՝ որդուն՝ Արամին: Լուսի Սարոյանը 1956-ին տասը տարեկան էր՝ համարյա վեպի հերոսուհու հասակակիցը, Արամ Սարոյանը 1957-ին տասնչորս տարեկան էր՝ չորս տարով մեծ «Հայրիկի» հերոսից:

 

Իհարկե, ի դեմս գրքերի անչափահաս հերոսների գրողի զավակներին տեսնելու գայթակղությունը մեծ է, բայց ինչպես իրավամբ նշել եք, տասնամյա տղան եւ իննամյա աղջնակը ամենից առաջ գրական կերպարներ են, որոնք եթե նույնիսկ ինչ-ինչ ընդհանուր գծեր էլ ունեն հեղինակի զավակների հետ, առաջին հերթին նրա ինքնության եւ երեւակայության գեղարվեստական մարմնավորումներն են:

 

Ինչ վերաբերում է այս գրքերի համեմատական արժեւորմանը, «Հայրիկն» ավանդաբար ավելի բարձր է գնահատվում իր բովանդակային խորքով ու ընդգրկմամբ, իսկ «Մայրիկն» ընդունված է համարել առավելապես թեթեւաշունչ թատերական վեպ, որը հաճելի ընթերցանություն է ապահովում, բայց բավական սենտիմենտալ է եւ «քաղցրահամ», մանավանդ որ Սարոյանին հաճախ են մեղադրել սենտիմենտալության համար (նա այդ մեղադրանքին հակադարձում էր՝ հավաստիացնելով, թե անհնար է մարդ լինել եւ սենտիմենտալ չլինել):

 

Ինչեւէ, «Մայրիկի» պարագայում չարժե հաշվից դուրս թողնել լուրջ բաների մասին հենց թեթեւ շնչով ու հումորով խոսելու սարոյանական զարմանահրաշ վարպետությունը:

 

Գրողի հասցեին հնչած եւս մի մեղադրանք, այն է թե՝ նրա գրականությունը հակված է մխիթարելու ընթերցողին՝ յուրատեսակ սփոփիչ հաբի դեր կատարելով, թերեւս բխում է  ի թիվս այլ իրողությունների այդ ֆենոմենալ վարպետության գործոնը, նրա նրբակերտ գրողական ոճի այս առանձնահատկությունը թերագնահատելուց: 

 

- Փոքրերի աշխարհը պարզ է, հստակ, մեծերը շփոթված են, հավակնոտ, քմահաճ: Սա Սարոյանի ստեղծա՞ծ աշխարհն է, թե՞ իսկապես շատ բան ունենք սովորելու երեխաներից:

 

-Այո, Սարոյանը համոզված էր, որ շատ բան ունենք սովորելու երեխաներից, ավելին, նա արտակարգ բարձր էր դասում ներքուստ երեխա մնալու, իրերի եւ երեւույթների՝ մանկան պարզ, անխաթար ընկալումը պահպանելու, այս իմաստով «չմեծանալու» ընդունակությունը: Երեխաներն են նրա շատ գործերի հերոսները: Նա ինքն էլ մեծ երեխա էր կյանքում: Ըստ էության, հենց մանկան անաղարտ ու աննախապաշար հայացքն է դարձել գրողի նրա տեսանկյունը, նույնիսկ եթե ստեղծագործությունը բնավ էլ երեխաների մասին չէ: Սարոյանական նշանավոր օտարման էֆեկտը՝ ամեն ինչին ասես առաջին անգամ, կողքից, «վերացած» հայացքով նայելու եղանակը, իրոք հենված է տիպիկ մանկական անկեղծ աշխարհայացքի վրա: Եվ սա դարձել է Սարոյան գրողի անշփոթելի հատկանիշը, նրա գրականության ամենաճանաչելի նշաններից մեկը:

 

- Երեխայի ուզածը մեծ բեմը չէ, այլ ընտանիքը, որտեղ բոլորը միասին են: Ի վերջո Աղջիկ մայրիկն էլ է խոստովանում, որ ընտանիքը ամեն ինչ է ու միշտ ամեն ինչ է եղել («Դե, ընտանիքն էլ կազմվում է միայն  ամուսնանալով, բայց ցավն էն է, որ ամուսնական կյանքը դժվար է, գրեթե անհնար»: «Մենք բաժանված ենք, բայց միայն բաժանվելուց հետո բարեկամներ դարձանք»): Այս պարադոքսն այդպես էլ լուծում չի գտնում գոնե այս ստեղծագործության մեջ: Ի՞նչ է մնում վեպից, մեծ հաշվով ի՞նչ է ասում այն ընթերցողին:

 

- Սարոյանի գործերում անձնական կյանքի այլեւայլ կողմերի թվում արտացոլվել է եւ նրա ընտանեկան փորձառությունը: Գրողի պատկերած ընտանիքն ամենից հաճախ կիսատ է կամ թերի, ինչպես որ Սարոյանին, հակառակ նույն կնոջ հետ երկու անգամ ամուսնանալու հանգամանքին, այդպես էլ չհաջողվեց լիարժեք ընտանիք կազմել: Նման ընտանիքի անհնարինությունը (կամ անհաս երազը) դարձավ Սարոյանի թե՛ անձնական կյանքի, թե՛ գրականության իրավիճակն ու դրամատիկ մոտիվներից մեկը: Նրա հերոսները գրողի պես գիտակցում են չմասնատված, միասնական եւ ներդաշնակ ընտանիքի ամբողջ կարեւորությունն ու անհրաժեշտությունը, բայց եւ դրա անկարելիությունը:

Ուիլյամ Սարոյանը Ուիլյամ Սարոյանը

Լուսանկարը` Getty Images

Ուստի Սարոյանի պատկերած ընտանիքը եթե նույնիսկ ֆիզիկապես անհամատեղելի է, ապա շարունակում է իրեն պատկերացնել որպես անտեսանելի թելերով կապված հոգեւոր միասնություն, յուրայինների կամ հարազատների վերացական միություն: Այսպիսով, ընտանիքը Սարոյանի գործերում ավելի շատ հոգեւոր հասկացություն է, քան ֆիզիկական: Համատեղ զավակներն են առնվազն այդ ընտանիքին միավորող ուժը, չնայած ամուսնալուծությանը՝ իրար պատկանելու, անվերանալի ընդհանրությամբ աղերսված լինելու եւ ուղղակի բարեկամ մնալու գիտակցության հենքը: Ասել է թե՝ ընտանիքը մի բան է, որ մեկընդմիշտ տրված է մարդուն՝ որպես անհերքելի, անշրջանցելի իրողություն: Եվ կիսատ ընտանիքի մոդելն անգամ, որ շատ է հանդիպում սարոյանական երկերում («Մայրիկ»-ում՝ մայր եւ դուստր, «Հայրիկ»-ում՝ հայր եւ որդի), հաստատում է գրողի այս աներեր համոզմունքը: 

 

- Գիրքը խոշոր պլանով ներկայացնում է դժվարությունները, որ հաղթահարում է արտիստը հաջողության հասնելու ճանապարհին: Թվում է, թե ավելի լավ հնարավոր չէ պատկերել ետնաբեմը: Բայց ինչի՞ համար են այս մանրամասները:

 

-Սարոյանը, իհարկե, քաջածանոթ էր թատրոնի եւ կինոյի աշխարհին եւ՛ անձնական ծանոթությունների ու կապերի առումով, եւ՛ մասնագիտության բերումով: Նա բազմաթիվ պիեսների հեղինակ է («Քո կյանքի ժամերը» 1940-ին արժանացել է Փուլիցերյան հեղինակավոր մրցանակին եւ Նյու Յորքի թատերական քննադատների պարգեւին, էկրանավորվել 1948-ին, «Հե՛յ, ո՞վ կա»-ն՝ 1942-ին ներկայացվել Բրոդվեյում), քանիցս սեփական պիեսները բեմադրել է թատրոնում, 1942-ին իր սցենարով նկարահանել «Լավ գործը» կարճամետրաժ ֆիլմը, «Մարդկային կատակերգությունը», որ 1943-ին «Օսկար» է ստացել լավագույն գրական  սկզբնաղբյուրի համար, նախ գրվել է որպես կինոսցենար եւ նոր միայն վեպի վերածվել: Արտիստական միջավայրի եւ թատերական աշխարհի սարոյանական իմացությունը «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպն օժտել է հավաստի գույներով, պատումը դարձրել լարված ու դրամատիկ, բազում ճշմարտացի, խորաթափանց դիտարկումներ եւ բնորոշ մանրամասներ ներմուծել սյուժե: Այս ամենը, բնականաբար, տիպիկ սարոյանական բովանդակության կողքին հավելյալ հետաքրքրություն է հաղորդել վեպին: 

 

-«Բոլորս էլ դժբախտ ենք կյանքում, բայց չգիտենք ինչ անենք»,- ասում է Աղջիկ մայրիկը, նա ուզում է, որ «աշխարհն ավելի լավը լինի հենց ինքն իրենից», ու չնայած տրտունջներին, այս վեպը ավելի շատ երջանկության մասին է:

 

- Այդ պարադոքսի մեջ է ամբողջ Սարոյանն իր զարմանալի աշխարհընկալմամբ, երջանկության անհագ ծարավով՝ հակառակ կյանքի դրամատիզմին, հակասություններին ու բոլոր խոչընդոտներին: Սարոյանը երես չի թեքում, չի փախչում այդ ամենից, նա խոսում է հույսի, հավատի, երջանկության, մարդկայնության մասին ի հեճուկս բոլոր դժվարությունների: Նա մեր մեջ արթնացնում է այն լավագույնը, որին ընդունակ ենք առհասարակ:  

 

- «Փողի ու մեքենաների աշխարհում արվեստը չպետք է ինչ-որ քնքուշ ծաղիկ լինի»,- ասում է կոմպոզիտոր հայրը, որ սիրում է իր գործն ու միաժամանակ պնդում, թե հարկավոր է փող էլ վաստակել: Ինձ դուր եկավ այս միտքը, մեր օրերի համար շատ կիրառելի է: 

 

-Ինձ էլ է դուր գալիս: Դրա մեջ մեծ ճշմարտություն կա: Զուր չէ, որ Սարոյանը բոլոր ժամանակների գրող է:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին